Քաղաքական

27.05.2014 14:15


Զոյա Թադևոսյան. «Այդպիսի պաշտոնյային քրեական պատասխանատվություն է հասնում»

Զոյա Թադևոսյան. «Այդպիսի պաշտոնյային քրեական պատասխանատվություն է հասնում»

Հայաստանի տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ եթե նախկինում այն բնութագրում էինք «գահավիժում» բառով, ապա այսօր անգամ դա չենք կարող անել: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը.

«Լավատեսական ոչինչ չեմ տեսնում մարդկանց տրամադրություններում։ Ճիշտ է, մեկ առիթով ես էլ եմ ասել, որ Հայաստանում ներդրումային իրավիճակը բարվոք չէ, բայց եթե պետական պաշտոնակատարն է ասում, որ երկրում ներդրումային իրավիճակը բարվոք չէ, դա նշանակում է, որ Հայաստանում լուրջ վիճակ կա, որը լսում և գնահատում են շատ միջազգային կազմակերպություններ, դեսպանատներ, որոնք շահագրգռված են իրենց երկրների կառավարություններին հորդորելու Հայաստանում ներդրումներ կատարելու առումով: Նրանք միանգամից կփոխեն իրենց որոշումը, և այդպիսով Հայաստանը կդառնա ներդրումային առումով ոչ շահավետ պետություն...»։

Ըստ բանախոսի՝ Հայաստանի ամենակարևոր տնտեսական ռեսուրսն է լքում երկիրը. «Մնացողներս օրեցօր զգում ենք այդ հեռացող հայաստանցու պակասը։ Մենք տեսնում ենք, որ շատ բիզնեսներ փակվում են, մենք տեսնում ենք, որ սպառումը կրճատվում է, ՀՆԱ–ի արդյունքը կրճատվում է...»։

Հարցին՝ ինչ գնահատական կտա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկելու փաստին, Զոյա Թադևոսյանը պատասխանել է. «Այն պաշտոնյային, որին ազատում են աշխատանքից, ընդ որում՝ ձախողումների պատճառով, վստահել մեկ այլ ոլորտ, կարծում եմ, սխալ կլինի։ Հատկապես այնպիսի մի պաշտոնյայի, որի պաշտոնավարման բոլոր տարիներին ահռելի վնասներ են պատճառվել ՀՀ–ին։ Ամբողջական թալանի են ենթարկվել այն միջոցները, որոնք պետք է նպատակային ծախսվեին, բայց որոնք գրպանվել են և ծախսվել անարդյունավետ։ Այդպիսի պաշտոնյային հասնում է քրեական պատասխանատվություն։ Եվ կարծում եմ, որ նա պետք է ենթարկվի նման պատասխանատվության:

Տնտեսագետը երկրի զարգացման համար կարևորել է մանր ու միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) զարգացման համար համապատասխան պայմանների ստեղծումը։ Նա շեշտել է նաև, որ այսօր երկրում ձևավորվել է մեկ անձի տնտեսություն. «Այդ մեկ անձն իր ընտանիքով ամբողջությամբ կլանել է Հայաստանի զարգացման հնարավորությունները, որի հետևանքով յուրաքանչյուր ընտանիքի բիզնեսի պայմանները դարձել են անտանելի, կամ դրանք ընդհանրապես գոյություն չունեն»։

Նա նաև նշել է, որ փոքր ու միջին ձեռնարկատերերը միջին խավի ձևավորողներն են, առանց որի հնարավոր չեն զարգացում ու ժողովրդավարության կայացում։ 14 % անկումն էլ, ըստ բանախոսի, հենց ՓՄՁ–ի բացակայության հետևանքն էր։

Վերջում Թադևոսյանը Սերժ Սարգսյանին խորհուրդ է տվել ֆեյք բացել «Ֆեյսբուքում» ու կարդալ, թե ինչ են գրում իր ու իր կուսակցության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը