Մեկնաբանություն

02.07.2014 10:08


«Հայկական աշխարհը» չի ընդունում Տիգրան Սարգսյանին

«Հայկական աշխարհը» չի ընդունում Տիգրան Սարգսյանին

Մի երկու օր առաջ լրատվամիջոցները տեղեկացրին, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն ճամպրուկներն է հավաքում, որ մեկնի Միացյալ Նահանգներ: Նշվում էր, որ առայժմ առանց ընտանիքի է մեկնում:

Եվ մինչ Տիգրան Սարգսյանը կհավաքեր ճամպրուկները, ամերիկահայերը հակադեսպանական նախաձեռնությամբ են հանդես եկել:

Ամերիկայի հայկական ֆորումը համացանցում ընդդեմ Տիգրան Սարգսյանի ստորագրահավաք է սկսել:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է. «Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից»:

ԱՄՆ պետքարտուղարությանը ներկայացրած ամերիկահայության պահանջները մի քանիսն են՝ կանխել Տիգրան Սարգսյանի՝ արդարադատությունից խուսափելու փորձը, վերջինիս հանցագործությունների մեղսակիցը չդառնալ եւ հրաժարվել Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից:

Կարճ ասած՝ մեր հայրենակիցները բոյկոտում են նորանշանակ դեսպանին եւ պետքարտուղարությունից պահանջում են նույն կերպ վարվել:

Այսպես, ուրեմն, Սերժ Սարգսյանն իր սիրելի Տիգրան Սարգսյանին շնորհակալություն հայտնեց վարչապետական հակաժողովրդական գործունեության համար, պարգեւատրեց դեսպանի պաշտոնով եւ «թռցրեց» երկրից, իսկ ամերիկահայերը ոչ մի կերպ չեն ուզում նրան ընդունել:

Ասում են՝ ամերիկահայերն ակտիվորեն մասնակցում են ստորագրահավաքին, ինչը բնավ զարմանալի չէ:

Եթե նկատի առնենք այն, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների վեցամյա կառավարման շրջանում երկրից հեռացել է, ավելի ճիշտ՝ մազապուրծ եղած փախել է մոտ 300 հազար ՀՀ քաղաքացի, ապա նշված հայտարարության տակ ստորագրել ցանկացողների պակաս չի զգացվի:

Տիգրան Սարգսյանը երազում էր իրագործել իր «Հայկական աշխարհի» գաղափարը, բայց որպես «նշանավոր» ձախողակ՝ այնպես կառավարեց, որ «Հայկական աշխարհը» տեղափոխվեց օվկիանոսից այն կողմ, նաեւ՝ Եվրոպա ու Ռուսաստան:

Տիգրան Սարգսյանն էր, չէ՞, ասում, թե՝ ի՞նչ անենք, մարդկանց չթողնենք գնան, որ մնան այստեղ ու հեղափոխություն անե՞ն:

Ի՞նչ իմանար, որ գալու է օրը, երբ իր դեմ բողոքի ակցիա են անելու բոլոր նրանք, ովքեր իր եւ Սերժ Սարգսյանի կառավարման հետեւանքով հայտնվել են Ամերիկայում:

Թե ինչպես կարձագանքի ԱՄՆ պետքարտուղարությունը ամերիկահայերի նախաձեռնած ստորագրահավաքին, այնքան էլ կարեւոր չէ: Թեեւ, պետք է նկատել, որ սա աննախադեպ ակցիա է, քանի որ մինչ օրս նախկին դեսպանների նշանակումների ժամանակ երբեւէ տեղի հայությունը նման դեմարշ չի իրականացրել:

Իրողությունն այն է, որ Տիգրան Սարգսյանը՝ որպես վարչապետ, ընդունելի չէր Հայաստանում, իսկ հիմա էլ որպես դեսպան ընդունելի չէ ամերիկահայության շրջանում: Այսինքն, նա հեղինակզրկված է թե՛ հայրենիքում եւ թե՛ սփյուռքում: Իսկ թե ինչպես է պատրաստվում աշխատել իր դեմ ընդվզող հայ համայնքի հետ, այս պահին դժվար է պատկերացնել:

«Բարո՜վ եկար, սիրո՛ւն կռունկ» երգելով եւ կիթառ նվագելով հազիվ թե կարողանա «աչքը մտնել» ամերիկահայերի այն հատվածի, որը հենց ի՛ր կամ նաեւ իր պատճառով է հայտնվել «Հայկական աշխարհում»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը