Քաղաքական

02.06.2014 18:29


ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» 12 կետից բաղկացած հրատապ պահանջներ կներկայացնեն իշխանությանը (տեսանյութ)

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» 12 կետից բաղկացած հրատապ պահանջներ կներկայացնեն իշխանությանը (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ–ում ավարտվել է ոչիշխանական չորս խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» դռնփակ հանդիպումը։

Ավելի քան չորս ժամ տևած հանդիպմանը քառյակն ընդունել է 12 կետից բաղկացած հայտարարություն, որը՝ որպես հրատապ պահանջ, կներկայացվի իշխանություններին։

Լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնել է, որ հայտարարության տեքստն ամբողջությամբ պատրաստ է, պարզապես որոշ խմբագրական աշխատանքներ կան անելու։

–ԱԺ առաջիկա քառօրյայի ժամանակ համատեղ մամուլի ասուլիսում կներկայացնենք այդ պահանջները։ Կարող եմ միայն ասել, որ դրանք բոլորի կողմից ընդունված կետեր են։ Մեր պահանջները հիմնականում վերաբերում են ներքին քաղաքականությանը։ Առանձին դրույթներ կան, որոնք ուղղված են կոնկրետ Կառավարությանը, կան նաև կետեր, որոնք վերաբերում են ամբողջական իշխանափոխությանը,–ասել է Ռ. Հակոբյանը։

«7օր»–ի հարցին, թե ի՞նչ քայլեր են ենթադրվում իշխանության կողմից քառյակի պահանջները չկատարելու դեպքում, նա հայտնել է՝ աշնանը հրավիրվելու է համատեղ հանրահավաք, որի ժամանակ էլ գնահատական կտրվի, թե որքանով են կատարվել այդ պահանջները։

Քառյակի համատեղ հանրահավաքը նշանակվել է աշնանը, քանի որ կան պահանջներ, որոնք օրենսդրական փոփոխություններով են պայմանավորված, և դրանք կատարելու համար որոշակի ժամկետ է պետք։

–Այդ 12 կետերը և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարցերին են վերաբերում։ Չկային կետեր, որոնք անհամաձայնության պատճառով չեն ընդգրկվել համատեղ հայտարարությունում։ Նշեմ, որ կետերից մեկն էլ 100% համամասնական ընտրակարգի մասին է։ Իսկ ընդհանուր առմամբ՝ այդ 12 կետերի իրականացումն արմատական փոփոխություններ կմտցնի մեր երկրի տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտում,–հայտնել է Ռ. Հակոբյանը։

Մաքսային միության հարցը չի ընդգրկել այս 12 կետերի մեջ, անդրադարձ չկա նաև սահմանադրական փոփոխություններին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը