Կարծիք

30.08.2014 15:18


Վազգեն Պետրոսյան

Վազգեն Պետրոսյան

Եթե Քոչարյանն ասի` «մածունը սպիտակ է», դուք կասեք, որ այն սև է

Կարծում եմ, որ բոլորը համաձայն են այն տեսակետի հետ, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր շատ դրական են գնահատում Տեր-Պետրոսյանի գործունեությունը և կան մարդիկ, ում համար առաջին նախագահի արածներն ունեն միայն բացասական բնույթ: Դրա հետ մեկտեղ կան մարդիկ, ովքեր դրական են գնահատում նաև երկրորդ նախագահ` Քոչարյանի գործունեությունը` թեև կողք կողքի ապրում են լրիվ հակառակ տեսակետ ունեցող մարդկանց հետ: Սա փաստ է, ու սրա հետ անիմաստ է վիճել:

Այնուամենայնիվ, հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր անկախ նրանից, թե ինչ են ասում նախկին նախագահները, սկսում են «քլնգել» նրանց: Քոչարյանի երեկվա հարցազրույցից հետո նույն իրավիճակն էր: Իրականում բացասական ստատուսներ ու հոդվածներ գրողների համար կարևոր չէ, թե ինչ է ասել Քոչարյանը, կարևորը նրան քննադատելն է. եթե Քոչարյանը ասեր, որ «մածունը սպիտակ է», հաստատ կգտնվեին մարդիկ, ովքեր կպնդեին, թե մածունը սև է:

Սա ընդհանրապես շատ բացասական երևույթ է իր էությամբ, երբ ատելությամբ ու անթաքույց թարախով լցված, այլոց լսելու ունակությամբ չօժտված մարդիկ սկսում են թույն թափել: Սա ճանապարհ է, որը տանում է դեպի անդունդը: Կարծում եմ, որ այս կամ այն հայտարարությունը անելուց կամ ստատուս գրելուց առաջ անհրաժեշտ է մի թոքր մտածել ու խոսել էության մասին: Օրինակ, կա՞ ինչ-որ մեկը, ով կարող է ասել, որ Քոչարյանը սխալ էր` ասելով, որ 1998-ից մինչև 2008 կար զարգացում: Թե՞ ինչ-որ մեկը կվիճի այն բանի հետ, որ ԵՏՄ մտնելուց առաջ իշխանությունները չեն հաշվարկել բոլոր ռիսկերն ու խնդիրները: Կամ ինչ-որ մեկը կասի, որ սխա՞լ է այն պնդումը, որ մեր տնտեսության զարգացման նախադրյալներ մենք այս վարչակարգի օրոք պարզապես չենք տեսնում:

Ես կարծում եմ, որ ինչպես օրգանիզմի մեջ կա թարախ ու այն պիտի դուրս բերվի, որպեսզի մնացած օրգանները չվնասվեն, այնպես էլ քաղաքական դիսկուրսից պիտի իրար վրա թարախ նետելը վերացվի, որ մենք չվարակենք դրանով ամբողջ հասարակությանը:

https://www.facebook.com/vzgo.petros/posts/1529938153904196

Այս խորագրի վերջին նյութերը