Հարցազրույց

30.05.2014 11:41


Երվանդ Բոզոյան. «Ս. Սարգսյանը բոլոր փուլերում ձախողվել է»

Երվանդ Բոզոյան. «Ս. Սարգսյանը բոլոր փուլերում ձախողվել է»

Երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների առաջին նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նազարբաևը հրապարակավ ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որտեղ նշվում է, որ Հայաստանն այս միությանը պետք է անդամակցի առանց Լեռնային Ղարաբաղի:
Սակայն, Սերժ Սարգսյանը ոչ մի արձագանք չտվեց այդ հայտարարությանն, ինչն էլ դիվանագիտական տեսանկյունից նշանակում է, որ համաձայն է արտահայտված տեսակետի հետ:
NewsBook-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
- Պարո՛ն Բոզոյան, կվերլուծե՞ք երեկ Աստանայում տեղի ունեցածը:
- Այդտեղ նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա: Մենք բոլորս տեսանք, թե ինչ կատարվեց: Նազարբաևը հրապարակավ նշեց, որ Հայաստանն այդ միությանը պետք է ինտեգրվի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով և Հայաստանի նախագահի կողմից որևէ արձագանք չեղավ: Միջազգային հարաբերությունների տեսանկյունից դա նշանակում է, որ Հայաստանը լուռ համաձայն է դրա հետ: Սա հերթական ձախողումն է: Այս մարդն, ըստ էության, իրˋ նախագահ դառնալուց հետո, բոլոր փուլերում ձախողվել է: Սկսած հայ-թուրքական պրոցեսից, երբ ամպագորգոռ հայտարարվում էր, որ սահմանները բացվելու են: Նա գնաց Թուրքիա եկավ, բայց ոչ մի սահման չբացվեց: Ավելին, դրա դիմաց Թուրքիան ներխուժեց դիվանագիտական ոլորտ և ակտիվորեն այսօր զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հարցող ու ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան բոլոր հանդիպումներում գլխավոր օրակարգի մեջ է ԼՂ-ի հարցը: Սակայն, այս մարդու վատություններն այսքանով չավարտվեցին:
Հաջորդ քայլը Եվրաասոցացման բանակցային գործընթացն էր, որը տևեց 3 տարի, բայց արդյունքում Հայաստանը փչացրեց իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և դրա հետևանքով ՌԴ-ն Ադրբեջանին վաճառեց ավելի քան 1 մլրդ դոլարի զենք, զինամթերք և ստորագրեց մոտ 4 մլրդ դոլարի ռազմատեխնիկական պայմանագիրˋ Ադրբեջանում ռազմաարդյունաբերական համալիրի ձևավորման համար: Մինչդեռ, այդպիսի խոշորամասշտաբ ծրագրեր Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում Ռուսաստանը Հայաստանի հետ չի ստորագրել:
Հաջորդ ձախողումը կայացավ նրանում, որ այս ամենի արդյունքում Հայաստանը ստիպված հրաժարվեց Եվրաասոցացիայի պրոցեսից և խայտառակ եղավ Եվրոպայում: Եվրոպացիները Հայաստանին որպես լուրջ երկրի չեն նայում:
Սերժ Սարգսյանն այս ժամանակահատվածում փչացրեց հավասարակշռված կոմպլիմենտար քաղաքականության կոնցեպտը և Հայաստանի վարկանիշը հասցրեց անլուրջ մակարդակի: Եվ այս ամենից հետո սեպտեմբերի 3-ին նա հայտարարեց, որ Հայաստանը միանում է ՄՄ-ինˋ առանց լուրջ հաշվարկների: Դրանից հետո Հայաստանը ոչ մի սակարկություն չարեց Ռուսաստանի հետ, մինչդեռ գիտենքˋ Բելառուսն ինչպիսի սակարկություններ արեց Ռուսաստանի հետ: Էլ չեմ ասում Ղազախստանի պլյուսները:
Երեկ նույնիսկ Ղրղստանի նախագահը ներկայացրեց, թե ինչ ակնկալիքներ ունեն Եվրասիական տնտեսական միությունից: Եսˋ որպես Հայաստանի փորձագետ անտեղյակ եմ, թե Հայաստանն ինչ սակարկություններ է արել և, ընդհանրապես, այդ մարդը (Սերժ Սարգսյան- խմբ.) բանակցելիս ինչ շահեր է հետապնդում: Միգուցե իր և իր մերձավորների շահերի տեսակետից ես լրիվ հասկանամ, թե ինչ շահեր կարող է հետապնդել, բայց Հայաստանի պետական շահերից ի՞նչ է այդ մարդն ասում: Եթե նման պաշտոնյա կա, որը կարող է ասել, ես կլսեմ: Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ շահ է հետապնդում...
Այս մարդը Հայաստանի պրոբլեմները փակել է իր անձնական շահերով, փաստացի ինքը Հայաստանի շահերի իմաստով ոտնահարել է դրանք և շարժվում է իր անձնական շահերով:
Հասարակությունը և քաղաքական շրջանակները լուռ դիտում են, թե ինչ է կատարվում: Ես սա կարող եմ գնահատել համազգային ամնեզիա, որովհետև միայն մեղավորը Սերժ Սարգսյանը չէ: Սա խայտառակ գործընթաց է, և ես` որպես քաղաքացի արդեն ամաչում եմ այս պահի համար:
- Իսկ Նազարբաևն ինչո՞ւ փակ քննարկման ժամանակ չկարդաց Ալիևի նամակը:
-Սա նշանակում է, որ Հայաստանի պատվիրակությունը բանակցում է ամեն ինչի մասին, բայց ոչ Հայաստանի շահերի: Կամ այդ մարդիկ անտեղյակ և անլսունակ են, որը քիչ հավանական է, կամ այդ մարդիկ բանակցում են բոլորովին այլ խնդիրների շուրջ: Եթե Հայաստանը լրջորեն պատրաստվեր այդ խնդիրների շուրջ, բնականաբար, հրապարակավ ստորացում չէր լինի: Ես չեմ մեղադրում Նազարբաևին, որովհետև իր հետ ոչ ոք չէր բանակցել, որ հրապարակավ այդպիսի ելույթով հանդես չգար: Ամենավիրավորականն այն է, անդամակցելով այդ միությանը, Հայաստանին փաստի առաջ են կանգնեցնում հենց այն երկրները, որոնք ֆորմալ իմաստով համարվում են Հայաստանի դաշնակից, մինչդեռ Ադրբեջանը չի անդամակցում այդ միությանը: Սա է խայտառակությունը: Այստեղ մի քանի կոմպոնենտներ կան:

- Որո՞նք են դրանք:

- Առաջինն այն է, որ Հայաստանը շատ վատ է բանակցում, որ այդ հարցն այդպիսի մակարդակով է լուծվում: Երկրորդը` Հայաստանն ուրեմն շատ վատ է բանակցել, որ հրապարակային իրեն նվաստացնում են: Նույնսիկ, եթե նա վատ էր բանակցել, գոնե կարող էին կորզել, որ այդ հայտարարությունը հրապարակային չլիներ, հրապարակային խայտառակություն չլիներ: Պատկերացրեք, այս մարդիկ ինչ աստիճանի վատ են բանակցել: Հաջորդ հարցն այն է, որ գործող նախագահը պնդում է, որ Հայաստանը պետք է անդամակցի մինչև հունիսի 15-ը: ՀՀ քաղաքացիներից որևէ մեկը պատկերացնում է, թե ինչո՞ւ է այդ մարդն այդպես շտապում: Մնացած երկրները հակառակը` փորձում են ուշացնել անդամակցումը, որպեսզի իրենց երկրի համար սակարկումներ անեն: Մենք տեսնում ենք, որ բոլոր կետերում մեր շահերն անտեսված են: Սա ուղղակի վիրավորական և խայտառակ վիճակ է: Եթե հայ ժողովուրդն այս ամենը կուլ տա, ուրեմն օբեյկտիվորեն նորմալ ապագա ունենալու իրավունք չի ունենա: Մեծ հաշվով Ռուսաստանը համաձայն է, որ Հայաստանը բանակցի, իր համար դա քաղաքական խնդիր է: Եթե Հայաստանն ընդունի նման որոշում, ապա, ըստ էության, նա հրաժարվում է կոմպլիմենտար քաղաքականությունից: Օրինակ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում առաջանում են լրջագույն վտանգներ Հայաստանի համար, որովհետև, եթե Հայաստանն ուզում է ինտեգրվել Եվրասիական տնտեսական համագործակցությանն, ապա կարելի է ասել, որ միջնորդ երկրների արևմտյան կողմնˋ ամերիկացիները և ֆրանսիացիները, որևէ շահագրգռվածություն չպետք է ունենան, որ Լեռնային Ղարաբաղը նույն պես ինտեգրվի այս միությանն, այսինքն` Ղարաբաղը ստանա անկախություն: Ստացվում էˋ մենք գնում ենք ստրատեգիական մի որոշման, որը ֆունդամենտալ վնասում է մեր պետական շահերին: Հիմա մենք ի՞նչ ենք ստանում դրա դիմաց: Այ հենց այդ հարցի պատասխանը մենք չունենք: Օրինակ, եթե Ռուսաստանը հայտարարեր, որ միակողմանի ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ես կհասկանայի, որ, ի վերջո, մենք կոմպլիմենտալ քաղաքականությունից հրաժարվում ենք և դրա դիմաց այսպիսի քայլ ենք կատարումˋ իր մինուսներով և պլյուսներով: Բայց Հայաստանը ոչ մի բան չի շահումˋ նույնիսկ տնտեսական իմաստով: Ցանկացած նորմալ, իրեն հարգող երկիր թույլ չի տա այս մարդուն (Սերժ Սարգսյան- խմբ.) երկար կառավարել:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այս խորագրի վերջին նյութերը