Լրահոս

25.08.2009 19:24


Կարեն Բեքարյան. «Ի՞նչն է փոխվել երկրորդ նախագահից երրորդ նախագահ շրջանում»

Կարեն Բեքարյան. «Ի՞նչն է փոխվել երկրորդ նախագահից երրորդ նախագահ շրջանում»

-Քաղաքականության գույները սև և սպիտակ չեն, այն ավելի բազմերանգ է։ Այն, որ Թուրքիան իմիտացիոն գործընթաց ունի և կունենա, կարծում եմ, կասկած չի հարուցում։ Կա մեկ այլ հարց։ Արդյո՞ք դա հիմք է այդ պետության հետ հարաբերություններ չհաստատելու համար։ Երկրները բարի կամքով չէ, որ առաջ են շարժվում, այլ շահերով։ Դիմացի կողմի խնդիրն է կարողանալ անգամ այդ իմիտացիայի ժամանակ հետամուտ լինել սեփական շահերին,- «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։

Նա նաև նշել է, որ չի կիսում որոշ քաղաքագետների և գործիչների այն կարծիքները, որ հարաբերությունների մեջ մտնել ընդհանրապես չարժեր։ Նրա կարծիքով, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ «ուղղակի խոսքերն առանց գործողությունների գրեթե ոչինչ չեն ասում»։

-Հայաստանի նախորդ իշխանությունների կողմից առաջադրվում էր թեզը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների։ Ի՞նչն է փոխվել երկրորդ նախագահից երրորդ նախագահ շրջանում։ Թեզը սկզբունքորեն նույնն է, բայց այդ թեզին գումարվել է  նաև շատ կոնկրետ քայլ, գործողություն, նախաձեռնություն՝ Թուրքիայի նախագահին ֆուտբոլային խաղին գալու հարվեր է արվել,- ասել է նա։

Բեքարյանը համոզված է, որ երկար ժամանակ պետականության բացակայության պատճառով «մենք խռովկան ենք դարձել, և այն, որ նախագահի նախաձեռնությունը չի ընկալվում, դա «մանկական հիվանդության» հետևանք է»։

Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով, Կարեն Բեքարյանը նշել է, որ երբևէ պետք  չէ պատկերացնել, թե որևէ հայաստանյան իշխանություն կփորձի բանակցել Թուրքիայի հետ Ղարաբաղի վերաբերյալ.

- Այդ բոլոր քաղաքական մանիպուլյացիաներից պետք է դուրս գալ, կան խնդիրներ, որոնք շատ ավելի բարձր են, քան այն ամբողջ աղբը, որը եղել է, կա ու կլինի մեր քաղաքական դաշտում,–հայտարարել է հանրային խորհրդի անդամը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը