Կարծիք

03.07.2014 23:01


Էդվարդ Անտինյան. ՀԻՄԱ Է՞Լ ՂԱՐԱԲԱՂԸ ՉՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

Էդվարդ Անտինյան. ՀԻՄԱ Է՞Լ ՂԱՐԱԲԱՂԸ ՉՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

Ամեն օր լուրեր ենք ստանում այն մասին, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է: Ինքնին դա չէ անհանգստացնողը, մանավանդ, որ մեզանում շատերն են հիմնավոր կերպով դեմ դրան, այլ այն, որ մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում անընդհատ «ապտակներ» ենք ստանում Եվրասիական միության մեր ապագա գործընկերներից: Իսկ հիմա արդեն պարզ է, որ անկախ նրանից՝ մտածածին, թե իրական պատճառներով է մեր անդամակցությունը հետաձգվում, դրան զուգահեռ ակտիվացել են Ադրբեջանին հրավիրելու քայլերը ՌԴ-ի կողմից:

Իսկ սա նշանակում է, որ, եթե Ադրբեջանը նման ցանկություն հայտնի անդամակցել Եվրասիական միությանը, ապա որպես պարգևավճար պետք է պահանջի Ղարաբաղը: Իսկ թե ինչ է դա նշանակում, լրացուցիչ բացատրության կարիք չունի։
Այժմ մեր երկրի կշիռն այնքան է նվազել, որ Սերժ Սարգսյանին կտրուկ ասում են՝ կհամաձայնվես անդամակցել Եվրասիական միությանն առանց Ղարաբաղի՝ թշերդ կքաշենք, եթե վերջին պահին հրաժարվես՝ ականջներդ:

Այսօր արդեն ՌԴ-ից կարծիքներ են հնչում, որ հարկավոր է լուծել շփման գծում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցը, ու դրան զուգահեռ քննադատվում է ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի ձևաչափը:

Ու եթե ժամանակին Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որպեսզի ղարաբաղյան հարցի կարգավորման ձևաչափը տեղափոխվեր ՄԱԿ կամ ցանկացած այլ միջազգայինն կառույց, միայն թե վերջ դրվեր ստատուս քվոյին, իսկ ամեն անգամ հատկապես հայկական կողմն էր դեմ լինում Մինսկի խմբի ձևաչափից հարցի տեղափոխմանը, ապա հիմա մենք հարցը մտցրեցինք մեկ պետության՝ ՌԴ-ի շահերի ու հետաքրքրությունների տիրույթ, որ նա հանգիստ կարողանա ծանրութեթև անել, թե մե՞նք ենք նրա համար ավելի կարևոր գործընկեր, թե՞ Ադրբեջանը:
Երբ 88-ին սկիզբ առավ ղարաբաղյան հակամարտությունը, դրսում շատերը չէին հասկանում, թե ով է ում հետ կոնֆլիկտի մեջ, և Ղարաբաղն ինչ է ուզում, ինչի համար է պայքարում, մի անեկդոտ էր շրջանառվում, որ մեզ ասում էին. «Մի՞թե դուք ու Ադրբեջանը չեք կարողանում միանալ ու այդ ղարաբաղցիների հախից գալ»:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 25 տարի հետո Հայաստանի իշխանություններն իրենց աթոռները պահելու համար իրենց ջանքերը կմեկտեղեն Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի պատժեն Ղարաբաղին:

Ու եթե մեր երկրում իշխանափոխությունը մի քիչ էլ ուշանա, վախենամ Սերժ Սարգսյանը ՌԴ-ի անունից ուլտիմատում ներկայացնի Ղարաբաղին՝ անվերապահորեն կատարել Ռուսաստանի պահանջը՝ անցնելու Ադրբեջանի կազմ, այլապես կռմբակոծենք Ղարաբաղը:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202506345122406

Այս խորագրի վերջին նյութերը