Քաղաքական

06.06.2014 11:41


Երվանդ Բոզոյան. «Այսպիսի խղճուկ և վիրավորական վիճակում Հայաստանը երբեք չի եղել» (տեսանյութ)

Երվանդ Բոզոյան.  «Այսպիսի խղճուկ և վիրավորական վիճակում Հայաստանը երբեք չի եղել» (տեսանյութ)

Այսօրվա Կառավարությունը որոշակի փորձ է կատարում՝ սրբագրելու նախորդի սխալները, սակայն մարդիկ արդարացիորեն էական փոփոխություն չեն նկատում։ Այս մասին P.S. հաղորդման շրջանակներում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նա հավելել է, որ հասարակության մեջ լուրջ փոփոխությունների սպասում կա, իսկ դա չի երևում այսօրվա Կառավարության ծրագրի մեջ։

–Որոշակի կոսմետիկ փոփոխություններ են նկատվում, բայց տեսանելի հայեցակարգը չկա։ Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար տարրական ճշմարտությունը, որ եթե 2 տարվա մեջ մի քանի հազար խանութ է փակվում, նշանակում է՝ վարվող քաղաքականությունը սխալ է։ Ուրեմն, պետք է, որ իշխանությունը իմաստավորի իր նախկին քաղաքականությունը և փորձի զիջումների գնալ,–նշել է Ե. Բոզոյանը։

Նա կարծում է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է գնար փոխզիջման նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում, սակայն կատարեց կիսաքայլեր, որոնք էական փոփոխության չեն բերի.

–Հանրության մեջ կան հոռետեսական սպասումներ, իսկ այդ պայմաններում դու պետք է ռադիկալ քայլերի գնաս, որպեսզի մարդիկ գոնե սկսեն հավատալ։ Իրականում կատարվում է փոքրաթիվ զանգվածներին լռեցնելու քայլ։ Այս Կառավարությունը գնալու է փոքր քայլերի, սուր բաները լռեցնելու, բայց իրական խնդիրը չի լուծվելու։

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի գլխավորած նախորդ Կառավարության գործունեությանը, քաղաքագետն այն անվանել է անմարդկայի՛ն տրամաբանական.

–Վերջին 6 տարիների ընթացքում մենք տեսնում էինք մենտորական տոն և օստապբենդերյան մոդել, որտեղ մարդ չի հասկանում, թե այդտեղ որն է իրենց մաքուր ժուլիկական շահը և անմեղսունակության աստիճանը։ Սա նոնսենս էր, որովհետև վերջին 23 տարիների ընթացքում գոնե ես այսպիսի աբսուրդ Կառավարություն չեմ տեսել։ Նույնիսկ այն սկզբնական փուլում, երբ մարդիկ անփորձ էին, այդպիսի սխալներ չէին կատարում։ Նախկին վարչապետի քաղաքականության մեջ որևէ տրամաբանություն չկար, ուղղակի մարազմ էր։

Ե. Բոզոյանն անդրադարձել է նաև Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին և դրան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գնահատականներին։

–Խոսքն այն մասին էր, որ Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է տղայական «ռազբորկա» աներ, այլ պետք է ամեն ինչ անեինք, որ Նազարբաևն այդպիսի հրապարակավ հայտարարություն չհնչեցներ, ինչը հսկայական հարված էր Հայաստանին։ Արդեն դա պարտություն էր,–ասել է Ե. Բոզոյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, Ծաղկաձորում ստիպված հաստատեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսեքրը, քանի որ հասկացավ, որ դա նաև Պուտինի և Լուկաշենկոյի կարծիքն էլ է։

–Սերժ Սարգսյանը որոշեց չընդդիմանալ նրանց։ Եվ առաջին նախագահի ասածն այն էր, որ այս քաղաքականության արդյունքում Սերժ Սարգսյանը Հայաստանը տարավ Եվրասիական տնտեսական միություն ոչ թե արժանապատիվ կեցվածքով, այլ նվաստացած կարգավիճակով,–ասել է Ե. Բոզոյանը։

Նա ընդգծել է, որ գործող իշխանության պահվածքի պատճառով Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը փոխվեց 180 աստիճանով. հիմա մենք անգամ Ռուսատսանի ֆորպոստն էլ չենք.

–Մենք հիմա, կոպիտ ասած, «ժեռտվա» ենք, մենք նապաստակի ֆունկցիա ենք կատարում։ Մենք հիմա ընկալվում ենք մի «կուտ», որին փորձում են գրգռել, որպեսզի Ադրբեջանն այդ կուտը ուտի։ Այսպիսի խղճուկ և վիրավորական վիճակում Հայաստանը երբեք չի եղել։ Այն, ինչ հիմա կատարվում է, անընդունելի է, և սա անվստահություն է կոնկրետ անձի նկատմամբ։ Այսինքն, երբ մարդ ինքն իր մեջ իրեն անստահ է զգում, և այդ մարդու հանդեպ էլ կա խոր անվստահություն, դրանից տուժում է պետությունը։

Որպես լուծում՝ քաղաքագետը տեսնում է կոնֆիգուրացիան փոխելը, որպեսզի ժողովրդի կողմից մեծ աջակցություն ունեցող մարդիկ գան քաղաքական թատերաբեմ և նոր բանակցություններ սկսեն։

–Հայաստանի այսօրվա իշխանությունները չունեն աշխարհայացք։ Չունենալով աշխարհայացք՝ այս մարդիկ չե՛ն կարող ունենալ երկրի զարգացման ճանապարհային քարտեզ, որից տուժում է Հայաստանը,–նշել է Ե. Բոզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը