Մեկնաբանություն

08.08.2014 00:36


Հայ «խաղաղասերներին» ու «թունդ հայրենասերներին» պետք է ուղարկել Բաքու

Հայ «խաղաղասերներին» ու «թունդ հայրենասերներին» պետք է ուղարկել Բաքու

Այս օրերին երկրում «թունդ հայրենասերների» ու «խաղաղասերների» (պացիֆիստ կոչվածների) պակաս չի զգացվում: Սրանք նույն մեդալի տարբեր երեսներն են։ Այս երկու տեսակի մի հսկայական քանակություն ենք տեսնում: Ու սրանց ահից նորմալ, սթափ դատող մարդիկ անկյուն են քաշվել ու հոգոց են հանում:

«Թունդ հայրենասերները» զահլան են տանում արդեն երկար ժամանակ: Իսկ ահա պացիֆիստները մի քիչ երկար են մտածում (մինչեւ գրանտը տեղ հասնի) եւ նոր միայն սկսում են գործել:

Հայ ակտիվիստ-պացիֆիստները պատրաստ են երթ ու ցույց անել «երրորդ ուժերի», Կրեմլի դեմ կամ հանուն Դալայ Լամայի եւ նման բաների: Բայց, ոչ երբեք գործող իշխանության դեմ: Իսկ եթե Սերժ Սարգսյանի դեմ էլ մի բան անում են, ապա դա յուրօրինակ ալիբի է։

Սահմանային լարվածությունը չի թուլանում, թշնամին գնդակոծում է մեր խաղաղ բնակավայրերը, ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները շարունակվում են եւ այս իրավիճակում հայ պացիֆիստների մի խումբ հայտարարում է, թե կազմակերպում է «Ո՛չ պատերազմին» խաղաղության երթ՝ ԱԳՆ-ՌԴ դեսպանատուն-Ազատության հրապարակ երթուղով:

Հետն էլ հայտարարություն են տարածել, որից ոչինչ չես հասկանում: Ի վերջո, ո՞ւմ է ուղղված այդ հայտարարությունը, ո՞րն է իրենց պահանջը եւ երթի նպատակը:

Հայտարարության վերջում էլ նշում են. «Երկու երկրների հանրույթները պետք է համախմբվեն և ստեղծեն հանրային քննարկումների հարթակներ» (հերթական գրանտային ծրագրի համար շատ հարմար ձևակերպում է. բրյուսելներում կհավաքվեն հայ և ադրբեջանցի պացիֆիստներն ու ֆուրշետի շուրջ կքննարկեն խաղաղության հարցերն ու ահագին «սելֆիներ» կանեն):

Բոլորը գլուխ են կոտրում հասկանալու, թե սույն «խաղաղության աղավնիների» ուզածն ի՞նչ է, ինչո՞ւ հանկարծ որոշեցին խաղաղության երթ նախաձեռնել Երեւանում, երբ հրադադարի խախտման հեղինակը Բաքուն է:

Եվ իսկապես, ի՞նչ են ուզում ասել իրենց հայտարարությամբ եւ ո՞վ է այդ հայտարարության հասցեատերը:

Այսպիսի տխմար նախաձեռնություն կարելի է սպասել միայն հայ պացիֆիստներից, որոնք, փաստորեն, իրենց ակցիայով ոչ միայն միջազգային հանրությանն ասում են, որ վերջին ռազմական գործողությունների հեղինակը հայկական կողմն է ու նաև Ռուսաստանը (ըստ էության գործելով ադրբեջանական բլեֆի շրջանակներում), այլեւ սահմանին կանգնած հայ զինվորին «մեսիջ» են ուղարկում, թե պետք չէ պաշտպանել հայրենիքը, քանզի դա քո կռիվը չէ («խաղաղության» երթի կազմակերպիչներից մեկն առաջարկել էր երթի ժամանակ հնչեցնել «Սա իմ պատերազմը չէ, ես խաղաղություն եմ ուզում» ձևակերպումը, որն, ի դեպ, Ղարսի անկումից առաջ հնչեցնում էին նաև հայ բոլշևիկ–պացիֆիստները):

Ուշագրավն այն է, որ սրանց տարածած հայտարարության պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերի իր պաշտոնական էջում արդեն գրել էր․ «Պատերազմը չի ավարտվել։ Ավարտվել է միայն դրա առաջին փուլը։ Երկրորդ փուլը կարող է սկսվել»։

Բայց հայ ողորմելի պացիֆիստները Երեւանում են գոռում «Ո՛չ պատերազմին» ու այստեղ են որոշել խաղաղության երթ անել:

Մեկը չկա սրանց «փաթեթավորի» եւ ուղարկի Բաքու՝ «թունդ հայրենասերների» հետ միասին: Առաջինները վերջապես կմիանան իրենց գաղափարակիցներին (եթե այդպիսիք գտնեն այնտեղ), իսկ երկրորդները «հայրենասիրությունն» ապացուցելու հրաշալի առիթ կունենան։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը