Մեկնաբանություն

24.06.2014 11:10


Քվորումի խնդիր

Քվորումի խնդիր

Շատերն էին զարմացել, թե Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք ՕԵԿ–ից պատգամավոր գողանալը։

«Սերժի ինչի՞ն է պետք այդ մեկ «անլեզուն», երբ նա 70 պատգամավոր ունի և դա հերիք է, որպեսզի ցանկացած որոշում անցկացնի»,– տարակուսում էին ոմանք։

Դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ Սարգսյանին, իրոք, պետք է ամեն մի գլուխ և ամեն մի ճամբարափոխի «մեզ», քանզի ՀՀԿ–ի ջրաղացը սկսել է լավ չաշխատել։

Եթե նախկինում ՕԵԿ–ի ձայները կոմֆորտային վիճակ էին ապահովում ճանապարհորդության մեծ սիրահար ՀՀԿ–ական կանանց ու մյուսների համար, ապա հիմա սրանք ստիպված են զբաղվել կոճակասեղմ գործունեությամբ, այսինքն՝ գտնվել ԱԺ նիստերի դահլիճում, ինչը շատ տաժանակիր աշխատանք է այլ նպատակով խորհրդարան եկածների համար։

Խորհրդարանական մեծամասնության մոտ այժմ սահմանային վիճակ է ստեղծվել։ Հերիք է՝ մեկ–երկուսը հիվանդանան, իսկ մեկ–երկուսն էլ՝ գործուղման մեկնեն, արդեն նույնիսկ քվորում հնարավոր չի լինում ապահովել։

Սերժ Սարգսյանին հիմա ավելի հեշտ է քվորում ապահովել խնջույքի սեղանի շուրջ, քան ԱԺ–ում։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում կարող են լինել շատ անսպասելի զարգացումներ. մտնում ենք «անասնագլխաքանակի» սեփականաշնորհման և վերասեփականաշնորհման փուլ։

Ի դեպ, արդեն իսկ ՀՀԿ–ականների ներսում հնչում են ընդդիմադիրոտ տեսակետներ ԱԺ ամբիոնից։ Եթե ներիշխանական էրոզիան խորանա (իսկ դա անխուսափելի է Սերժ Սարգսյանի «կաղ բադի» սինդրոմի խորացման պարագայում), ապա սեպտեմբերից սկսած՝ ԱԺ–ն կվերածվի փողոցային պայքարի ինդիկատորի. որքան հզորանա «փողոցը», այնքան Սերժ Սարգսյանը քվորումի և անհրաժեշտ ձայների ապահովման խնդրի առաջ է կանգնելու։

Տեղին է հիշեցնեելը, որ 2008թ. նախագահական ընտրություների ժամանակ, երբ Ազատության հրապարակը ծփում էր, Լևոն Տեր–Պետրոսյանին հաջողվեց 7–հոգանոց «խմբակցություն» ձևավորել, ինչը լրջորեն անհանգստացրեց իշխանությանը, և «խմբակցությունը» ցրելու համար գործի դրվեցին կոշտ մեթոդներ։

Դե հիմա պատկերացրեք, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել այն խորհրդարանում, որտեղ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունն» (գումարած նաև ՕԵԿ–ը) ունեն լուրջ ներկայություն։ «Գեբելսյան» քարոզչամեքենան իզուր չէ տարատեսակ «դհոլների» միջոցով շրջանառության մեջ դնում «Թող ոչիշխանական ուժերը մանդատները վայր դնեն» պրոսերժական թեզը։

Քաղաքական գործընթացներին ներսից հետևողներն ու լավատեղյակները գիտեն, որ խորհրդարանում սահմանային վիճակ է, և, հետևաբար, մանդատների հարցը դառնում է խիստ կարևոր։

«Կաղ բադիկի» սինդրոմով տառապող Սերժ Սարգսյանն այս ամենը հասկանում է ու դրա համար սկսել է քծնել ՀՀԿ–ականներին՝ նրանց ծաղկաձորներում պատիվ տալով։ Այն ՀՀԿ–ականներին, որոնց դեմ Բաղրամյան 26–ն իր քարոզչագործիքներով «մուտիտներ» է տարածում՝ խնդիր ունենալով սեփականության վերաբաշխում իրականացնել։

Մի խոսքով, իշխանության ներսում գաղջ մթնոլորտ է։ Սերժ Սարգսյանը մի կողմից իր թիմ կոչվածին հրավիրում է Ծաղկաձոր, հետները բաժակ բարձրացնում և կենացներ ասում ու լսում, իսկ մյուս կողմից՝ նույն այդ թիմ կոչվածի դեմ իր լրատվամիջոցներով հոդվածներ պատվիրում։ Թիմ կոչվածն այդ ամենը գիտի ու սպասում է հարմար պահի, որ փակի բոլոր հաշիվները։ Ասել է թե՝ իշխանության ներսում հարաբերությունները զարգանում են փոխադարձ «քցոցիի» պայմաններում։

«Փողոցի» գործը պետք է լինեն մոբիլիզացիան մեծացնելն ու ՀՀԿ–ական անդեմ զանգվածին խորհրդարանում չեզոքացնելը։ Քվորումի խնդիրը պետք է լուծել և լուծել հօգուտ հանրության։ Սերժ Սարգսյանին հարկավոր է մեն–մենակ թողնել հանրության առաջ։ Մնացածն արդեն տեխնիկայի հարց է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը