Մեկնաբանություն

08.07.2014 10:20


ՀՀԿ–ականների համար Սերժ Սարգսյանի նախասիրությունները հաշիվ չեն

ՀՀԿ–ականների համար Սերժ Սարգսյանի նախասիրությունները հաշիվ չեն

Հունիսի 17–ին հյուրընկալվելով Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին՝ Սերժ Սարգսյանը նաև անդրադարձավ այս օրերին ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

«Իմ համակրանքը միշտ եղել է բրազիլական և գերմանական ֆուտբոլի կողմը։ Ես կցանկանայի, որ չեմպիոն դառնար Գերմանիայի ընտրանին, որպեսզի հետո մենք կարողանանք ասել, որ, այո՛, խոշոր հաշվով պարտություն կրեցինք, բայց այդ պարտությունը կրեցինք աշխարհի չեմպիոնի՛ց»,–ասաց նա։

Պարզվում է, սակայն, այս հարցում ոչ բոլոր ՀՀԿ–ականներն են համամիտ իրենց ղեկավարի հետ։ Նրանցից մի քանիսից ճշտեցինք, թե իրե՞նք որ ընտրանուն են ցանկանում այս առաջնության չեմպիոն տեսնել։

–Ես փոքրուց Բրազիլիային եմ երկրպագում։ Ինձ թվում է՝ եզրափակչում շատ հետաքրքիր կլինի Բրազիլիայի և Գերմանիայի մասնակցությունը, և այդ ժամանակ կուզեմ, որ հաղթի Բրազիլիան,– ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ խմբակցության ղեկավարին ֆուտբոլային թեմայով հարցերն ուղղել էինք այն ժամանակ, երբ աշխարհի առաջնության խմբային փուլն էր և Բաղդասարյանը չէր պատկերացնում կամ չգիտեր, որ այնպիսի գրաֆիկ է կազմված, որ Բրազիլիան ու Գերմանիան կարող են հանդիպել միայն կիսաեզրափակիչում–Ա.Մ.)։

Մեր հարցը՝ «Փաստորեն, Սերժ Սարգսյանի հետ համաձայն չե՞ք, որ հաղթի Գերմանիայի հավաքականը, որպեսզի հետո ասենք՝ պարտությունը կրել ենք աշխարհի չեմպիոնից» ակնհայտորեն շփոթեցրեց Վահրամ Բաղդասարյանին, ով վրդովված վրա բերեց.

–Դուք գնացե՛ք, համաձայնվե՛ք... սպորտային իմ...ըըըըըմմմմմմմ... նախասիրություններում որևէ մեկի ազդեցությունը չի կարող լինել:

ՀՀԿ–ական Սուքիաս Ավետիսյանը երկրպագում է Իսպանիային և Անգլիային, բայց դե, նրանք արդեն դուրս են մնացել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից.

–Ճիշտն ասած, Գերմանիան էլ վատ չի, և կարծում եմ՝ մինչև վերջ հաստատ գնալու է, որովհետև իրենց մոտ թիմային խաղ կա։

Չնայած Սուքիաս Ավետիսյանը հենց սկզբից տվել էր Գերմանիայի անունը, բայց Սերժ Սարգսյանի մասին հարցը լսելուց հետո նա՛ էլ, չգիտես ինչու, շփոթվելու առումով հետ չմնաց իր խմբակցության ղեկավարից։

–Չէ, գիտեք՝ ինչ կա, դա բնական է, ցանկացած թիմի համար դա նույնպես «պրեստիժ» է, թե որ թիմին է պարտվում։ Ինչ մի հետամնաց թիմի պարտվել, ինչ...Գերմանիան, ես ասեմ, եթե աշխարհի չեմպիոն էլ չդառնա, համենայնդեպս, միշտ էն թիմն է եղել, որը ստաբիլ իր տեղն ունեցել է։ Իսկ ընդհանրապես, եթե խաղով ես պարտվում, ամո՛թ չի, բայց եթե պարտվում ես հենց էնպես, դա ես ամոթ եմ համարում։ Որևէ մեկը չի կարող մտածել, որ Հայաստանի հավաքականն այսօր այն մակարդակին է, որ կարող է Գերմանիային հաղթել,– ասաց Ս. Ավետիսյանը։

–Երկրպագում եմ Բրազիլիային,– սա էլ հայտարարեց մեկ այլ ՀՀԿ–ական Տաճատ Վարդապետյանը,– Ֆրանսիային էլ եմ երկրպագել, բայց կոնկրետ ա՛յս առաջնությունում երկրպագում եմ Բրազիլիային։ Քանի որ Բրազիլիայում գործուղման եմ եղել աշնանը, այցելել եմ Սան Պաուլոյի ֆուտբոլի թանգարան, կարծես թե բրազիլական ֆուտբոլի նկատմամբ համակրանքս ավելի է բազմապատկվել։

«Չե՞ք ուզում, որ Սերժ Սարգսյանի նախընտրած հավաքականը հաղթի»,–մեր այս դիտարկմանը ՀՀԿ–ական պատգամավորը չէր սպասում. նա նույնպես երկար դադար տվեց, հետո սկսեց պատասխանել.

–Ես...ըըըըը....պարոն նախագահի գրեթե բոլոր ուզածների հետ համաձայն եմ, բայց ֆուտբոլի առումով իմ կարծիքը, վերաբերմունքը և իմ երկրպագած թիմն ունեմ (ի դեպ, Տ. Վարդապետյանի հետ զրույցն էլ էր խմբային փուլում տեղի ունեցել, և նա էլ էր Վ. Բաղդասարյանի պես կարծում, որ եզրափակչում կհանդիպեն Գերմանիան ու Բրազիլիան–Ա.Մ.)։

Փաստորեն, կա մի հարց, որի շուրջ ՀՀԿ–ականները ոչ միայն սեփական կարծիքն ունեն, այլև չեն վախենում այն հրապարակայնացնել։ Ավելին, այդ կարծիքը կարող է հակասել Սերժ Սարգսյանի նախասիրություններին։ Այսինքն, դեռ ամեն ինչ կորած չէ։ Կեցցե՛ ֆուտբոլն, ուրեմն։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը