Լրահոս

07.09.2009 17:21


Հայկ Դեմոյանի կարծիքով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում նախապայմաններ չկան

-Ես գնահատական չեմ տալիս այս երկու փաստաթղթերին, ես չեմ ասում՝ սա հաղթանակ է, վարդագույն ակնոցներ չեմ դրել, ոչ էլ ասում եմ՝ մեր գլխին մոխիր ցանելու ժամանակն է։ Չեմ կարծում, որ այստեղ նախապայմաններ կան։ Երկու պարագայում՝ սահմանների և ենթահանձնաժողովի հետ կապված կետերում կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ, բայց ոչ՝ նախապայմաններ,-պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում նախապայմաններ կան՝ ասել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նա նշել է, որ  արձանագրությունները վավերացնելուց հետո կարելի  է ժամանակավորապես ճանաչել սահմանագիծը՝ երկկողմ հարաբերություններ հաստատել, բայց սահմանի հաստատման հարցը թողնել։

-Մենք Վրաստանի հետ ունենք երկկողմ հարաբերություններ, բայց մինչև վերջ սահմանները դեմիլիտարիզացված չեն։ Ո՞րն է սահմանը, ոչ ոք չգիտի. հատվածայնացված է։ Նույնը Թուրքիայի հետ կարող է լինել։ Այ այստեղ ենթահանձնաժողովների առումով ոչ թե պետք է վախենանք, որ Ցեղասպանության հարցը կդնեն քննարկման, այլ պետք  է այլ մասնագետներին (միջազգային իրավունքի մասնագետներին նկատի ունեմ) օգտագործելով՝ այդ առաջարկությունները տանք, որ իմանանք, թե մեր սահմանն, ի վերջո, որն է,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը