Կարծիք

05.07.2014 12:03


Սևակ Դանիելյան. «Ո՞վ է մեղավոր, որ Հեֆերնն իրեն թույլ է տալիս Ղարաբաղի շրջանները հանձնելու կոչեր անել»

Սևակ Դանիելյան. «Ո՞վ է մեղավոր, որ Հեֆերնն իրեն թույլ է տալիս Ղարաբաղի շրջանները հանձնելու կոչեր անել»

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հերթական անգամ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին ու կրկին կոչ է արել հանձնել Ադրբեջանին ազատագրված տարածքները: Մեջբերեմ Հեֆերնի խոսքերը. «Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին»:

Սա պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից:

Սկսենք նրանից, որ Հեֆերնը երբեք իրեն թույլ չէր տա նմանատիպ հայտարարություններ անել, եթե Հայաստանում այլ իշխանություններ լինեին: Իսկ քանի որ, ըստ Սերժ Սարգսյանի, «Աղդամը մեր հայրենիքը չէ», դրան էլ գումարած` նա հայտարարում է, որ «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին» պարզ է, որ Հեֆերնն էլ իրեն կարող է այսպիսի մտքեր հրապարակավ արտահայտել:

Ավելին, երբ ՀՀԿ-ականները մանկան ուրախությամբ մեջբերում էին Հեֆերնի խոսքերը Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերվող, որոնք ձեռնտու էին իրենց, նրանք չէին ասում, որ դեսպանը իրավունք չունի խառնվել ներքաղաքական հարցերին: Այստեղ պարզ է դառնում, որ բնական է, որ մի օր էլ Հեֆերնը կասեր կամ կաներ մի այնպիսի բան, որ չի համապատասխանում մեր ազգային շահերին:

Բացի այդ, հիշեք, թե մենք ինչպե՞ս էինք աշխատում դեսպանների հետ նախկինում, մինչև 2008 թվականը: Նույն ԱՄՆ դեսպան Ջոն Եվանսը նույնիսկ բացահայտորեն հայտարարում էր, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն էր: Այն ժամանակ կար աշխատանք դեսպանների հետ, կար գործող համակարգ, սակայն 2008-ից հետո նաև դա ավիրվեց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքով:

Հեֆերնն իրեն նմանատիպ հայտարարություններ է թույլ տալիս, որովհետև Արցախի իշխանությունները, բերանները ջուր առած, պրոցեսին կողքից են հետևում ու քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի այն կանգնեցնեն: Չնայած որ հենց իրենք առաջինը պիտի դրանով մտահոգվեն, քանզի իրենք են ազերիների հետ առաջին գծում ու հող կորցնելու պարագայում իրենք են առաջինը տուժելու:

Այս իրավիճակում հետաքրքիր է նաև հայ «արևմտամետների» պահվածքը: Մարդիկ պատրաստ են պահանջել Պուտինի հրաժարականը, սակայն ծպտուն չեն հանում Հեֆերնի նմանատիպ հայտարարություններից հետո: Ի վերջո, արևմտամետ ես, թե ռուսամետ, դու պիտի քո երկրի շահերը պաշտպանես: Այնինչ մեր իրավիճակը ցույց է տալիս, որ իրենծ համար Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի, իրենք պատրաստ են մինչև վերջ աջակցել ու օգնել ԱՄՆ-ին Ղարաբաղը հանձնելու գործընթացը կազմակերպելու մեջ, միայն թե իրենց «Green Card»-ը ստանան: Նաև պատրաստ են Կիսիլյովի պես պնակալեզների հրաժարականը պահանջել, բայց ծտպուն անգամ չհանել Հեֆերնի դեմ: Սակայն ասեմ որ Կիսիլյովի հրաժարականը կարող է պահանջել նույնիսկ ՀՀՇ-ի Գևորիկը կամ ՀՀԿ-ի տատիկը:

Ահա այսպիսին է իրականությունը և սա է պատճառը, որ Հեֆերնը իրեն նմանատիպ բաներ է թույլ տալիս: Երկրի ապագայով մտահոգված մարդիկ վաղուց Հեֆերնին «Persona non grata» կճանաչեին, բայց մենք գործ ունենք Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ, որը, մեղմ ասած, հետաքրքրված չէ երկրի ապագայով:

Պետություն, հասարակություն, ժողովուրդ` սրանք ռեժիմի համար վերացական հասկացություններ են: Հետևաբար, քաղաքական ուժերը պարտավոր են ակտիվանալ ու հեռացնել այս ռեժիմը իշխանության ղեկից: Եթե իրենք դա չեն անում, ապա Սերժ Սարգսյանից ոչ պակաս պատասխանատվություն են կրում երկրի կործանման համար: Ուստի հարկավոր է մի կողմ դնել անձնական վեճերը, թշնամանքը, որովհետև քանի դեռ դա կա, Սերժ Սարգսյանը կմնա, ինչը նշանակում է, որ մեր պետության գոյությունը լուրջ վտանգի տակ է:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը