Կարծիք

29.08.2014 15:55


Թեման նույնն է՝ սահմանադրական «սրբապղծություն»

Թեման նույնն է՝ սահմանադրական «սրբապղծություն»

Նորանկախ պետությունների համար ժողովրդավարացման կայացման ճանապարհին կարևոր էր ազգային Սահմանադրությունների ընդունման ու հետագայում սահմանադրականության անխափան գործարկման ապահովումը: Ցավոք, Հայաստանում վերջին վեց տարիների ընթացքում ոչ մի կերպ չի ապահովվում սահմանադրականությունը, եթե դա չի վերաբերում իշխանությանը: Այն փոփոխությունները, որոնք ցանկանում է կատարել Սերժ Սարգսյանը, ոչ մի կերպ չեն ապահովելու մարդակենտրոնություն:

Եկեք ընդունենք, որ մարդակենտրոն Սահմանադրություն ունենալու ճանապարհին սկզբի համար պետք էր 2008 թվականի 10 անմեղ զոհերի գործը բացահայտել: 10 զոհի գնով իշխանության եկածի կողմից մարդակենտրոն Սահմանադրություն ակնկալելուց քաղաքական տգիտության հոտ է գալիս: Բացի դրանից՝ նման բարի նպատակներ ունեցող իշխանությունը վեց տարի շարունակ խախտել է մարդու իրավունքները (ոչ ոք չի մոռացել Վահե Ավետյանի, Բուդաղյան եղբայրների, Փայլակ Հայրապետյանի նկատմամբ շատ մեծ «մարդակենտրոնասերախառը» վերաբերմունքն իշխանության կողմից: Ոչ ոք չի մոռացել նաև 300 հազարից ավելի հայ քաղաքացիների ճակատագրերի մասին):

Ինչպես տեսնում ենք, իշխանության կողմից սահմանադրական փոփոխությունների մասին քարոզները տարրական դեմագոգիա են: Փոփոխություն հանուն վերարտադրության. սա՛ է իրականությունը:

Հոկտեմբերի առաջին օրվա գիշերվանից իշխանությունը լավ կանի՝ մտածի մարդասիրական միջանցքի՝ իրենց պատկերացումներում առավել հաճելի տարբերակի մասին: Հայաստանում Մայդան ոչ ոք չի ուզում, սակայն մազոխիստներ էլ չկան, որ շարունակեն համակերպվել ամենաթողության հետ:

Հ. Գ. «Մարդակենտրոն Սահմանադրություն» հասկացությունը, որն առաջ է քաշվել իշխանության կողմից, ինքնին ինչ-որ փտածության մասին է խոսում: Մարդկության պատմությունից հիշենք, թե որ պատմական փուլից հետո սկսեցին խոսել մարդակենտրոնությունից: Հիշեցի՞ք: Այս վեց տարիների ընթացքում մենք ապրում էինք ճորտատիրական Հայաստանում, բայց մեր «մարդակենտրոն» իշխանությունը հանկարծ լուսավորվեց ու որոշեց «վերածնել» հայ ժողովրդին: Ինչպես ասում են Մաքսային միությունում՝ дураков нет!

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը