Քաղաքական

02.09.2009 18:51


Ստեփան Սաֆարյան. «Մեկնում ենք տարբեր գիտաժողովների, որոնք հասու չեն կարող լինել հանրապետականների բազեական մտքին»

Ստեփան Սաֆարյան. «Մեկնում ենք տարբեր գիտաժողովների, որոնք հասու չեն կարող լինել հանրապետականների բազեական մտքին»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը հերթական անգամ պնդել է, որ «Ժառանգությունն» օտար երկրից ֆինանսավորվող կուսակցություն է։

-«Ժառանգություն» խմբակցության անդամներից բոլորը հերթով և հատկապես իրենց ղեկավարն ԱԺ-ի նիստերին չեն մասնակցում և անընդհատ ԱՄՆ-ում են գտնվում, իսկ մյուսներն էլ գործուղվում են եվրոպական տարբեր պետություններ՝ ո՛չ ԱԺ-ի բյուջեի միոցներով։ Հետևաբար, նրանց դրսից ինչ-որ ֆինանսավորողներ կան, և բնական է՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ ով վճարում է, նա էլ երաժշտությունը պատվիրում է,- պնդել է Ռ. Պետրոսյանը։

«Որտե՞ղ եք մեկնում և ֆինանսական ի՞նչ միջոցներով» «7օր»-ի հարցին «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն ասել է.

-Մեկնում ենք տարբեր գիտաժողովների, որոնք հասու չեն կարող լինել հանրապետականների բազեական մտքին, մեկնում ենք տարբեր դասախոսություններ կարդալու տարբեր հետազոտական կենտրոններում՝ որպես նախկին փորձագետ, որոնք նույնպես հասու չեն կարող լինել այդ «մտքի տիտաններին»։

Խոսելով նման այցելությունների ֆինանսավորման մասին՝ ԱԺ «Ժառանգությնա» պատգամավորն ասել է, որ ընդունված ընթացակարգ է, երբ հրավիրող կողմն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը։

Ս. Սաֆարյանը նաև հավելել է, որ թեև Ռ. Պետրոսյանի հայտարարությունը ժպիտ է առաջացնում, բայց «Ժառանգությունն» իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ պահանջում է ընթացք տալ «Հանրապետական կուսակցության կարկառուն տարբեր դեմքերի՝ սկսյալ Գալուստ Սահակյանից, Ռազմիկ Զոհրաբյանի, Ռաֆիկ Պետրոսյանի նույնաբովանդակ հայտարարությունների կապակցությամբ».

-Սույն պարոնները պարտավոր են ներկայացնել իրենց ունեցած ծանրակշիռ փաստերն ու ապացույցները «Ժառանգության» վերաբերյալ։ Իսկ եթե անգամ դրանք «ապացուցվեն», պահանջում ենք նրանց պատասխանատվության ենթարկել իրենց իմացած հանցագործությունը պարտակելու համար, եթե ոչ՝ ավելացնել ևս մեկ հոդված՝ զրպարտությունը։

Փոխարենը Ռ. Պետրոսյանը դատարանում հայտնվելուց չի վախենում, քանի որ կարծում է.

-Որևէ նախաքննական մարմին դրան ընթացք կտա այն դեպքում, եթե ուղղակիրեն որևէ մեկին մեղադրես Քր. օր-ի դավաճանության հոդվածի մեջ։ Բայց ես ոչ թե մեղադրել եմ, այլ արտահայտել եմ հասարակական կարծիքը, որը գոյություն ունի ԱԺ-ում և մեր հանրապետությունում։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը