Մեկնաբանություն

26.06.2014 23:59


Սերժ Սարգսյանի ռեսուրսներն ու հրաժարականի հավանականությունը

Սերժ Սարգսյանի ռեսուրսներն ու հրաժարականի հավանականությունը

2008թ. սկսած տարբեր մակարդակներում քննարկվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի կամ հեռացման հարցը: Այսօր կրկին այդ հարցը շրջանառության մեջ է:

Հրաժարականի կամ հեռացման հավանականությունը հասկանալու համար անհրաժեշտ է գնահատել քաղաքական դաշտի դասավորվածությունը և փորձել տեսնել, թե արդյոք հնարավոր է նմանատիպ սցենար:

Քաղաքական դաշտը հասկանալու համար անհրաժեշտ է գնահատել Սարգսյանի ներկայիս ռեսուրսները, ինչպես նաև 2008 թվականին և դրանից հետո ձեռք բերած և կորցրած ռեսուրսները:

Երբ 2008թ. Սարգսյանը եկավ իշխանության, նա ձևավորեց կոալիցիոն կառավարություն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի հետ: Իր վարած ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում նա կորցրեց երեք կոալիցիոն գործընկերներին: Սկզբում ՀՅԴ-ն լքեց կոալիցիան՝ «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում, այնուհետև ԲՀԿ-ն լքեց կոալիցիան՝ ներքին, հատկապես՝ սոցիալ–տնտեսական քաղաքականության հետ կապված տարաձայնությունների պատճառով: ՕԵԿ-ն էլ լքեց կոալիցիան, այսինքն՝ Սերժ Սարգսյանին լքեց Արթուր Բաղդասարյանը, ով թվում է, թե դատապարտված էր նրա կողքին մնալ։

Այսպիսով, եթե 2008թ. Սարգսյանը ունեցել է երեք կուսակցության ամբողջական աջակցություն (չհաշված ՀՀԿ–ն), ապա այսօր այդ կուսակցություններից ոչ մեկը կոալիցիոն կառավարության մեջ չէ:

Իշխանության գալու պահին Սարգսյանը ունեցել է Արցախը պաշտպանողի իմիջ: Հանրության մի հատվածի մոտ կարծիք կար, որ նա Արցախի հարցում հայանպաստ քաղաքականություն կվարի: Այսօր նա ամբողջովին կորցրել է այդ իմիջը, քանի որ նրա վարած քաղաքականության արդյունքում Արցախը վտանգի մեջ է հայտնվել: Նույնիսկ իր վերջին հարցազրույցում Սարգսյանը խնդրել էր իր ընդդիմախոսներին չպաշտպանել Արցախը իրենից, սակայն իրականությունը փաստում է, որ նման անհրաժեշտություն կա: Եվ ոչ միայն Արցախի հարցում։ Հայաստանը, բնականաբար, նույնպես ունի Սարգսյանից լուրջ պաշտպանության կարիք։

Անհրաժեշտ է նշել, որ Սարգսյանը իր կառավարման ընթացքում չի կարողացել ձևավորել սոցիալական հենարան: Ցանկացած ավտորիտար ռեժիմի առաջնորդներ ունենում են սոցիալական շերտ, որն աջակցում է նրանց:

Օրինակ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը կամ այլ առաջնորդներ երկրի համար սոցիալ-տնտեսական առաջընթաց են ապահովել, որի արդյունքում էլ ձևավորել է իրենց աջակցող խավ: Մի կողմ թողնենք, թե որքանով է այդ ամեն ինչը կայուն։ Տվյալ դեպքում էականն այն է, որ անգամ ավտորիտար առաջնորդները որոշակի հանրային շերտի վրա են հենվում։

Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում հետընթաց է եղել սոցիալ-տնտեսական գրեթե բոլոր ոլորտներում՝ աղքատությունը 26 տոկոսից հասել է 37 տոկոսի, ՀՆԱ-ն այսօր դեռ ցածր է 2008թ. ՀՆԱ-ի մակարդակից: Նման ձախողումների պատճառով Սարգսյանը չի կարողացել ձևավորել իրեն աջակցող սոցիալական շերտ: Նույնիսկ հակառակն է տեղի ունեցել. բնակչության մի մասը աղքատացել է ՀՀԿ ղեկավարի օրոք, ինչը ավելացրել է նրա հակառակորդների բանակը։

Ձախողված արտաքին քաղաքականության արդյունքում՝ Սարգսյանը կորցրել է արտաքին սուբյեկտների աջակցությունը: Նախ Ասոցացման պայմանագրի ձախողման արդյունքում կորցրել է վստահությունը Արևմուտքում, հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում սփյուռքի մեծ մասին իր դեմ է տրամադրել, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների մոտ չի կարողացել վստահելի գործընկեր դառնալ: Նույնիսկ Իլհամ Ալիևը ավելի մեծ ազդեցություն ունի Եվրասիական տնտեսական միության վրա՝ չլինելով այդ կառույցի անդամ դառնալու հայտ ներկայացրած երկրի ղեկավար, քան այնտեղ շտապող Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ–ի ներսում ևս թուլացել է Սարգսյանի դիրքը: Տիգրան Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում մնալը կարևոր էր Սարգսյանի համար այն տեսանկյունից, որ այդ հանգամանքը մրցակցություն էր ստեղծում Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի միջև, իսկ այդ մրցակցությունը բարձրացնում էր Սերժ Սարգսյանի դերակատարությունը՝ որպես արբիտր նրանց միջև: Այսօր Հովիկ Աբրահամյանը միայնակ է մնացել, և այդ հանգամանքը թուլացրել է Սերժ Սարգսյանի դիրքերը: Միևնույն ժամանակ, Հովիկ Աբրահամյանը կարևոր դերակատարություն ուներ ԱԺ-ում և կարողանում էր ՀՀԿ-ականների ներկայությունը ապահովել օրենսդիր մարմնում, այսօր Գալուստ Սահակյանը չի կարողանում նույն ձևով աշխատել: Վառ օրինակը վերջին շրջանում ՀՀԿ-ի կողմից ավելացած բացակայություններն են ու քվորումի ապահովման խնդիրները:

Տիգրան Սարգսյանի ներկայությունը կարևոր էր Սերժ Սարգսյանի համար նաև որպես տնտեսությունը սեփականաշնորհելու գործիք։ Հիմա այդ գործիքին նա՝ քառյակի ճնշման տակ, ստիպված եղավ զոհաբերել։

Այսպիսով, Սարգսյանն իր վարած քաղաքականության արդյունքում գրեթե միայնակ է մնացել, ինչպես նաև զրկվել է քաղաքական ռեսուրսների մեծ մասից: Նման քաղաքական իրավիճակում առավել հավանական է դառնում Սարգսյանի հրաժարականը, որովհետև մի կողմից նա կառավարումը շարունակելու քիչ ռեսուրս ունի, մյուս կողմից առկա է նրա դեմ ձևավորված քաղաքական լայն միջավայր:

Քաղաքագիտականն բոլոր կանոնների համաձայն՝ ստեղծված իրավիճակից ամենահավանական ելքը մնում է Սերժ Սարգսյանի հրաժարականը կամ հեռացումը:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը