Մեկնաբանություն

11.06.2014 13:17


Քառյակը Սերժ Սարգսյանին այնպիսի առաջարկներ է ներկայացրել, որոնցից նա չի կարող հրաժարվել

Քառյակը Սերժ Սարգսյանին այնպիսի առաջարկներ է ներկայացրել, որոնցից նա չի կարող հրաժարվել

Քառյակի առաջարկները հունից հանել են Սերժ Սարգսյանին ու իր նեղ շրջապատին։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ին կցված լրատվամիջոցներն ու «թունդ ընդդիմադիր» գործիչները քննադատության են ենթարկում 12–կետանոց պահանջները՝ բնականաբար, «թունդ արմատական» դիրքերից։

Կիրառվում է հին ու «պայթած» տեխնոլոգիան. Սերժ Սարգսյանի հաճախորդները մեղադրում են քառյակին ... Սերժ Սարգսյանին օր առաջ չհեռացնելու համար։ Փաստորեն, Սերժն իր գեղամյաններին առաջադրանք է տվել հայհոյել իրեն, որպեսզի ավելի «հեղափոխական» դիրքերից հնարավոր լինի ցեխ շպրտել քառյակի վրա։

«Անկախ» լրատվամիջոցներին հանձնարարված է էժանագին «մուտիլովկաներ» տարածել և գրել, թե, իբր, քառյակն իր փայն է ուզում Հայաստանի վաճառքից, թե, իբր, առաջարկվող պահանջները Հովիկ Աբրահամյանին սատարելու միջոց են, թե, իբր ...

Պաշտոնապես սերժական համարվողներն էլ հայտարարում են, թե, իբր, այդ բոլոր կետերն իշխանության օրակարգում կան, և ցավ են հայտնում, որ սահմանադրական փոփոխությունների պահով կետ չկա (ՀՀԿ ղեկավարը հիմա յոթ երգ գիտի, յոթն էլ՝ սահմանադրական փոփոխությունների մասին, քանզի դա անձամբ իր քաղաքական ապագային է վերաբերում)։

Բայց ինչ էլ ասեն, ինչ էլ գրեն, դրանից իրականությունը չի փոխվում. շունը հաչում է, քարավանը գնում է։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ քառյակի պահանջների հասցեատերը «նոր» Կառավարությունը չէ։ Դա «դհոլների» տարածած կոդն է։

Քառյակի պահանջներն ուղղված են Սերժ Սարգսյանին։

Եթե ավելի պարզ լեզվով ներկայացնենք այդ պահանջները, ապա դրանց բովանդակությունը հետևյալն է. «Սե՛րժ, հրաժարվի՛ր պետության ու հասարակության հաշվին փող աշխատելուց, հրաժարվի՛ր սեփական աթոռի պահպանության համար Հայաստանն ու Ղարաբաղը աճուրդի առարկա դարձնելուց»։

Քառյակի պահանջները յուրօրինակ վերջնագիր են։ Սերժ Սարգսյանին արվել են առաջարկներ, որոնցից նա չի կարող հրաժարվել։

Եթե Սերժ Սարգսյանը կատարի այդ պահանջները, ապա դրանից կշահի պետությունը, քառյակը և ամենակարևորը՝ հանրությունը։ Նաև իշխանական բուրգը։

Պահանջներն, ի դեպ, միայն կամք են պահանջում, այլ ոչ թե ռեսուրսներ և մեծ ջանքեր, այսինքն՝ ցանկության դեպքում հեշտությամբ կատարելի են։

Պահանջների կատարումից անձնապես կտուժի Սերժ Սարգսյանը, քանզի բոլորն էլ հասկանում են, որ կարմիր կետագծերով մարդկանց գրպանը մտնելը, արագաչափերով ու տեսախցիկներով ռեկետ անելը, տնտեսական մենաշնորհների ձևավորմանը նպաստելը, Որոտանի հէկն ամերիկյան ընկերության անվան տակ «կոպեկներով» սեփականաշնորհելը, գյուղատնտեսության ոլորտն ու ընդհանրապես հայ ժողովրդին բանկային տոկոսի տակ գցելը, «Նաիրիտը» փողերի լվացման կենտրոն սարքելը, փոքր ու միջին բիզնեսին հարկերով քերթելը, քաղաքային տրանսպորտի թանկացմանը ձգտելը, մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած «անլեզուներով» ԱԺ մեծամասնություն ձևավորելը բացառապես Սերժ Սարգսյանի և նրա նեղ շրջապատի ձեռքի գործն են, և բխում են նրանց անձնական շահերից։

Մի խոսքով, պահանջների կատարումից կտուժի Սարգսյանը, կշահի պետությունը։ Բայց եթե ՀՀԿ ղեկավարը մի քիչ պետական մտածողություն ունենա, ապա կհասկանա, որ պահանջների կատարումը բխում է նաև ի՛ր շահերից, քանզի արդյունքում կմեղմվի հանրային լարվածությունը, և մարդիկ մի քիչ շունչ կքաշեն, իսկ ինքն էլ կխուսափի ցնցումային քաղաքական զարգացումներից և անորոշ ճակատագրից։

Քառյակը Ս. Սարգսյանին մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ է տվել մտածելու և կոնկրետ քայլեր կատարելու համար։ Եթե նա, այդուհանդերձ, չհրաժարվի պետության ու հասարակության հաշվին հարստանալու գործելաոճից, ապա կընկնի Տիգրան Սարգսյանի օրը, բայց ավելի վատ տարբերակով, քանզի վերջինիս ինքը կարողացավ դեսպան նշանակել ու առայժմ պլստացնել դատարանի առաջ հայտնվելուց, իսկ ահա պահանջների չկատարմանը հաջորդող գործընթացներից հետո մարդ չի մնա, որ Սերժին դեսպան նշանակի կամ օգնի նրան խուսափել Յանուկովիչի կամ նրա նմանների ճակատագրից։

Մեզ ցնցումներ պետք չեն։ Հետևաբար, «Վերջի բոլշևիկը» պետք է ճիշտ որոշում կայացնի ու չբարդացնի վիճակը։ Իսկ այն, որ քառյակն իր «փիս խասիաթի» համաձայն՝ մինչև վերջ կգնա իր պահանջների կամ դրանց չկատարման դեպքում՝ դիրքորոշման կոշտացման ճանապարհով, Սերժ Սարգսյանը համոզվել է սեփական մաշկի վրա։

Քառյակը պահանջում էր Տիգրան Սարգսյանի հրաժարականը և հասավ դրան, թեև դա Սերժի սրտով չէր։ Հիմա էլ առաջ են քաշվել այլ պահանջներ, որոնք նույնպես Սերժի սրտով չեն, բայց դե, քառյակի «փիս խասիաթը» չի փոխվել։

Թեև ոչ վաղ անցյալում է դա տեղի ունեցել, և դժվար է մոռանալը, բայց ավելորդ չէ հիշեցնելը, որ օֆշորային սկանդալի առանցքային ֆիգուր Տիգրան Սարգսյանի պահով էլ էին իշխանություններն ինքնավստահ հայտարարում, որ քառյակի պահանջներին ընդառաջ չեն գնա, և չեն հեռացնի նրան, բայց ստիպված եղան անել դա։

Ընդամենը շուրջօրյա հանրահավաքների մասին հայտարարությունը բավարար եղավ, որպեսզի Բաղրամյան 26–ը «փուռը տա» իր սիրելի վարչապետին։ Թե ինչ կլինի քառյակի համատեղ հրապարակային գործողությունների արդյունքում, դժվար չէ կռահել։

Այնպես որ, Սերժ Սարգսյանին, իրոք, արվել են առաջարկներ, որոնցից նա չի կարող հրաժարվել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը