Քաղաքական

29.05.2014 15:42


ՀԱԿ պատգամավոր. «Ինչպես միշտ՝ Սերժ Սարգսյանը կեղծում է»

ՀԱԿ պատգամավոր. «Ինչպես միշտ՝ Սերժ Սարգսյանը  կեղծում է»

Այսօրվա ասուլիսին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պատասխանելով «7օր»–ի հարցին՝ արդյոք երկիրը սահմանադրական փոփոխությունների կարիք ունի՞, թե դա, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի վերարտադրմանն ուղղված միջոցառում է, ասել է.

-Նախ՝ ելնելով երկրի շահերից խոսեմ, հետո՝ թե ինչ է նպատակը։ Մենք մի երկիր ենք, որը շրջապատված է ոչ բարեկամ երկրներով, և նույնիսկ կարելի է համարել, որ մենք դեռ պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկիր ենք, և մեզ ուղղակի անհրաժեշտ է պահպանել կիսախորհրդարանական-կիսանախագահական համակարգը։ Թեկուզ նրա համար, որ շատ արագ վճիռներ կայացվեն։ Խորհրդարանական համակարգը գուցե եվրոպական երկրներում հարմար է, բայց մեր տիպի երկրում դեռ անիրագործելի է, և, հետևաբար, նույնիսկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որն, իհարկե, կարծում եմ, որ նույնպես ձևական բնույթ էր կրում, որ ես դեմ եմ այդ փոփոխությանը, բայց եթե քննարկումների արդյունքում քաղաքական ուժերը կգան այդ համաձայնության, ուրեմն հանձնաժողովն ինքը կարող է որոշել։ Դա շատ տգետ բլեֆ է, որը միայն բացարձակ անտեղյակ մարդուն կարելի է մատուցել. նույնիսկ քաղաքացին դա չի ընկալի, որովհետև, ով կհավատա, որ սահմանադրական փոփոխությունների ծրագիրը ներկայացված չէ Սերժ Սարգսյանի կողմից, և այս հանձնաժողովն էլ նրա կողմից է ձևավորված, հետևաբար, ամեն հրահանգ վերևից է իջեցված։

Պատգամավորն արձագանքել է նաև այն հայտարարությունը՝ եթե անգամ անցում կատարվի խորհրդարանական համակարգի, Սերժ Սարգսյանը չի ակնկալում ապագա իշխանության մեջ որևէ ղեկավար պաշտոն. «Կարծում եմ՝ ինչպես միշտ՝ նա կեղծում է, և եթե հիշենք նրա բոլոր խոստումները, որոնք մինչ այս նա տվել է, սա ևս կարելի է դասել այդպիսիների շարքը։ Վստահ եմ, որ ամեն կերպ նա փորձելու է վերարտադրվել։ Ամեն ինչ միտված է դրան։ Եվ դրա համար շատ քաղաքական ուժեր, ճիշտ գնահատելով իրավիճակն ու նպատակները, գտնում են, որ սա այն ժամանակը չէ, երբ կարելի է գնալ նման անցումների»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը