Կարծիք

29.08.2014 21:08


Սերժ Սարգսյանը արտագաղթի մեջ մեղադրում է Հայկական Սփյուռքին ու Արցախին

Սերժ Սարգսյանը արտագաղթի մեջ մեղադրում է Հայկական Սփյուռքին ու Արցախին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողության ժամանակ «Բազե» հավաքի լրագրողների ջոկատի անդամների հարցերին տված պատասխանները լուրջ մտորելու տեղիք են տալիս: Հարցն ամենևին այն չէ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր սովորության համաձայն լրագրողների այն հարցերին, որոնց մեջ առկա են մեր այսօրվա իրավիճակի բացասական կողմերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիք, վերաբերվում էր սարկազմով ու բերում ոչ իրական թվեր և անտեղի համեմատություններ, այլ այն, որ անչափ կարևոր հարցերին տալիս էր պատասխաններ, որոնք ոչ միայն չեն բխում մեր ազգային ու պետական շահերից, այլ հակասում են Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությանը:

Մասնավորապես ուշագրավ է ՀՀ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ հարցին տված պատասխանում այն հատվածը, որտեղ ներկայացվում է գործող իշխանությունների՝ ի դեմս ՀՀ նախագահի դիրքորոշումը. «…Կարծում եմ՝ մեր դիրքորոշումը ձեզ ծանոթ է, նորից չկրկնեմ. մեր ամբողջ նպատակն է, որպեսզի Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Մենք այլ խնդիր չունենք, և ուզում ենք, որպեսզի դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե՝ նոր զոհերի գնով…»:

Այժմ պարզապես մեջբերենք ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ամրագրված ՀՀ դիրքորոշումը.

«…Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) բնակչության անվտանգության երաշխավորի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման խնդիրն ունի առանցքային նշանակություն: … Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը, Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ: Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:…»

Տարբերությունն ակնհայտ է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյությունն անհերքելի իրողություն է, Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է 23 տարի առաջ, հետևաբար անընդունելի է հետքայլ կատարել և ՀՀ նպատակ դարձնել, «որպեսզի Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը»: Ինչ մնում է ՀՀ զինված ուժերի առաքելությանը, ապա նույն ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ ամրագրված է.

« … Ուստի, Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերից պահանջում է մշտական բարձր մարտական պատրաստականություն: Այս գործում Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրն է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը: … »:

Այս համատեքստից դուրս ցանկացած այլ նպատակադրում ոչ այլ ինչ է, եթե ոչ անտեղի զիջողականություն, որն էլ ավելի է մեծացնում Ադրբեջանի իշխանությունների ախորժակը և թուլացնում մեր դիրքերը բանակցությունների ժամանակ:

Այժմ անդրադառնանք երկրորդ հարցին, որում անդրադարձ կա Մքասային միությանը անդամակցելու խնդրին: Դա բազմիցս ծեծված հարց է, և կոնկրետ այդ մասով արդեն իսկ անդրադարձ ու վերլուծություն արել ենք: Ուշադրությունը սևեռենք այդ հարցին ի պատասխան ՀՀ նախագահի հետյալ մտքին, որ «… Ես նոր ողջունում էի բազեականներիդ և ասում, որ քսանչորս տարի առաջ, երբ Անկախության հռչակագիրն էր ընդունվում, բոլորը չէ, որ միանշանակ ընկալում ունեին: Շատ մարդիկ մտավախություններ, կասկածներ ունեին, բայց փառք Աստծո, այսօր արդեն 2014 թվականն է: Քսանչորս տարի է անցել, և չնայած բարդություններին, դժվարություններին, մեր ընթացքը հաստատուն է: …»:

Այս միտքը ոչ այլ ինչ է, քան երիտասարդ սերնդին թյուրիմացության մեջ գցելու միտում, քանզի բոլորին է հայտնի, որ անկախության հռչակագիրը այն ժամանակ գործող բարձրագույն մարմնի, այն է՝ Գերագույն Խորհրդի կողմից ընդունվել է միաձայն, իսկ 1991 թվականի հանրաքվեի ժամանակ ազգաբնակչության մոտ 98%-ը կողմ է քվեարկել անկախության հանրաքվեին: Եվ, պարո´ն Նախագահ, հիմա երիտասարդներին ասել, որ «… երբ Անկախության հռչակագիրն էր ընդունվում, բոլորը չէ, որ միանշանակ ընկալում ունեին: Շատ մարդիկ մտավախություններ, կասկածներ ունեին…», մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը, իսկ ոմանց ընկալումն ու մտավախությունները մի´ փաթաթեք մեր ժողովրդի վզին:

