Կարծիք

04.07.2014 10:16


Երևանի ՃՈ պետի պատասխանը դերասանին

Երևանի ՃՈ պետի պատասխանը դերասանին

Ինչպես տեղեկացրել էինք, դերասան Սեպուհ Սպիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, թե «վերջնականապես հիասթափվել է, և իրեն այլևս չի համարում Հայաստանի քաղաքացի»։ Պատճառը Ճանապարհային ոստիկանության տուգանքն էր։

«Անչափ ցնցված և հիացած եմ մեծն Ճանապարհային ոստիկանություն` «փոսի գայի» մականվամբ, վերաբերմունքից և աշխատանքից»,–գրել էր դերասանը։ Այս գրառմանն արձագանքել է Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, ով իր «Ֆեյսբուքի» էջում գրել է.
«Նման գրառման պատճառը ՃՈ կողմից 200. 000 դրամի չափով տուգանվելու հանգամանքն է: Որպես Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար՝ չէի կարող անարձագանք թողնել դերասանի հայտարարությունը: Ամենևին չէի ցանկանա անդրադառնալ թեմային, բայց նկատի ունենալով Ս. Ապիկյանի անձը՝ կարծում եմ՝ դա անհրաժեշտ է: Պարզաբանեմ հերթականությամբ.
Ցանկացած քաղաքացի, անկախ զբաղեցրած պաշտոնից, հասարակության շրջանում ճանաչում ունենալու հանգամանքից, օրենքի առաջ պատասխանատություն է կրում, եթե խախտել է այդ օրենքը: Պրն Ապիկյան, ստիպված եմ հասարակության լայն շրջանակի դատին հանձնել այն, ինչ իրականում տեղի է ունեցել ս.թ. մայիսի 23-ին 22.10-ի սահմաններում: Քանի որ ձեր գրառումը կարդացող յուրաքանչյուր մարդու մոտ թյուր կարծիք կձևավորվի ՃՈ հանդեպ:
Եվ այսպես, 23.05.2014 թ. քաղաքացի Ս. Ապիկյանը միանգամից մի քանի խախտում է թույլ տվել: Այն է՝ ոչ սթափ վիճակում, չունենալով վարորդական իրավունքի վկայական և չհաշվառված «ՄՏՌ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մոտոցիկլետը վարել է Երևւան քաղաքի Բագրևանդի փողոցով՝ Քոչինյան փողոցի կողմից աջ մայթեզրից մեկ-երկու մետր հեռավորությամբ 40-ից 45 կմ/ժամ արագությամբ՝ Մոլդովական փողոցի ուղղությամբ՝ խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24 հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի, նույն օրենքի 18-րդ կետի «գ» ենթակետի, նույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, մոտենալով թիվ 36 էլեկտրական սյան դիմաց Ս. Ապիկյանը թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ և 66-րդ կետերի պահանջները, այն է՝ մոտոցիկլետը վարել է՝ հաշվի չառնելով ճանապարհի ծածկույթը, որը տվյալ պահին եղել է թաց, և չի ընտրել այնպիսի արագություն, որ կարողանար լիարժեք կառավարել տրանսպորտային միջոցը: Կորցնելով տրանսպորտային միջոցի կառավարումը՝ կողաշրջվել է և սահելով դուրս գալով դեպի հանդիպակաց ուղեմաս՝ բախվել է դիմացից երթևեկող, բայց տվյալ պահին կանգնած վիճակում գտնվող Անդրանիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ 2107 32 DS 674 համարանիշի ավտոմեքանային՝ պատճառելով գույքային վնաս: Վերոգրյալը հիմնավորվել է վթարի վայրում կազմված սխեմայով, որը կազմվել է ընթերականների ներկայությամբ, տրանսպորտային միջոցների զննության արձանագրություններով, Սեպուհ Ապիկյանի և մյուս վարորդի բացատրությունեներով, բժշկական վկայարկման արձանագրությամբ և գործի նյութերով:
Հարգելի պրն Ապիկյան, բարեբախտաբար, ձեր անպատասխանատու պահվածքը լուրջ հետևանքներ չի առաջացրել: Ինձ համար անհասկանալի և զարմանալի է, որ դուք խոսում եք հայրենիքից, հայրենասիրությունից և ասում, թե հիասթափվել եք: Հայրենիքը բոլորինս է, և սիրել այն չի նշանակում միայն գեղեցիկ բառեր կամ նախադասություններ ձոնել: Հայրենիքը սիրելը նախ և առաջ, իմ պատկերացմամբ, այդ հայրենիքի օրենքը, կարգ ու կանոնը հարգելն է նշանակում: Նորից եմ կրկնում՝ բարեբախտաբար, ծանր հետևանք չի ունեցել ձեր, այսպես ասած, «վոյաժը»: Հետևաբար, տեղին չէ բարոյականության մասին ձեր շահարկումը: Հիմա այն մասին, թե ինչու եք տուգանվել 200. 000 դրամի չափով: Դուք օրենքի միանգամից երեք հոդված եք խախտել, և դրանցից յուրաքանչյուրը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանձին–առանձին: Օրենքով սահմանված կարգով ձեզանից արյան փորձանմուշ է վերցվել, արդյունքում հայտնաբերվել է 1.3 /գրամ-լիտր/ ալկոհոլ, մասնագետները կհասկանան, որ սա համարվում է 2-րդ աստիճանի հարբածություն, և սահմանված տուգանքի չափը 150 .000 դրամ է: Բայց քանի որ առհասարակ վարելու իրավունք էլ չեք ունեցել, օրենքը նախատեսում է տուգանք 200. 000 դրամի չափով: Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի համաձայն՝ մի քանի հոդվածով խախտում կատարելու դեպքում քաղաքացին պատասխանատվության է ենթարկվում առավելագույն տուգանքով, տվյալ դեպքում՝ 200.000 դրամի չափով: Նույն այն հայրենիքի օրենսդրությունն է նախատեսում դա, որից, պրն Ապիկյան, անարդարացիորեն հիասթափվել եք: Քանզի հայրենիքը հաստատ ձեզ չի խնդրել կամ դրդել ոչ սթափ վիճակում մեքենան վարել, խախտում կատարել: Հուսով եմ՝ պարզաբանումը առավել քան հստակ էր: Ձեր թույլ տված խախտումների և ՃՈ կիրառած տուգանքի համադրությամբ, պրն Ապիկյան, ո՞վ է առավել մեղավոր՝ դո՞ւք, որ առանց փաստաթղթի, ալկոհոլ օգտագործած վիճակում, առհասարակ վարորդական իրավունք չունենալով՝ տրանսպորտային միջոց եք վարել ու բախվել այլ մեքենայի, թե՞ Ճանապարհային ոստիկանությունը, որ վարչական պատասխանատվություն է կիրառել: Ձեր ասած «փոսի գայի» մականվամբ ՃՈ-ն ընդամենն առաջնորդվել է օրենքով: Մի դիտարկում էլ՝ «փոսի գայի» ձևակերպումն ամենևին էլ մականուն չէ. բնորոշումը Ձեր պես վարորդներն են տվել շատ վաղուց:
Հուսամ, պրն Ապիկյան, որ այսուհետ կպահպանեք երթևեկության կանոնները և առիթ չեք ունենա շփվելու Ճանապարհային ոստիկանության հետ. հակառակ դեպքում կրկին հիշեցնեմ, որ օրենքի առաջ բոլորն են հավասար: Մաղթում եմ Ձեզ անվտանգ երթևեկություն»:

Այս խորագրի վերջին նյութերը