Մեկնաբանություն

28.06.2014 13:59


Եվ դարձյալ «կեղտոտ» մամուլի մասին

Եվ դարձյալ «կեղտոտ» մամուլի մասին

Արդեն տաս օր է՝ մամուլը խանդավառված ծամծմում է Էջմիածնում ապրող հայտնի գեներալների հարազատների եւ «անհայտ անձանց» միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը: Էս պատմությունը իրենց հերթին տարածում են շատ կայքեր:

«Ավտովազանցային» ճղճիմ միջադեպի շուրջ նույն մամուլը օր օրի մատուցում է խելքից-մտքից դուրս «խոր վերլուծություններ»: Նշվում են ինչ-որ գողական հեղինակությունների մասին (Դոն Պիպո եւ այլն), լուրջ-լուրջ եզրահանգումներ են արվում, հարցուփորձը համառորեն շարունակում են ու էջերը լցնում գեներալների մի քանի բառանոց նախադասություններով, եւ դարձյալ սրանց ասածի «հիման» վրա մի նոր ավելի «խոր վերլուծություններ» են հրամցնում:

Ողբալի՛ է, պարոնա՛յք, ու նաև՝ տիկնայք: Էս ինչո՞վ եք զբաղված: Ո՞ւմ է հետաքրքրում մի քանի անձերի միջեւ եղած «դարավոր թշնամությունը» կամ «վատ հարաբերությունները»:

Ողբալի չէ, զզվելի է:

Էլ բան ու գործ չունե՞ք, որ ստիպված եք ինչ-որ մի առօրեական, սովորական ու աննշան «աբգոնի» պահը ներկայացնել գրեթե որպես «պատմական պահ» ու ինքնամոռաց խորանալ թեմայի մեջ այն աստիճան, որ կարողանաք այնտեղից դուրս բերել համարյա տարածաշրջանային կամ նույնիսկ ավելի գլոբալ հարթության մեջ «նկատելի ազդեցությունների» խնդիր:

Է՛հ, հետո՞…Իսկապե՞ս այդքան պարապ եք մնացել, եւ կամ՝ կարծում եք, թե նման չնչին, «քուչի մակարդակից» էլ ցածր «թեմաները» կարող են հետաքրքրել ընթերցողին:

Հայկական մամուլում էս տեսակ ողորմելի, նվաստ ու նսեմ «թեմաների» պակաս չկա. ով ում թարս նայեց, ինչու նայեց, ուրեմն՝ «ըստե մի բան կա» ոճի մեջ գրոտում ու գրոտում են, օրերով ու ամիսներով տիրաժավորում են երկու կամ երեք անձի միջեւ իբր գոյություն ունեցող «հին հաշիվների» մասին անիմաստ ու անկապ «լուրիկներ» հետո դրանք դարձնում են միջին ծավալի նյութեր, հետո՝ «լավաշներ» եւ այսպես շարունակ:

Պարզ է, որ այս կենցաղային «սերիալներին» ոչ մի բանական ընթերցող ուշադրություն չի դարձնում: Բայց հայկական մամուլը ջանադրաբար շարունակում է սրա կամ նրա պատահական փռշտոցը, այս կամ այն գողական հեղինակության «միտք բանին» հանրությանն անհայտ ու հայտնի անձերի հետ կապված կամ նրանց հետո ինչ-որ չափով առնչվող անկարեւոր «միջադեպերը» շրջանառել՝ ըստ էության, «ոչինչից մեծ աղմուկ» հստակ նպատակադրումով:

Իրոք, Թումանյանի ժամանակներից ոչինչ չի փոխվել: Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր մեր մամուլի վիճակը չի փոխվել:

«Կեղտոտ մամուլ» վերնագրով իր հոդվածում Հովհաննես Թումանյանը նկատում է հետևյալը. «Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»: Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են: Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում: Չեն կարդում և չեն կարող կարդալ, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «կեղտոտ» եք: Եվ շատ լավ են անում: Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան»:

Մեկ այլ հոդվածում («Մեր մամուլն ու իր ընթերցողը») Թումանյանը հարցնում է՝ ի՞նչ տեղեկություն է ստանում ժողովուրդը մամուլից եւ նկատում է. «Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել, այսինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա... Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞ թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը:

Գուցե այդ թերթերը անկողմնապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմանի քննության առարկա են դարձրել նրա ուսումնական ու տնտեսական կյանքը և իրենց ընթերցողների համար պարզել են այդ «լուսավորության տաճարը» ներսից և դրսից: Երբե՛ք: Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չորս կողմը, մեծ մասամբ լիքը հետին մտքերով, կուսակցական կրքով ու անձնական վիրավորանքով»:

Բանաստեղծը այս ամենը տարօրինակ ու զարմանալի է համարում. «Շատ է տարօրինակ, շատ է զարմանալի, բայց փաստ է: Վերջապես հայի կյանքում խոշոր դեպքեր են տեղի ունեցել, աղետներ ու շարժումներ են եղել: Գուցե թե այդ մամուլը անկողմնապահ ու բազմակողմանի քննության է ենթարկել այդ երևույթները: Դարձյալ նույնը, միշտ նույնը. կամ օվսաննա կամ հայհոյանք: Գնա ինչ կուզես դրանից հասկացիր»:

Երիցս ճիշտ է, հանճարեղ լոռեցին: Այսօր էլ հայի կյանքում տեղի ունեցած խոշոր դեպքերը, աղետներն (գործող իշխանությունը տեղով աղետ է) ու շարժումները անկողմնապահ ու բազմակողմանի քննության առնելու փոխարեն, մեր մամուլի մի հսկայական հատված շարունակում է ակտիվորեն արծարծել ու լուսաբանել մանր, ճղճիմ, գետնաքարշ «թեմաները»:

Պարզապես «կեղտոտ» բառը փոխարինվել է «գաղջ» բառով: Իսկ թե ում է ձեռնտու գաղջի տարածումը՝ գիտենք բոլորս:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը