Լրահոս

02.09.2009 09:54


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա առթիվ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարգելի քաղաքացիներ

Այսօր ազգովի նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18-րդ տարեդարձը:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին արցախահայությունը նոր էջ բացեց մեր ժողովրդի հինավուրց պատմության մեջ՝ հաստատակամորեն կանգնելով ազատ ու անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կերտելու դժվարին և պատվավոր ճանապարհին:
Իր ստեղծման առաջին իսկ օրից մեր հանրապետությունը ստիպված էր լուծել դժվարին խնդիրներ և առաջին հերթին ապահովել երկրի ու քաղաքացիների անվտանգությունը: Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին Արցախը կարողացավ պատվով իրականացնել այդ առաքելությունը՝ պահպանելով պետական անկախությունը և էլ ավելի ամրապնդելով իր անվտանգությունը: Դա հնարավոր դարձավ հայ ժողովրդի հավաքական ուժի և միասնականության շնորհիվ: Հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքն են նվիրաբերել բազմաթիվ հայորդիներ: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց:
Պատերազմից հետո հանրապետության առջև ծառացան նոր մարտահրավերներ՝ այս անգամ արդեն տնտեսական ճակատում: Պետք էր վերականգնել ավերված տնտեսությունը և ամուր հիմքեր ստեղծել պետության հետագա զարգացման համար: Համայն հայության ստեղծարար կամքի և ապագայի հանդեպ արցախցու լավատեսության ու անսպառ եռանդի շհորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հաջողվեց այդ ամենը իրականացնել համեմատաբար կարճ ժամանակահատվածում:
Այսօր մեր երկիրը կայուն առաջընթաց է ապրում. զարգանում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, բարձրանում է բնակչության կենսամակարդակը: Մեր պետությունում գործում է միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխանող ժաղովրդավարական համակարգ: Արցախը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման կարևորագույն գործոններից մեկը, իսկ նրա միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է: Մեր պետության և ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակը, ի զորու է արժանի հակահարված տալ մեր անկախության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության: Անելիքները դեռ շատ են, և մենք պետք է ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքի միջոցով լուծենք հանրապետության առջև ծառացած խնդիրներն ու էլ ավելի զորացնենք հայրենի երկիրը:
Իր զարգացման և պետական շինարարության ճանապարհին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և խաղաղ գոյատևման գաղափարներին: Մենք վստահ ենք, որ ցանկացած վիճահարույց խնդիր պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, անմիջական ու անկեղծ երկխոսության միջոցով: Միևնույն ժամանակ, խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության և անվտանգության չնչին իսկ թուլացման մասին: Այս բացառիկ արժեքները ենթակա չեն սակարկության:
Թանկագին հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք:

Ստեփանակերտ,
2 սեպտեմբերի 2009թ.

 

Այս խորագրի վերջին նյութերը