Լրահոս

29.08.2009 10:17


Գ. Բեգլարյան. «Ա. Բաբաջանյանի արձանին հարակից սիզամարգում սրճարան չի կառուցվի»

Գ. Բեգլարյան. «Ա. Բաբաջանյանի արձանին հարակից սիզամարգում սրճարան չի կառուցվի»

Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքի սիզամարգում նոր սրճարան չի կառուցվի: Այս մասին օգոստոսի 28-ին «Երևանը երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսի բացմանը հավաստիացրել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նա նշել է, որ մի քանի ամիս առաջ ինքն է կասեցրել այդ հատվածում կառուցվող սրճարանի շինարարությունը: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ քանի զբաղեցնում եմ Երևանի քաղաքապետի պաշտոնը, այդ հատվածում չի կառուցվի ոչ մի սրճարան»,- ասել է Գագիկ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ բարեկարգման ծրագրով որոշվել է այդ հողակտորը վերածել սիզամարգի, քանի որ տեղում ծառեր տնկելու պարագայում կփակվեր  Կարապի լճից Հյուսիսային պողոտա բացվող տեսարանը: Ըստ նրա՝ այդպիսի վիճակ է ստեղծվել Երիտասարդության այգում տեղադրված «Բարեկամության ձեռքեր» արձանի հատվածում, որովհետև նախկինում ոմանք որոշել էին այնտեղ ծառատունկ կազմակերպել, և այսօր Տերյան փողոցից այդ արձանն ընդհանրապես չի երևում:

Ցուցահանդեսին մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին քաղաքապետը հորդորել է գործակցել քաղաքային իշխանությունների հետ. համագործակցելու շնորհիվ հնարավոր կլինի արագ արձագանքել բացասական երևույթներին: Գագիկ Բեգլարյանը համաձայնել է, որ քաղաքում կան մայրաքաղաքի ճարտարապետական ոճին անհարիր կցակառույցներ: «Երևանում իսկապես կան շատ տգեղ կցակառույցներ, բայց պետք չէ ընդհանրացնել, և պահանջել, որ բոլոր կցակառույցներն արգելվեն կամ քանդվեն: Կան մարդիկ, որոնք, իսկապես, կենցաղային և սոցիալական պայմանների պատճառով խիստ կարիք ունեն իրենց բնակտարածքը մեծացնելու, սակայն համապատասխան թույլտվություն պետք է լինի  միայն այն դեպքում, եթե նախագիծը  չի խաթարում  քաղաքի ճարտարապետական տեսքը»,- նշել է Գ. Բեգլարյանը՝ ընդգծելով, որ մայրաքաղաքի խնդիրներով պետք է մտահոգվի յուրաքանչյուր երևանցի, որովհետև Երևանը մեր ծնողն է, ում հանդեպ պետք է բոլորս հոգատար լինենք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը