Մեկնաբանություն

27.06.2014 17:11


Եվրաասոցացման գինը

Եվրաասոցացման գինը

Այսօր Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրեց այն նույն գրիչով, որով պետք է ստորագրեր Յանուկովիչը, սակայն չհասցրեց կամ չկարողացավ անել դա։

Ասոցացման համաձայնագրի ստորագրման արարողության կադրերը հիշեցնում էին ամիսներ առաջ տեղի ունեցածը։ Այն ժամանակ Պուտինն էր Կրեմլում հանդիսավոր կերպով նշում Ղրիմի ներառումը ՌԴ կազմ, իսկ հիմա Արևմուտքն է նույն ձևով նշում իր ավարի ձեռքբերումը։

Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ եվրաասոցացման գործընթացն ավելի շատ աշխարհաքաղաքական է, քան տնտեսական։ Այն ամենավերջում է առնչվում ասոցացվող երկրների շահերին։

Պարզից էլ պարզ է, որ ԵՄ–ն չէր պատրաստվում և չի պատրաստվում իր կազմի մեջ ներառել Մոլդովային, Վրաստանին և Ուկրաինային։ Առավելևս ԵՄ–ն Հայաստանին չէր ընդունելու իր շարքերը։

Եվրաասոցացման գործընթացը Արևմուտքի և Ռուսաստանի միջև բուֆերային գոտու կամ սանիտարական միջանցքի ձևավորման ֆունկցիա է կատարում, ինչին ՌԴ–ն հակադարձեց Մաքսային միություն ու այժմ արդեն Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու քայլով։

Կրեմլում, բնականաբար, դեմ են, որպեսզի ՆԱՏՕ–ն ընդլայնվի դեպի արևելք, իսկ Արևմուտքն ուզում է ԽՍՀՄ նախկին երկրներին դարձնի մանրադրամ՝ ՌԴ–ի հետ մրցակցությունում։

Հայաստանն, ըստ այդմ, «արևմտամետ» Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով մտել էր Արևմուտք–Ռուսաստան դիմակայության գոտի։ Սերժն աճուրդի էր հանել Հայաստանն ու Ղարաբաղը՝ իշխանության վերարտադրության դիմաց։ Տեղի էր ունեցել գործարք «Վերջի բոլշևիկի» և եվրաչինովնիկների միջև. նրանք աջակցում են Սերժի ընտրակեղծիքներին ու դիմացը ստանում հակառուսական պոլիգոնի վերածված Հայաստան։ Թե ինչով էր ավարտվելու այդ ամենը, այսօր արդեն պարզ է անգամ ոչմասնագետների համար. Ուկրաինան բոլորիս աչքի առաջ է (տարբերությունն այն էր լինելու, որ եթե Ուկրաինան ինչ որ ձևով մնաց որպես պետություն և դեռ փորձում է դիմադրել ՌԴ–ին, ապա Հայաստանի պարագայում ունենալու էինք կատաստրոֆա՝ պետության կորստի տեսքով)։

ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացն այնքան հակահայկական բնույթ ուներ, որ պատահական չէր Ադրբեջանի՝ դրան չմիանալը և Հայաստանի կործանմանը նախապատրաստվելը։

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի արտաքին կուրսի արդյունքում զգալիորեն լավացան ՌԴ–Ադրբեջան հարաբերությունները՝ վերածվելով ռազմավարականի։

ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացը մեզ համար, ինչպես հայտնի է, ավարտվեց ՄՄ մտնելու որոշմամբ, ինչը մրից դուրս գալու և մրջուրն ընկնելու պես մի բան է, այսինքն՝ էլի չի բխում ՀՀ շահերից։ Դա ինքնանվաստացման ակտ էր, բայց քանի որ Սերժ Սարգսյանն ուրույն պատկերացումներ ունի պետական շահի ու մարդկային արժանապատվության մասին, ուստի՝ Զորի Գայկովիչի ձեռքը բռնած մտավ «կլուբ»։

Եվրաասոցացման գինն, ըստ այդմ, Հայաստանի դիրքերի թուլացումն է այն աստիճանի, որ արդեն Սերժ Սարգսյանը ստիպված համաձայնում է Նազարբաևի շուրթերով հնչեցրած Իլհամ Ալիևի պահանջներին՝ առաջնորդվելով «Թող ռուսները մտածեն Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության մասին, քանզի ես Գյուլիստանի պայմանագրով հանձնվել եմ Կրեմլին, իսկ եթե երկիրը վարի գնա, ապա ոչինչ, կարևորը որ ես այս ընթացքում ահագին հարստության տեր դարձա։ Հայերը պարբերաբար կորցրել են իրենց պետությունը, ես ումի՞ց եմ պակաս որպես հայ ժողովրդի օրինակելի զավակ» կարգախոսով։

Եվ այսպես, եվրաասոցացման գինը շատ թանկ նստեց մեզ վրա։ Սակայն դրա մեղավորը ոչ թե Մոսկվան է, Վաշինգտոնը կամ Բրյուսելը, այլ Սերժ Սարգսյանն ու հայ ժողովուրդը։

Սերժ Սարգսյանը մեղավոր է, քանզի պետությունը քայքայում է օտար զավթիչին ներհատուկ էնտուզիազմով, իսկ հայ ժողովուրդը մեղավոր է, քանզի հանդուրժում է Սերժ Սարգսյանին նախագահի աթոռին և առայժմ չի կարողանում իր քաղաքական ներկայացուցիչների միջոցով դուրս շպրտել այդ «օտար մարմինը» պետական ապարատից։

Գալիս է, հետևաբար, «կամ, կամ»–ի ժամանակը։ Կա՛մ Սերժ Սարգսյանը «տրամաբանական ավարտին» կհասցնի իր գործունեությունը՝ հնարավորություն տալով մեզ քարտեզի վրայից ջնջված ՀՀ–ի մասին խոսել աշխարհի տարբեր քաղաքների գարեջրատներում, կա՛մ մենք կհեռացնենք նրան ու իր «շայկային» և կկարողանանք նորմալ պետություն կառուցել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ուկրաինացիները սխալվեցին՝ իրենց երկիրը գործիք ու մարտադաշտ սարքելով աշխարհաքաղաքական խաղերում։ Եվրաասոցացման գինն Ուկրաինայի համար մարդկային զոհերն են, կորցրած Ղրիմը, այդ երկրի արևելքում առկա պատերազմը, ժողովրդի պառակտումը, քաոսի մատնված Ուկրաինան ու փլուզված տնտեսությունը։ Իսկ կարգավորվելու հեռանկար չի էլ երևում. պետք չէ խաբնվել եվրոպական ճոխ փաթեթավորմանը և կարմիր գորգերի վրայով քայլող լուրջ դեմքով «ձյաձյաներին»։

Եթե ոմանց թվում է, թե Արևմուտքը կամ Ռուսաստանը կօգնեն իրենց հակված ուկրաինացիներին ոտքի կանգնել, չարաչար սխալվում են։ Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը չեն օգնելու արևմտամետ կամ ռուսամետ ուկրաինացիներին։ Քանի որ երկու կենտրոններն էլ բացառապես իրենց շահերով են առաջնորդվելու՝ «թնդանոթի մսի» ֆունկցիա վերապահելով ուկրաինացիներին։

Ամեն մեկն իր տունն ինքը պետք է կառուցի։ Իսկ եթե մտնում ես առևտրի մեջ ու խաղասեղանին դնում երկիրդ, ապա ստացվում է շատ վատ բան։

Այս խորագրի վերջին նյութերը