Մեկնաբանություն

23.05.2014 11:41


Ո՞րն է Հովիկ Աբրահամյանի կառավարության հենարանը

Ո՞րն է Հովիկ Աբրահամյանի կառավարության հենարանը

«Նոր» կառավարության ծրագրի ընդունումն անցավ անցավ։ Իսկ առանց ցավերի էր ծրագրի ընդունումն այն պարզ պատճառով, որ ՀՀԿ–ն կարողացել էր մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները՝ ներառյալ հարբածներին, «պայթածներին», լրագրողներին «ձեռք գցողներին» և ուրիշի փոխարեն քվեարկողներին։ Արդյունքում ստացվեց 70 կողմ ձայն։ Բայց ասել, որ «նոր» կառավարությունն ունի ներթիմային վստահություն, սխալ կլինի, քանզի նույն այդ խորհրդարանական մեծամասնությունը, որի առանձին անդամներ հիմա անարգանքի սյունին են գամում Տիգրան Սարգսյանին, ձայներ է ապահովել նաև նախորդ կառավարության համար։ Այսինքն, գործել է Բաղրամյան 26–ի հրահանգով։

Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում ներկայացնելիս Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ներթիմային կասկածներ կան նրա հանդեպ։ «Ներթիմային» ասելով Սարգսյանն ինքն իրեն նկատի ուներ, քանզի ՀՀԿ–ի պահով թիմ կոչվածը շատ հարաբերական հասկացություն է։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը կառավարության պատկանելության առումով երեկ շատ ուշագրավ հարցադրմամբ հանդես եկավ։

«Հայաստանը փոքր երկիր է, և համարյա բոլորը գիտեն, թե ով ինչ է անում, և տարբեր տեսակի «.am»-ների և թերթերի ֆինանսավորողները՝ պապաները, և անգամ մամաներն ովքեր են։ Այդ ԶԼՄ–ի կողմից կա ուղղակի հարձակում Հանրապետական նորանշանակ Կառավարության վրա։ Այսինքն, ես հասկանում եմ, որ իշխանության մեջ կա լրջագույն պայքա՛ր, որովհետև գիտենք, թե որտեղից են ֆինանսավորվում այդ «.am»-ներն ու թերթերը։ Հարց է ծագում՝ դուք Հանրապետական իշխանության Կառավարությո՞ւնն եք, թե ոչ։ Որովհետև այն հարձակումը, որն այսօր կա, խոսում է այն մասին, որ դուք խորթ զավակ եք»,– իր ելույթում նշել էր Արսենյանը։

Եվ իրոք, Բաղրամյան 26–ից կառավարվող «Գեբելսյան» քարոզչամեքենան «փչացնում» է Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն թեզը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը սրտի խոր կսկիծով հեռացրեց Տիգրան Սարգսյանին և հանգամանքների բերումով ու նույն կսկիծով վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին։

Հիմա հարց է առաջանում՝ բա ո՞ւմ է ներկայացնում այս կառավարությունը։ Ասել, որ այն վայելում է խորհրդարանի ՀՀԿ–ական մեծամասնության, ՕԵԿ–ից «թռած» գործարար–պատգամավորի և կառավարության ծրագրին կողմ քվեարկած «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանի վստահությունը հա՛մ ճիշտ է, հա՛մ սխալ։ Վերևում արդեն նշեցի, թե ինչու։

Հովիկ Աբրահամյանը չի վայելում նաև ոչիշխանական քառյակի և ՕԵԿ–ի աջակցությունը։ Հանրային աջակցության մասին խոսելն էլ ավելորդ է, քանզի Սերժ Սարգսյանի ձևավորած ցանկացած կառավարություն ի սկզբանե չի կարող ունենալ հանրային վստահություն։

Ստեղծված իրավիճակում Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ կցվել Սերժ Սարգսյանին և շարունակել տխրահռչակ Տիգրան Սարգսյանի գիծն ու շատ չանցած՝ արժանանալ դաժան ճակատագրի, կա՛մ երկխոսություն սկսել հանրության հետ։ Երկուսը համատեղել հնարավոր չէ, քանզի Սերժ Սարգսյանը հակահասարակական ու հակապետական մտածողության կրող է, ու տարբերակ չկա, երբ դու նորմալ քայլեր ես անում և միևնույն ժամանակ արժանանում «Վերջի բոլշևիկի» հավանությանը։

Կյանքը ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանը չի շեղվում Սերժ Սարգսյանի նախանշած ուղուց, այսինքն՝ գնում է ինքնակործանման ճանապարհով։ Նման դեպքում դժվար է «նոր» կառավարությանը բարի ճանապարհ մաղթելը, քանզի Սերժի վերարտադրությանը նպաստող սահմանադրական փոփոխությունների պարտավորություն ստանձնած կառավարության ու դրա ղեկավարի վերջը մշուշով է պատված ու ոչ նախանձելի։

Ինչպես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կանխատեսեց, շուտով Հովիկ Աբրահամյանը կա՛մ շատ կարճ ժամանակում հրաժարական է տալու, կա՛մ իրեն հեռացնելու են։

Թե ինչ ճակատագրի կարժանանան անհենարան այս կառավարությունն ու անձամբ Հովիկ Աբրահամյանը, պարզ կդառնա շատ շուտով։

Մեկ բան ակնհայտ է՝ եթե այս կառավարությունը քափ ու քրտինքի մեջ մտած փորձի սահմանադրական փոփոխությունների «նաղլն» անել, ապա Սերժ Սարգսյանի փաթեթի մեջ կհայտնվի ու փաթեթային լուծման կարժանանա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը