Մեկնաբանություն

20.05.2014 00:02


«Վերջի բոլշևիկի» վերջին ծրագիրը

«Վերջի բոլշևիկի» վերջին ծրագիրը

Հայաստանի սահմանադրության համաձայն՝ ՀՀ կառավարությունն իր կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում ներկայացնում է իր ծրագիրն ԱԺ–ին։

«Հովիկ Աբրահամյան & Co»–ն արդեն ներկայացրել է այդ ծրագիրը։

Նկատենք, որ ծրագիրը հագեցած է կենացատիպ ցանկություններով և լղոզված խոստումներով։ Կենացային ցանկություններին հասնելու գործիքակազմ ներկայացված չէ։ Չկա կոնկրետություն։ Իսկ դա նշանակում է, որ ծրագիրը տիգրանսարգսյանականից տարբերվում է միայն «նյուվասյուկիստական» բլեֆների բացակայությամբ, ինչն, անշու՛շտ, առաջընթաց է, սակայն, ինչպես Սերժ Սարգսյանի տատը կասեր, մենք դրա՞ համար էինք հավաքվել։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի մասին։

ԱԺ–ին ներկայացվածն, իրականում, հենց նրա՝ «Վերջի բոլշևիկի» ծրագիրն է։ Վերջի՛ն ծրագիրը։

Բանն այն է, որ կառավարության ծրագրի նախաբանում բարեկեցիկ կյանքի ապահովումն ու երկրի զարգացումը կապվել է սահմանադրական բարեփոխումների հետ։ Իսկ դա նշանակում է, որ այս կառավարության ու անձամբ Հովիկ Աբրահամյանի վրա դրված է քաղաքական շոուներով ու թամաշաներով հանրային և քաղաքական կյանքը լցնելու գործը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի նեոբոլշևիկյան բնույթի սահմանադրությունն ացնկացնելու ֆունկցիան։ Ուրիշ ոչ մի բան չի անելու այս կառավարությունը և եթե ուզենա էլ, ապա չի կարող անել, քանզի ծրագրով արդեն իսկ ֆիքսվել է նրա բուն անելիքը՝ վերարտադրության ապահովումը։

Ուշադրույթու՛ն դարձրեք. այս կառավարությունն իր ծրագրով ոչ մի բան չի խոստանում հանրությանն ու բիզնես դաշտին և ոչ մի կոնկրետ պարտավորության տակ չի մտնում։ 5 տոկոս տնտեսական աճի ապահովման խոստումը պարզապես ծիծաղելի է երկնիշ ինֆլյացիայի պարագայում (չի նշվում՝ իրակա՞ն, թե՞ անվանական ՀՆԱ աճ): Դե իսկ աղքատության երկնիշ տոկոսային կրճատում ՀՀԿ ղեկավարը խոստացել էր նաև Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ, սակայն տեսանք, թե ինչ եղավ իրականում (մանավանդ, որ «նոր» կառավարության ծրագրում որպես «ատմազկա» է «էս գլխից» ներկայացված արտաքին գործոնների ազդեցությունն ու առանց այն էլ խղճուկ խոստումների չկատարմանը նպաստող ռիսկերը)։

Միակ կոնկրետությունը որ կա ներկայացված ծրագրում՝ սահմանադրական փոփոխությունների խոստումն է, որը բացարձակապես կապ չունի հանրային ակնկալիքների հետ։ Կրկնենք՝ դա «Վերջի բոլշևիկի» վերարտադրության ծրագիրն է։

Այնպես որ ոչիշխանական ուժերը միայն այդ կետի՝ սահմանադրական փոփոխությունների, համար պետք է խոտանեն կառավարության ծրագիրը (հուսով եմ, որ ՀՅԴ–ում հասկանում են խորհրդարանական ու խորհրդային կառավարման մոդելների տարբերությունը, հատկապես որ ՀՀԿ խոսնակի շուրթերով Սերժ Սարգսյանը չթաքցրեց, որ ուզում է տնաբույծ Բրեժնև կամ եթե ստացվի՝ Ստալին դառնալ) և միասնական որոշում կայացնեն՝ բոյկոտելով ծրագրի քվեարկությունը կամ միասնաբար դեմ քվեարկելով (մեծ հաշվով, երկու տարբերակն էլ նույն էֆեկտն է ունենալու)։

Ինչ վերաբերում է հետագա քաղաքական զարգացումներին, ապա պետք է խթանել արտահերթ համապետական ընտրություններ հասնելու քայլերը՝ լինի դա նախագահական, թե խորհրդարանական, ինչպես նաև զուգահեռաբար պատրաստվել սահմանադրական փոփոխությունները տորպեդահարելուն և սահմանադրական փոփոխությունների գործընթացը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու ակտի վերածելուն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ամեն մի կառավարության ծրագրի և բյուջեի նախագծի ընդունված է որևէ անուն դնել։ Իմ խորին համոզմաբ՝ այս ծրագիրը հանգիստ կարելի է նեոբոլշևիկյան համարել։

Այս խորագրի վերջին նյութերը