Լրահոս

28.08.2009 13:43


Արփի Վարդանյան. «Կալիֆոռնիայի դատարանի վճիռը հետ է գցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը»

Արփի Վարդանյան. «Կալիֆոռնիայի դատարանի վճիռը հետ է գցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը»

-Կալիֆոռնիայի դատարանի դատավճիռն իսկապես խայտառակություն է։ 3 դատավորներից երկուսը, ովքեր կողմ են եղել դատավճռին, հաշվի չեն առել բոլոր փաստերը։ Նրանք հաշվի չեն առել, օրինակ, որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն օգտագործել է Ցեղասպանություն բառը։ Այն ամեն տարի օգտագործում է նաև Կալիֆոռնիա նահանգի նահանգապետը՝ Առնոլդ Շվարցենեգերը, իսկ մի քանի նահանգների դպրոցներում դասավանդվում է Հայոց ցեղասպանության մասին,- «Որբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ամերիկայի հայկական համագումարի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը։

Ինչ վերաբերում է այս հարցում թուրքական լոբբիի հաղթանակին, ապա Արփի Վարդանյանը նշել է, որ չի կարող ասել՝ թուրքական լոբբին հաղթանակ տարե՞լ է, թե՞ ոչ, քանի որ տեղեկություններ չունի նրա՝ հաղթանակի հասնելու համար ակտիվորեն աշխատելու մասին։

-Եվ երկրորդ՝ հայկական լոբբին չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել։ Աշխարհի ժողովուրդն է պարտվել, եթե մի դատարան կարող է նման որոշում կայացնել։ Ժխտելով ճշմարտությունը՝ աշխարհի ժողովուրդն է պարտվում և վտանգի տակ հայտնվում։

Այնուամենայնիվ, դեռևս դեկտեմբերին Թուրքիայի դեսպանատունը նամակ էր ուղարկել դատավորներին, որոնք, սակայն, ասել էին, որ այդ նամակը հաշվի չեն առել, իսկ հաշվի առնելու դեպքում էլ իրենց դիրքորոշումը չի փոխվելու։

-Նույնիսկ եթե չկարդաս, չտեսնես, միևնույն է, արդեն գիտես դրա մասին։ Եվ եթե նման նամակ ստացել էին, ապա ինչո՞ւ Հայաստանի դեսպանատնից նման նամակ չէին պահանջում։ Թուրքիայի կողմից այսպես խառնվելը շատ սխալ է, և դա չի կարելի ընդունել,- կարծում է նա։

Արփի Վարդանյանը նաև նշել է, որ փաստաբանները նորից դատարան են դիմելու վճիռը վերանայելու նպատակով, սակայն վճիռն, ամեն դեպքում, հետ է գցել Հայոց ցեղասպանության ճանաչման և, ընդհանրապես, բոլոր ցեղասպանությունների կանխարգելման գործընթացը։

Նա նաև նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը գործընթաց է սկսել՝ պահանջելով Բարաք Օբամայի ղեկավարությունից ստույգ ձևով հստակեցնել ԱՄՆ դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ՝ բացատրելով, որ դատարանը սխալ է մեկնաբանել նախագահների կողմից «ցեղասպանություն» բառը չօգտագործելը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը