Կարծիք

15.07.2014 13:06


Մերի Մովսիսյան. «Սարգսյանն ամբողջովին կորցրել է իրականության զգացումը»

Մերի Մովսիսյան. «Սարգսյանն ամբողջովին կորցրել է իրականության զգացումը»

Իրեն երկրի նախագահ հռչակած Սարգսյանն ամբողջովին կորցրել է իրականության զգացումը։ Նրա ցանկացած քայլ անտրամաբանական է։
Հեռու հեռավոր արգենտինաներում Սարգսյանը հարցազրույց է տալիս, որում ցավ է հայտնում, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենք է մատակարարում Ադրբեջանին։
Սարգսյանը չի սիրում քաղաքականություն, դիվանագիտություն և նման բաներ։ Նա երկիր ղեկավարելու իր տարբերակն ունի՝ «տղայավարի», «թաղային հեղինակության» կարգի։
Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանն անգամ նման ապրելակերպ ունեցողներին է «փչացնում»։ Ասենք, ո՞վ է տեսել, որ տղայական «ռազբորկեքի» հեղինակությունը՝ առաջին դեմքը, մեկի հետ իրա հարցերը լուծելու կամ պարզաբանելու փոխարեն գնա եսիմ՝ ում թաղ ու «ցավ ապրի»։ Չեմ ուզում շատ խորանամ, բայց փաստը մնում է փաստ։
Երկու հայկական պետությունները նրա ջանքերի շնորհիվ փաստացի հայտնվել են սպառնալիքի տակ։ Նման պայմաններում Սահմանադրությամբ մի շարք լիազորություններով ու պարտականութուններով օժտված նախագահը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր սպառնալիքը վերացնելու համար։
Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու փոխարեն (վերջին անգամ այն հրավիրվել է փետրվարին, իսկ դրանից հետո սահմանամերձ գյուղերը հասցրել են թշնամու ակտիվ կրակահերթի տակ հայտնվել և այլն), գնացել է «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվող «Վէմ մեդիա արտս» կինոընկերության թողարկած «Գիրքը» ֆիլմի պրեմիերային: Ասեմ՝ շատ–շատ հրատապ, ազգային հարց էր ֆիլմի պրեմիերային գտնվելը։ Երկու հայկական պետությունների սահմանագծում լարվածության ֆոնին կինո գնալը շատ «հրատապ» հարց է։
Երկիրը հազար ու մի մարտահրավերի առջև է կանգնած, որոնք թե՛ ներքին, թե՛ արտաքին ծագում ունեն, իսկ երկրի առաջին դեմքն անգամ ադրբեջանական ագրեսիայի զգուշացման պաշտոնական ելույթ չի ունենում՝ ագրեսիվ հարևանին հասկացնելու, թե ում հետ գործ ունի։
Իհարկե, ես հասկանում եմ, որ Սարգսյանից ոչինչ պետք չէ ակնկալել, բայց քանի դեռ նա ի պաշտոնե նախագահ է, պարտավոր է իրեն պաշտոնին համապատասխան պահել. գոնե մինչև աշուն պարտավոր է նախագահին հարիր վարք ցուցաբերել։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը