Լրահոս

02.09.2009 16:22


Թուրքագետ. «Ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ այնքան կաճի ալիքը, որ կստիպի ինչ–որ փոփոխություններ անել արտաքին քաղաքականության կուրսի մեջ»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները վավերացնելու մասին՝ ասել է, թե արձանագրություններում տարբեր ժամկետներ են նշվում փաստաթղթերի իրականացման համար, սակայն ԱԺ-ի կողմից վավերացման ժամկետային խնդիրը նշված չէ։

-Փաստաթղթի վավերացումը կախված է իշխող կուսակցության քաղաքական որոշումից. եթե այդ որոշումն ընդունվի, ապա գրեթե անհավանական է, որ այդ վավերացումը տեղի չունենա, բայց մի այլ զարգացման հնարավորություն էլ կա. դա այն է, որ վարչապետ Էրդողանը ադրբեջանական իշխանություններին խոստացել է, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, այս փաստաթղթերը չեն անցկացնի մեջլիսով,-ասել է թուրքագետը։

Նրա խոսքերով՝ մեր խորհրդարանում էլ իշխանական կուսակցությունները գերակշռում են, և եթե լինի քաղաքական որոշում, արձանագրությունները կվավերացվեն առանց խնդիրների։

-Թուրքիայի պարագայում մի փոքր ավելի բուռն կլինի, քանի որ այնտեղ ընդդիմությունն այլ կերպ է ներկայացված։ Թուրքական հասարակությունը մեծ մասամբ ունի ազգայնամոլական ծայրահեղական  և հակահայկական հակումներ և դիրքորոշում։ Բացի դա, հասարակական արձագանքը 90 %-ով բացասական է.  բարձրաձայնվում է եղբայրական Ադրբեջանի խնդիրը, և այն մեծ ազդեցություն է ունենալու,-հավելել է նա։

Այն հարցին, թե մեր հասարակության արաձագանքը որքանո՞վ դեր կունենա քաղաքական որոշման վրա, թուրքագետը պատասխանել է, որ մեր արձագանքն ավելի հուզական է, քան քաղաքական։

-Էմոցիաներն ուրիշ են, ռեալ քաղաքականությունն ուրիշ է։ Ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ այնքան կաճի ալիքը, որ կստիպի ինչ-որ փոփոխություներ անել արտաքին քաղաքականության կուրսի մեջ,- նշել է նա։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ արտաքին քաղաքականության առումով միայն ՀՅԴ-ն է ընդդիմություն ներկայանում։

-ՀԱԿ-ը որոշ հարցերում կողմ է, որոշ հարցերում՝ դեմ։ Թուրքիայի հետ մերձեցումը ՀԱԿ-ի կողմից  ողջունվել է, ճիշտ է՝  որոշակի  դրույթներին դեմ են արտահայտվել, բայց, խոշոր հաշվով, կողմ են արտահայտվել, այնպես որ, բուռն արձագանք չի լինի,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը