Կարծիք

03.07.2014 12:45


«Ինչպե՞ս է ստացվել, որ պայքարող ազգից վերածվել ենք կամքից զուրկ մի արարածի»

«Ինչպե՞ս է ստացվել, որ պայքարող ազգից վերածվել ենք կամքից զուրկ մի արարածի»

Էնպես է ստացվել, որ մանկուց ծնողներս սովորեցրել են ինձ հպարտանալ նրանով, որ ես հայ եմ: Եվ ես, իսկապես, հպարտ էի, որ հայ եմ. չէ՞ որ իմ ազգը բազմաթիվ հանճարներ է ծնել, պատերազմներ հաղթել, ունի անկրկնելի մշակույթ և բարձր հոգևոր արժեքների կրող է: Եվ նույն էդ հպարտությունը ես փորձում էի փոխանցել իմ երեխաներին, քանի որ վստահ էի, որ հայն ունի բոլոր հիմքերը հպարտանալու, որ հայ է: Էդպես էր տարիներ շարունակ, սակայն էդպես չէ այսօր:

Ներկայումս ես օրից օր ավելի շատ ամաչելու առիթներ ունեմ, քան հպարտանալու նրանով, որ հայ եմ: Մի կողմ թողնենք էն հանգամանքը, որ այսօր մենք ավելի հաճախ սկսել ենք ուրախանալ ուրիշների դժբախտություններով, հետաքրքրությամբ և ինչ-որ առանձնակի հաճույքով կարդում ենք տարբեր մարդկանց լկտիությունների մասին և փրփուրը բերանին սկսում ենք քննադատել նրանց, բայց իրականում աշխատում ենք էդ լկտիություններից հետ չմնալ: Էս ամենը հասկանալի է և տեսանելի բոլորին: Ինձ ավելի շատ հետաքրքրում է էն հարցը, թե ե՞րբ ենք մենք հասցրել էդքան դեգրադացվել, և ինչպե՞ս է ստացվել, որ պայքարող ազգից վերածվել ենք կամքից զուրկ մի արարածի, ինչն իրականում նույնիսկ հակասում է բնությանը, քանի որ բնությանը բնորոշ է անվերջ պայքար, ձգտում դեպի լավը և այլն:

Իսկ մեր ազգը, ցավոք, գնալով վերածվում է մի զանգվածի, որը գիտի, որ կարող է է՛լ ավելի վատ լինել, բայց ասում է. «Ոչինչ, մի կերպ կհարմարվենք»:

Ո՞նց, ինչպե՞ս է դա հնարավոր: Ինչպե՞ս է ստացվում, որ ամբողջ աշխարհում մարդկանց ինքնագիտակցության մակարդակն աճում է, իսկ մեզ մոտ լրիվ այլ պատկեր է:

Էս ամենը ասում եմ էն բանի պատճառով, որ վերջերս ավելի ու ավելի հաճախ եմ լսում խոսակցություններ էն մասին, թե բա. «Ճիշտ է, Սերժը շատ վատ նախագահ է, բայց ոչինչ, թող մնա. չէ՞ որ կարող է է՛լ ավելի վատը գալ»:

Ժողովո՛ւրդ, ինչպե՞ս կարելի է էդպես մտածել: Մենք հո ստրուկ չե՞նք, որ ուրախանանք, որ մեր տերը վատն է, բայց հարևանների տերը է՛լ ավել վատն է: Հարգելինե՛րս, էդպես չէ՛: Էս անտեր ժողովրդավարությունը ձեզ տրված է նրա համար, որ ընտրենք վատից լավը, այլ ոչ թե հանդուրժեք վատին` մտածելով, որ կարող է՝ է՛լ ավելի վատ լինի:

Էս ամենն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, երբ, ասենք, հիվանդանոց են բերել մի մարդու, ով հսկայական քանակի արյուն է կորցրել ու հեսա կմահանա, եթե արյան փոխներարկում չանեն, բայց իր հարազատներն ասում են, թե բա. « Չէ՛, գիտեք, ի՞նչ իմանանք, գուցե ուրիշի արյունը վարակված է, ավելի լավ է՝ թող մահանա»:

Ախր մենք խոտ չենք, հասկացե՛ք, մենք մարդ ենք, և մեզ տրված է բանականություն, դե եկեք էդ անտերը օգտագործե՛նք, էլի՛: Եթե վատին ընտրեցինք (այո՛, հենց ընտրեցինք, և Սերժին նույնպես մենք ընտրեցինք, քանի որ մեր անգործությունն է բերել նրան, որ նա մինչ այսօր գտնվում է նախագահի պաշտոնում, իսկ դա հավասարազոր է նրան, որ մենք նրան ընտրել ենք), ուրեմն պետք է հետևություններ անել ու մյուս անգամ սխալը չկրկնել և լավին ընտրել, հետո նորից ու նորից: Սա՛ է ժողովրդավարությունը, ժողովո՛ւրդ՝ ընտրել երկրի համար ավելի լավ ղեկավարի, քան նախորդը, հասկանո՞ւմ եք:

Եվ ժողովրդավարությունը ենթադրում է նաև պատասխանատվություն: Իսկ էն մարդիկ, ովքեր վերոնշյալ միտքն են արտահայտում, պարզապես փորձում են խուսափել պատասխանատվությունից սեփական երկրի ապագայի համար: Իսկ նման մարդկանց Սողոնը առաջարկում էր զրկել քաղաքականությունից, քանի որ նման մարդիկ ոչինչ, բացի վնասից, չեն կարող տալ սեփական հայրենիքին:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը