Քաղաքական

16.05.2014 12:13


Քվեաթերթիկն ինքնաթիռ դարձնելը բացառող Ուրիխանյանի նախագիծը ՀՀԿ–ն միանշանակ չի ընդունում

Քվեաթերթիկն ինքնաթիռ դարձնելը բացառող Ուրիխանյանի նախագիծը ՀՀԿ–ն միանշանակ չի ընդունում

Այսօր տեղի ունեցած ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մշակած նախագիծը։

Նա առաջարկում է լրացում կատարել «ՀՀ ընտրական օրենսգրքում», որով կբացառվի հատուկ ձևով ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը:

ԱԺ հանձնաժողովի այսօրվա նիստում Ուրիխանյանն այս լրացման անհրաժեշտությունը պայմանավորել է ընտրակեղծիքների դեմ պայքարի անհրաժեշտությամբ։

ՀՀԿ–ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարցին ի պատասխան էլ՝ ուսումնասիրե՞լ է միջազգային փորձը, Ուրիխանյանն ընդգծել է.

–Ես ապրում եմ ՀՀ–ում, հպարտ եմ, որ օրենսդիր մարմնի անդամ եմ, առաջնորդվում եմ իմ խղճով, իմ տրամաբանությամբ, այն վառ իրականությամբ, որտեղ ապրում եմ, և առաջնորդվում եմ առկա իրողությամբ,–ասել է Ուրիխանյանը՝ բերելով նախորդ ընտրություններում քվեաթերթիկները տարբերակող ձևով ծալելու օրինակները.

–Մի քանի հազար քվեաթերթիկներ կոնկրետ երկրաչափական, կանխամտածված ձևով արտաբերել են ընտրողների տվյալները. նրանք ակնհայտորեն տարբեր են ծալվել։ Այս նախագծով ես առաջարկում եմ արգելել քվեաթերթիկների տարբերակումը։ Պարզ է՝ ինքնաթիռ դարձրած քվեաթերթիկը ակնհայտ ցույց է տալիս, որ այն չի կարող վավեր լինել։

Հարակից զեկուցող, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը քաղաքական մեծամասնության պատրաստակամությունն է հայտնել պայքարել վերահսկվող ընտրությունների դեմ, միաժամանակ, սակայն, առաջարկել է նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը հետաձգել մեկ տարով։

–Խնդիրը, որն առկա է, այս նախագծով չի լուծվում. հակառակը՝ ավելի ենք շփոթության մեջ դնում, և հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ ընկալման գործիք ենք դարձնում անվավեր քվեաթերթիկների ճանաչումը։ Հանձնաժողովի անդամը կարող է քվեաթերթիկը ձեռքի մեկ շարժումով ծալել՝ դարձնելով անվավեր։ Մենք լրացուցիչ գործիք ենք տալիս հանձնաժողովին՝ որոշելու՝ քաղաքացու կամարտահայտությունն անվավեր ճանաչել, թե ոչ,–ասել է Հ. Սահակյանը։

Օրինագիծը մինչև մեկ տարով հետաձգելու Սահակյանի առաջարկն Ուրիխանյանը մերժել է։

–Հետաձգելու մասին խոսք լինել չի կարող,–ասել է նա։

Այս պահին հանձնաժողովի նսիտն ընդմիջվել է։ Այն կշարունակվի 13:30–ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 23–ին Կառավարությունը մերժել էր այս օրինագիծը։ Ավելի վաղ՝ «7օր»–ի հետ հարցազրույցում, Ուրիխանյանը հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր դեմ կքվեարկեն այդ նախագծին, կնշանակի՝ կողմնակից են վճարովի ձայներ ձեռք բերելուն, կեղծված, ոչ թափանցիկ ընտրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը