Տնտեսական

18.06.2014 15:09


«Դեմ եմ» անդամ. «Սրա պատասխանատուն արդեն նախագահն է»

«Դեմ եմ» անդամ. «Սրա պատասխանատուն արդեն նախագահն է»

Այսօրվա ասուլիսին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն անդրադարձել են պարտադիր կուտակային կենսաթոշակի խնդրին։

Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը նշել է, որ նախագիծն Ազգային ժողովում հայտնվել է գաղտնի. «Ինչպե՞ս այս նախագիծը հայտնվեց խորհրդարանում։ Հայտնվեց շատ գաղտնի, հայտնվեց բոլոր հնարավոր ընթացակարգերի խախտմամբ։ Հանրայնացման բոլոր պահերը բաց թողնվեցին։ Մի խոսքով, այսօր առավոտյան միայն հայտնի է դարձել, թե ինչ է մտնելու օրակարգ», –ապա նշել է, որ նախագիծը 96 էջ է կազմում. ինչպե՞ս են հասցնելու պատգամավորները ծանոթանալ օրակարգին՝ հարց է մնում։

Գորգիսյանն ասել է, որ նախագծում ծուղակներ կան, որոնք նորից պատուհաս են դառնալու քաղաքացիների գլխին. «Օրենքում հիմնականում ոչինչ չի փոփոխվել. ընդամենը պարտադիր կուտակային վճարը վերածվել է սոցիալական վճարի, որը շարունակում է մնալ հակասոցիալական։ Նորից բեռ է ծանրանում քաղաքացիների վրա։ Սոցիալական վճարները հարկերին հավասարեցված վճարներ են, հետևաբար, պետք է լինեն համապարտադիր։ Չի կարող սոցիալական վճարը, հարկը տարածվել մի քաղաքացու վրա, մյուսի վրա չտարածվել...այս ամենի մասին կա սահմանադրական վճիռ, որը բացարձակապես անտեսվել է»։

Անդամը շեշտել է, որ խախտվում է մարդու սեփականության ազատ տնօրինման իրավունքը։

Մանե Թանդիլյանն էլ ասել է, որ այս Կառավարության գործելաոճը չի տարբերվում նախկինից. «Խտրականությամբ հագեցված այդ դրույթները նորից ներառվում են նախագծի մեջ։ Չի կարող օրինագիծը, առհասարակ, չդրվել որևէ քննարկման, որի մասին անգամ ԱԺ պատգամավորները տեղեկացված չեն...»։

Ապա հիշեցրել է, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ընդունվել է արտահերթ նիստերով, փոփոխություններն արվում են արտահերթ նիստերով, իսկ դա նշանակում է ժամանակ չտալ նայելու, վերլուծելու, քննարկելու և թերությունները նշելու։

Բանախոսները շեշտել են, որ 2014 թվականի հուլիսի 1-ից պետական սեկտորն է միանում նպատակային վճարների համակարգին, իսկ 2017 թվականին՝ մասնավորը, որը բացարձակ խտրականություն է։

«Դեմ եմ»–ի անդամները հիեցրեշել են նաև, որ ՀՀ սահմանադրությամբ իշխանությունը մեր երկրում պատկանում է ժողովրդին, ինչը մեր իշխանությունները հաշվի չեն առնում այլևս։

Բանախոսները կոչ են արել պետական սեկտորի աշխատողներին ոտքի ելնել և տեր կանգնել սեփական իրավունքներին։

Սևակ Ծատուրյանն էլ իր հերթին նշել է.«Մեր իշխանություններն աշխատում են անարդյունավետ։ Մեր տված հարկերով ստանում են աշխատավարձեր, և դրա արդյունքում գրում են այս տեսակ օրենքներ։ Նախաձեռնությունը պահանջով նախ գնաց Ազգային Ժողով, այնուհետև դիմեց կառավարությանը, Սահմանադրական դատարանին, նախագահին։ Եվ ճիշտ չէր լինի, եթե նախագահից հետո, նորից գնաինք կառավարություն ինչ–որ բան պահանջելու։ Սրա պատասխանատուն արդեն նախագահն է»։

Շարժման անդամների խոսքերով՝ ի պաշտոնե նախագահն է երկրի քաղաքացիների սահմանադրական իրավունքի պաշտպանը։

«7օր»–ի դիտարկմանը՝ քառյակի ներկայացրած 12 կետերը, որոնց մեջ մտնում է նաև պարտադիր կուտակայինի հետ կապված հարցը, մերժվել են իշխանությունների կողմից, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նախաձեռնությունը, կմիանա՞ արդյոք քառյակին, որը վերջնաժամկետ է ներկայացրել Կառավարությանը՝ քաղաքականացնելով շարժումը, անդամները պատասխանել են.

–Այսօր քաղաքականցվելու խնդիր չկա. մենք ուզում ենք, որ կառույցները, որոնք ստեղծված են աշխատելու և ծառայելու ժողովրդին, այդպես էլ վարվեն։ Եվ այդ հարցը ընդդիմադիր պատգամավորների կողմից 12 կետերի մեջ ներառելը շատ ողջունելի է, և ինչ վերաբերի կենսաթոշակային հարցին, մենք պայքարելու ենք միասին ու մինչև վերջ։ Պայքարն այդքանով, այո՛, շարունակվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը