Տնտեսական

10.06.2014 13:10


ԲՀԿ–ի պահանջով՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ԱԺ–ում էր (տեսանյութ)

ԲՀԿ–ի պահանջով՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ԱԺ–ում էր (տեսանյութ)

Նախօրեին ԲՀԿ խմբակցությունը պահանջել էր պարզաբանումներ ներկայացնել էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 4 դրամով թանկացնելու դրդապատճառների վերաբերյալ։ Այսօր արդեն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ԱԺ–ում էր։

ԲՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո նա լրագրողներին ևս վստահեցրել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է։

–Միշտ, երբ որ սակագների վերանայում է լինում, և մենք ստիպված ենք լինում բարձրացնել, ես ասում եմ՝ ինձ համար ամենաանընդունելի որոշումներից մեկն եմ կայացնելու։ Որովհետև ես ինքս էլ ձեր նման սպառող եմ, ունեմ շատ հարազատ, մոտիկ մարդիկ, նաև, ի վերջո, մեր սպառողները, որոնց շահերն էլ մենք կոչված ենք պաշտպանելու։ Իհա՛րկե խնդիր է. կոմունալ ծառայությունների ամեն մի բարձրացում մարդկանց գրպանին է խփում,–ասել է Ռ. Նազարյանը։

Նա կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո Կառավարությունն իր սոցիալական ծառայությունների մեջ փոփոխություններ կկատարի և կաջակցի սոցիալապես անապահով խավերին և թոշակառուներին։

–Իմ գնահատմամբ՝ այս 4 դրամը ընտանիքների վրա տարեկան մոտավորապես 8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու։ Բայց դատապարտվա՛ծ ենք բարձրացնելու։ Եթե անգամ 0,5 տասնորդական տոկոսի հնարավորություն լիներ չբարձրացնելու, ես խոստանում եմ՝ մենք այս քայլին չէինք գնա։ Մեզ համար էլ շատ դժվար է լրավտամիջոցներում տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին լսելը և ժողովրդի վրդովմունքը։

Ռ. Նազարյանն ավելացրել է, որ ստիպված են թանկացնել էլեկտրաէներգիան, քանի որ եթե այդ քայլին չգնան, 2-3 տարի հետո իրենց կմեղադրեն ժամանակին կայունություն չապահովելու համար.

–Այսօր արդեն 16մլրդ, 600մլն–ի վնասներ ունի ընկերությունը, վարկային մեծ պորտֆել է կուտակել, որի սպասարկման աղբյուրը չկա և կարող է սկսի հայտնվել բանկրոտի մեջ։

«7օր»–ի հարցին՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը նախապես համաձայնեցվե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, ՀԾԿՀ նախագահը պատասխանել է.

–Մենք, այո՛, անկախ մարմին ենք և ինքներս ենք այս գնահատականները տվել։ Եվ ամբողջ պատկերը ներկայացրել ենք և՛ ՀՀ վարչապետին, և՛ ՀՀ նախագահին տեղյակ ենք պահել, որ նման բան է սպասվում։ Նրանց արձագանքը ո՞րն է՝ իսկ կա՞ր հնարավորություն ավելի քիչ բարձրացնելու կամ չբարձրացնելու, ես ներկայացրել եմ, որ ո՛չ, հնարավորություն չկա։

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին քննարկումները կշարունակվեն մինչև այս ամսվա վերջ, և, Ռոբերտ Նազարյանի խոսքերով, սակագինը մոտ 4 դրամով կթանկանա հավանաբար արդեն օգոստոսի 1–ից։

Շարունակությունը՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը