Լրահոս

26.01.2011 13:48


Հայաստանը կարո՞ղ է ԼՂ բանակցային գործընթացից դուրս գալ

Հայաստանը կարո՞ղ է ԼՂ բանակցային գործընթացից դուրս գալ

Այսօր մամլո ասուլիսին խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացից՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն ասել է, թե վերջին տարում հայկական երկու կողմերին առաջարկներ են եղել դուրս գալ բանակցային գործընթացից։

-Այնպես որ, այսօր խոսվում է ոչ միայն այն մասին, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից և ընտրել ռազմական ճանապարհը, այլ նաև խոսվում է հայկական կողմերի դուրս գալու մասին։ Այս պարագայում, սակայն, խոսքը չի գնում ռազմական ճանապարհով հարցը լուծելուն, այլ խոսքը գնում է  բոլոր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում։

Բանախոսը սակայն հավելել է, որ բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալը այս պահին ճիշտ չի լինի։ Պարզապես հայկական արտաքին քաղաքականության մեջ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը և ԼՂՀ միջազգային ճանաչումը պետք է զուգահեռաբար տարվեին, և որ այդ երկու գործընթացները չպետք է իրար հակասեին և կախվածության մեջ ընկնեին միմյանցից։

-Եվ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կնպաստեր բանակցային գործընթացին, մինչդեռ այս ամբողջ ընթացքում հայկական երկու կողմերը, հատկապես ղարաբաղյան կողմը, գրեթե ոչինչ չի արել ԼՂՀ միջազգային ճանաչման համար,-ինչը, ըստ բանախոսի, սկզբունքային շատ մեծ սխալ է։

Այս խորագրի վերջին նյութերը