Եվ ամենավտանգավորը, որ առկա է այս հարցազրույցում. երբ խոսք է գնում Հայաստանում առկա արտագաղթի ու այլ բացասական երևույթների մասին հարգարժան նախագահը ոչ ավել ոչ պակաս ասում է հետևյալը. «…. Բայց մյուս կողմից էլ Դուք պետք է հասկանաք նաև, որ ուրիշներիհամեմատ կա երկու,առնվազն երկու լրացուցիչ պատճառ, որը խթանում է արտագաղթը:Առաջինը հայկական սփյուռքի առկայությունն է,որ մագնիսի պես քաշում է բոլորին: Եվ եթե գնացողներին հարցնեք՝ու՞ր եք գնում,ասում են՝գնում ենք Մոսկվա մեր ընկերոջ հետ, չգիտեմ,բիզնես դնելու, գնում ենք ընկերոջ, բարեկամի մոտ և այլն: Սա լրացուցիչ հանգամանք է: Եվ երկրորդ հանգամանքը կա՝մենք ունենք չավարտված պատերազմ,կա անվտանգության խնդիր, ծնողներն անհանգստանում են և այլն:Ես կարող եմ այլ լրացուցիչ պատճառներ էլ ասել, բայց չեմ ուզում չարախոսների բերանում լեզու դնել, հասկանու՞մ եք, որպեսզի վաղը այդ փաստարկներն չօգտագործեն մեր դեմ.ես նկատի չունեմ մեր երկրի ներսում:Այնպես որ՝ կա, այդ խնդիրը կա, բայց ես կատեգորիկ համաձայն չեմ Ձեզ հետ ահագնանալու մասով:…»:

Պարո´ն Նախագահ, հիշե´ք միայն, թե ով էր մեզ վախեցնում հայկական սփյուռքով և Ղարաբաղյան պատերազմով, դա անում էին թուրքական իշխանությունները, երբ առաջ էին քաշում այն թեզը, որ Հայաստանի հիմնական դժբախտությունը հայկական Սփյուռքի գոյությունն է ու նրա ազդեցությունը Հայաստանի վրա, և որ Ղարաբաղյան խնդրի պատճառով է, որ Հայաստանը հայտնվել է շրջափակման մեջ և չունի հետագա զարգացման որևէ հնարավորություն: Իսկ ինչ մնում է, երրորդ՝ անհայտ պատճառին, հավատացե´ք այդ պատճառը հայաստանյան իշխանությունների անհամապատասխանությունն է ներկա ժամանակների արագություններին ու մարտահրավերներին:

Հ.Գ. Պարոն Նախագահ, Ձեր խոսքը. « - Ես վստահ եմ: Նորից եմ ասում,դրա համար իմ մեջ չարություն չկա որևէ լրատվամիջոցի նկատմամբ,նույնիսկ այն լրատվամիջոցի, որն ամեն օր ուղղակի թույն է թափում իմ հասցեին:Անկեղծ եմ ասում՝իմ մեջ չարություն չկա նրանց նկատմամբ: Մեկ-մեկ խղճում եմ,որովհետև իրենք իրենց կամքով չեն անում, չէ՞, դա

Իմ խոսքը՝ իմ մեջ չարություն չկա Ձեր նկատմամբ: Անկեղծ եմ ասում՝ իմ մեջ չարություն չկա ոչ մեկի նկատմամբ, պարզապես ամեն ինչին պետք է նայել իրական աչքերով: Դուք վաղուց կորցրել եք իրականությունը տեսնելու ունակությունը: Ես ափսոսում եմ, ափսոսում եմ, որ իմ երկրի նախագահը հանուն իշխանության մոռացել է Հայրենիքը, թերևս Դուք էլ դա Ձեր կամքով չեք անում, չէ՞:

Ժաննա Արթուրի

Աղբյուրը՝ http://evdu.am/?p=3158

Այս խորագրի վերջին նյութերը