Մեկնաբանություն

26.05.2014 10:35


«Դիվանագիտական» ճակատի մարտիկները

«Դիվանագիտական» ճակատի մարտիկները

Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին ուղարկում է դիվանագիտական աշխատանքի։ Հանրությանն այդպիսով ցույց է տրվում, թե ինչպես պետք է դեսպան դառնալ ու դրսում ներկայացնել Հայաստանը։

Եթե այս ամենին ավելացնում ենք նաև այն, որ, ըստ տարածված տեղեկությունների, մի շարք երկրներում «քեշ» փողի դիմաց ՀՀ դեսպաններ են նշանակվել մարդիկ, ովքեր բացառապես սեփական բիզնես շահերով են զբաղվում, ապա պատկերն ամբողջական կդառնա. մեր դեսպանատները հուսալի ձեռքերում են։

Մեր արտաքին քաղաքականությունը վստահվում է կա՛մ Հայաստանի հետ կապ չունեցող, բայց ծագումով հայ փողատեր բիզնեսմեններին, կա՛մ երկրում թալանածն ու օֆշորում պտտեցրածը վայելել ցանկացողներին, կա՛մ ընկերներին ու բարեկամներին, կա՛մ քաղաքական գործարքների մասնակիցներին, կամ էլ՝ պատահական մարդկանց։ Հատուկենտ հանդիպում ենք նաև պրոֆեսիոնալների։ Այդպիսիք, անշո՛ւշտ, կան մեր դիվանագիտական կորպուսում, բայց շատ քիչ են, իսկ եղածների մեծ մասն էլ դուրս է մնացել կամ շուտով դուրս կմնա։

«Վերջի բոլշևիկը», երկրապահական լեզվով ասած, հո ախմա՞խ չի, որ այդ «գյոզալական» պոստերում «անկապ» մարդկանց՝ դիվանագիտական կրթություն և փորձ ունեցողների նշանակի։ Մանավանդ որ «քեշ» փող տվողներ կան, իսկ պրոֆեսիոնալներն իրենք են փող պահանջում բյուջետային միջոցներից։ Ինչևէ։

Դառնալով Տիգրան Սարգսյանի՝ դեսպան նշանակվելու պարագային՝ նկատենք, որ այս առումով շատ յուրօրինակ մեկնաբանություն է թողել ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Թովմասյանը։

«Չեմ հասկանում՝ եթե Տիգրան Սարգսյանին դիվանագիտական պաշտոն են տալիս, էն Աշոտ Սուքիասյանին ինչո՞ւ են դատում։ Մի հատ էլ դիվանագիտական թափուր պաշտոն չկա՞ էդ Աշոտ Սուքիասյանին նշանակեն։ Հայաստանում արդարություն կա՞։ Թե չէ, օֆշորային հանցագործության գլխավոր մեղադրյալին դիվանագիտական պաշտոնի են նշանակում, իսկ նրա կամակատարին դատում են. արդար չի, էլի»,– գրում է Կարենը։

Եվ իրոք։ Բա ո՞ւր մնաց արդարությունը։ Եթե Տիգրանին դեսպան են նշանակում, ուրեմն «միջազգային» հեքիաթների, բիոզուգարանային գործարքների և օֆշորային պատմությունների համահեղինակ Ներսես Երիցյանին պետք է առնվազն հյուպատոս նշանակեն որևէ էկզոտիկ պետությունում, իսկ Նավասարդ Կճոյանին՝ Վատիկանում ու Կիպրոսում համատեղությամբ գործերի հավատարմատար, որպեսզի համատեղի կրոնն ու օֆշորը։

Դե, իսկ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանին պետք է դատել, քանզի նա հայտարարել էր, որ վարչապետին իր բիզնեսում ներգրավել էր «տանիք» ունենալու համար։ Սուքիասյանն, ըստ այդմ, գրեթե պետական գաղտնիք է բացահայտել։ Իսկ նման բաների համար դատում են։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Երևակայությունս չի հերիքում, որպեսզի ասեմ, թե Սաշիկին ինչ է պետք նշանակել։ Ա՛յ, կանենք սահմանադրական փոփոխություններ, և այդ համազգային հարցը մեջտեղից դուրս կգա։ Դրանից հետո Սաշիկն իր արժանի տեղը կզբաղեցնի Մելիք–Ադամյանում հիմնադրվող վերլուծական կենտրոնում։

Այս խորագրի վերջին նյութերը