Մեկնաբանություն

23.05.2014 13:33


«Վերջին զանգը» Բաղրամյան 26-ում

«Վերջին զանգը» Բաղրամյան 26-ում

Արևի տակ ոչինչ հավերժ չէ։ Շուտով կմոտենա նաև իշխանության «Վերջին զանգը»։ Բնականաբար, պետք է նախապատրաստվել հանդիսավոր կերպով «հաջողություն» ասելուն։ Դա տեղի կունենա այն պահին, երբ Սարգսյանին կթվա, թե ինքը հաջողացրել է իր՝ հավերժ իշխանություն ունենալու ծրագիրը։

Ինչ վերաբերում է բուն արարողությանը, ապա դատելով 6 տարիների ընթացքում հրապարակային միջոցառումներում իշխանությունների զավեշտալի կիքսերից՝ շտապ հարկավոր է գրագետ «վիպուսկնոյի» սցենար։

Մենք սիրով ու սիմվոլիկ գնով կտրամադրենք այն։ Խնդրում ենք չհավատալ պատահական մարդկանց ու կազմակերպությունների գլուխգովան խոստումներին։ Տեսա՞ք՝ ինչ օրն են գցել ձեզ PR-ի ձեր մասնագետները։

Իշխանության «Վերջին զանգի» միջոցառման սցենարում հաշվի կառնվեն հեռացողներից յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու ընկալման ունակությունները։

Օրինակ՝ որպեսզի պահպանվի օրվա խորհրդի հուզականությունը, պետք է ճշգրիտ հաշվարկվի, թե ով ում վզին է նստած լինելու, ով է թափահարելու զանգակը, ով է հուզմունքից լացելու, ով՝ ասմունքելու, ում թշերից է պետք քաշքշել, ում ճաղատը փայլեցնել ...

Ելույթներում ևս պետք է բացառել անիմաստ մարդկանց հայտնվելը (հիշո՞ւմ եք «Чебурашка»-ի պատմությունը)։

Շատ կարևոր է նաև, որ ոմանք «վիպուսկնոյը» չխառնեն «ВДВ»-ի օրվա հետ։

Բարեմաղթանքներում ևս պետք է լինի անհատական մոտեցում։ Ասենք, բոլորը պետք է իմանան, թե ինչ են գրելու Հրանուշ Հակոբյանի սպիտակ «ֆարտուկին»։

Հանդիսության ձևական ատրիբուտները ևս պետք է պահպանվեն։ Ասենք՝ կնահաճությունը։ Դրա վերահսկողությունը կարելի է վստահել, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետին կամ Ավշարի Արայիկին (միայն թե խմած չլինի)։

Սցենարում ընդգրկված կլինեն հեռացողների ձեռքբերումները, ինչը պետք է երևացող լինի։ Սեղաններին դրված կլինի «Լուս աստղ», տարածքում տեղադրված կլինեն արագաչափ սարքեր, կլինեն կարմիր գծանմուշներ ... Կընթերցվի Աբդուլլա Գյուլի «sms»–ը Սերժ Սարգսյանին։

Վերջապես, կօգտագործվեն չգործող, բայց թանկարժեք 2 բիոզուգարանները։

Միջոցառման մասնակիցներն էլ պետք է բաժանված լինեն ըստ կորսված բարոյականության աստիճանի՝ հանցագործներ, հաճախորդներ, «մուտիլովշիկներ», «ժելեոտածներ», նորաբնակներ, հնաբնակներ, զառամյալներ և այլն։

Տիգրան Սարգսյանը հրավիրված չի լինի. նրա «Վերջին զանգն» արդեն հնչել է։

Եվ ամենակարևորը՝ իշխանության «վիպուսկնոյի» սցենարում հստակ պետք է երևա գիծը, որ միջոցառման մասնակիցներն այլևս մտնում են կյանքի նոր փուլ։

«Վերջին զանգի» հանդիսությունների կազմակերպման

«7օր»-ի մասնագիտական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը