Լրահոս

07.09.2009 16:38


Վարկերը կրկին ուշանում են

Ինչպես հայտնի է, կառավարության հակաճգնաժամային օպերատիվ շտաբի կողմից Շիրակի մարզից առանձնացվել էր 12 փոքր ձեռնարկություն օտարերկրյա վարկային միջոցների հաշվին վարկային ֆինանսավորում տրամադրելու համար։

Արդեն մոտ 6 ամիս այդ ձեռնարկությունները ֆինանսավորման են սպասում: Վերջապես, այդ գործարարների համար վարկերի տրամադրման առումով նորություն կա, սակայն ոչ թե բիզնես վարկերն են հասել գործարարներին, այլ ձևավորվել է ներդրումային նոր հիմնադրամ, որը զտման նպատակով ուսումնասիրելու է վարկառու ձեռնարկությունների 12 հոգանոց ցանկը:

Այս առումով ձևավորվել է նոր կառույց՝ «ՓՄՁ ներդրումային» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ, որի առաքելությունն է ուսումնասիրել նախանշված ձեռնարկությունների հնարավորությունները:

Այսօր մենք զրուցեցինք ներդրումային ծրագրերի պատասխանատուներից Արման անունով ներակայացած մի աշխատակցի հետ, ով հարաժարվեց նշել իր ազգանունը:

Այն հարցին, թե օպերատիվ շտաբն արդեն ընտրե՞լ է այդ 12 ձեռնարկությունները, ի՞նչ է անելու հիշյալ կազմակերպությունը, նա պատասխանել է. «Օպերատիվ շտաբն այդ ձեռնարկությունների ցանկը մեզ ներկայացրել է, բայց դա չի նշանակում, որ մենք այն հալած յուղի տեղ ենք ընդունելու և ցանկացածին վարկ ենք տրամադրելու. ներկայացված ցանկը դեռ զտվելու է»:

Սույն աշխատակցի խոսքերով՝ զտման պատճառը ոչ թե ֆինանսների բացակայությունն է, այլ ճգնաժամի պայմաններում ֆինանսների՝ հետ վերադարձման խնդիրը: Դրա համար էլ հիշյալ ձեռնարկությունների ֆինանսական հնարավորությունները լավ են ուսումնասիրվում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը