Լրահոս

08.09.2009 14:42


Այսօր Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության գրեթե քառորդ մասը բաժին է ընկնում Թուրքիայի հետ առևտրին

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նվաճում և լուրջ ձեռքբերում է համարում հարաբերություններ հաստատելու մասին Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, բայց շեշտում է, որ «դա նաև ոչ միանշանակ գնահատվող և լուրջ վտանգներ պարունակող գործընթաց է»։ Թ. Մանասերյանը համոզված է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց հապճեպ քայլերի և շտապողականության, ու թեև արդեն նախաստորագրված արձանագրություններում ժամկետներ կան նշված, սակայն ոչ ոք չի կարող Հայաստանին անընդունելի և բարձր գին վճարել։

-Դրա գինը կարող է լինել այն, որ տեղական արտադրությունը, որն այսօր կտրուկ անկում է ապրել (հատկապես հաշվի առնելով ներմուծման գերակշռումն արտահանմանը) մենք կարող ենք կորցնել։ Ի՞նչ դրական ակնկալիքներ կարող է Հայաստանն ունենալ։ Եթե Հայաստանը տնտեսապես պատրաստ լինի նման սուր տնտեսական մրցակցության, ապա ես չեմ բացառում, որ հնարավորություն կընձեռվի ոչ թե պատերազմով, այլ տնտեսապես՝ տնտեսական լծակներով, տնտեսական գործոններով վերանվաճել Արևմտյան Հայաստանի մի զգալի մասը։

Տնտեսագետը նաև հավելել է, որ խոսքն ընդամենը Թուրքիայի հետ այսօր առկա առևտրատնտեսական շրջանառությունն օրինականացնելու մասին է, քանի որ «Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության գրեթե քառորդ մասը բաժին է ընկնում Թուրքիայի հետ առևտրին»։

Ըստ Թ. Մանասերյանի՝ հայ-թուրքական սահմանի բացմամբ նախ և առաջ շահագրգռված է Եվրամիություն ձգտող Թուրքիան, ով խնդիր ունի ապացուցելու, որ բաց տնտեսություն և բաց սահմաններ ունեցող երկիր է։

-Սահմանի փակողը եղել է Թուրքիան, և խիստ տարօրինակ կլինի չափից շատ հետաքրքրություն և շահագրգռվածություն ցուցաբերել սահմանի բացման ուղղությամբ, քանի որ դա, միևնույն է, մեզանից կախված չէ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը