Լրահոս

07.09.2009 18:29


Մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը պատրաստում է եզրակացությունը

Մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը պատրաստում է եզրակացությունը

Սեպտեմբերի 7-ին 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հրավիրել էր նիստ՝ քննարկելու նախ հանձնաժողովի զեկույցին առնչվող հարցեր, ապա ևս մեկ անգամ քննության առնելու Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները:

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ներկաներին առաջարկեց հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության մեջ ներառել թե  փաստահավաք խմբի ներկայացրած  պաշտոնական  և թե խմբի նախկին անդամների առանձին  զեկույցները: Հանձնաժողովի ղեկավարի  համոզմամբ՝ այսպես հնարավոր կլինի ապահովել վերջնական եզրակացության անկողմնակալությունը:  Փաստաթղթի մեջ հանձնաժողովականները պատրաստվում են եզրակացություն տալ մարտի մեկին արձանագրված՝ մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը որոշեց զեկույցի պատրաստման համար ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի Գուրգեն Արսենյանը: Վերջինիս հանձնարարվեց նաև այցելել զորամասերի իրային պահեստներ՝ ստուգելու փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի ունեցած տվյալները մարտի մեկին պահեստներից դուրս բերված զինվորական հագուստների մասին: Չնայած ստուգմանը մասնակցելու Սամվել Նիկոյանի առաջարկին ի պատասխան ՀԱԿ-ից ստացված մերժմանը՝ հանձնաժողովը որոշեց մեկ անգամ ևս դիմել Անդրանիկ Քոչարյանին և Սեդա Սաֆարյանին՝ պահեստներում այդ օրերին գրանցված հագուստի ելքն ու մուտքը համատեղ ստուգելու առաջարկով: Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ավարտվում է սեպտեմբերի 15-ին, և առաջիկա քառօրյա  նիստերին նախատեսվում է ներկայացնել հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:

Փորձաքննության արդյունքները իրեղեն ապացույց հանդիսացող՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանի զինվորական բաճկոնի վնասվածքների հետ համադրելու նպատակով հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը դիմել էր հատուկ քննչական խմբին՝ բաճկոնը հանձնաժողովականների քննությանը ներկայացնելու համար: Հատուկ քննչական խմբի քննիչ Բագրատ Ադամյանը, օրենքով սահմանված կարգով, հանձնաժողովականներին ներկայացրեց իրեղեն ապացույցը, իսկ փորձագետները նկարագրեցին հրազենի պատճառած  վնասվածքների հանգամանքները:  Փորձագիտական եզրակացության համաձայն՝  Տիգրան Աբգարյանի ձմեռային զինվորական բաճկոնի վրա հրազենով պատճառվածից բացի այլ վնասվածքներ չկան: Լրացուցիչ քննության համար, Սամվել Նիկոյանի խոսքերով, հիմք էին հանդիսացել  տարաբնույթ մեկնաբանությունները:

 ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հ. Գ. Նշենք, որ ինչպես նախորդ նիստի, այնպես էլ այս նիստի մասին լրատվամիջոցները Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկացել են նիստից ընդամենը կես ժամ առաջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը