Աշխարհ

18.06.2014 14:22


Լավրով. «Հայաստանը Եվրասիական միություն կմտնի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով»

Լավրով. «Հայաստանը  Եվրասիական միություն կմտնի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով»

Հայաստանը կմտնի Եվրասիական միություն ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով։ «Trend» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Ինտեգրացիոն գործընթացներն ընթանում են Մաքսային միության անդամ երկրների տարածքներում։ Լեռնային Ղարաբաղն այդպիսին չի հանդիսանում»,–ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, թե Հայաստանը նախկինում էլ հայտարարել է, որ այս ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում է ՄԱԿ–ի կողմից ճանաչված սահմանների շրջանակում։

«Նույնը տեղի կունենա նաև Եվրասիական միության պարագայում»,–շեշտել է Լավրովը։

Պատասխանելով Ադրբեջանի՝ Եվրասիական միությանը միանալու վերաբերյալ հարցին, Լավրովն ասել է, թե պաշտոնական առաջարկ Բաքվին չի արվել, սակայն «Մոսկվան միշտ ուրախ է, երբ գործընկերները հետաքրքրություն են ցուցաբերում եվրասիական տարածքին»։

Լավրովը նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող համակողմանի և բարիդրացիական հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով:

«Մենք Ադրբեջանին համարում ենք լուրջ գործընկեր Հարավային Կովկասում և շահագրգռված ենք այդ հարաբերությունների խորացմամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախորդ տարվա Ադրբեջան այցից հետո այդ հարաբերություններն ինտենսիվ բնույթ են ստացել», - հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը