Լրահոս

08.09.2014 15:43


Տնօրենի ընտրությունները Թբիլիսիի հայալեզու դպրոցներում

Տնօրենի ընտրությունները Թբիլիսիի հայալեզու դպրոցներում

Անցյալ շաբաթվա վերջում Թբիլիսիում երկու իրադարձություն կատարվեց, որոնք Թբիլիսիի հայության մասշտաբով լիովին կարող են համարվել նշանակալի և ուղենշային: Կատարվել է հետևյալը` № 104 միջնակարգ հայալեզու դպրոցում և №103 միջնակարգ դպրոցում, որտեղ չնայած բազում խնդիրների դեռևս գործում է հայկական «բաժինը», կայացել են տնօրենի ընտրություններ:
Տնօրենի ընտրությունները կատարվեցին 3 փուլով: Սկզբում Կրթության նախարարությունը անցկացրել է թեկնածու դառնալ ցանկացողների նախընտրական փուլ: Նախընտրական փուլը ներառում էր թեստավորում և հարցազրույց հատուկ հանձնաժողովի հետ: Հարկ է նշել, որ տնօրենի թեկնածու դառնալ ցանկացողների մեծ մասը դուրս մնաց հենց նախընտրական փուլում: Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ տնօրեն դառնալ ցանկացողը պետք է ոչ միայն պատրաստվի խրթին թեստավորմանը, այլև պետք է «համոզի, հուսադրի» նախարարությանը, որ հարմար տնօրեն կլինի: Միայն այս փուլն անցնելուց հետո ցանկացողը ստանում է թեկնածուի կարգավիճակ և ճանապարհվում դեպի դպրոց: Հաստատման:
Նախընտրական փուլն անցնելուց հետո թեկնածուներին սպասվում էր ևս երկու փուլ: Առաջին հերթին թեկնածուները ներկայացան դպրոցի Հոգաբարձուների Խորհրդին նախընտրական ծրագրով, որն իր մեջ ներառում էր տվյալ դպրոցի ապագա զարգացման և շահերի վերաբերյալ թեկնածուի տեսությունը: Վերջին փուլն իրենից ներկայացնում էր քվեարկության գործընթացը` ընտրությունները, որի ընթացքում Հոգաբարձուների Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ ընտրել է իր դպրոցի նոր ղեկավարին:
Կրթության նախարարության անցկացրած նախընտրական փուլից հետո թիվ 104 հայալեզու դպրոցում ներկայացվել է տնօրենի երկու թեկնածու` Արթուր Մուրադյանը (այս դպրոցի նախկին տնօրեն) և ոմն Մարինա Գիգաուրին: 103 դպրոց, որտեղ գործում է հայալեզու բաժին, ուղարկվել է ոչ այլընտրանքային թեկնածու Արչիլ Չխաիձեն:
Այստեղ իսկ հարկ է նշել, որ գործող տնօրեններից ոչ մեկը չկարողացավ մասնակցել անցկացվող ընտրություններին: Մի շարք հանգամանքներից ելնոլով` (ոչ Իրինա Ժամկոչյանը 104 հայալեզու դպրոցի գործող տնօրենը), ոչ Նանա Շենգելիձն (103 դպրոցի նախկին տնօրենը) չկարողացան հաղթահարել նախընտրական փուլը:
Բնականաբար, «Վրաստանի Հայ Համայնք»-ի համար Նանա Շենգելիձեի անհաջողությունը նախընտրական փուլում որևէ տխրություն չի հարուցում: Հենց Նանա Շենգելիձեի տնօրինության ժամանակահատվածում սկսվեցին վերջին տարիներին կատարված սկզբում Մետրոմշենի հայալեզու դպրոցի, իսկ հետո Շենգելիձեի «անձնուրաց աշխատանքի» շնորհիվ արդեն հայալեզու բաժնի դժբախտությունները: Հանուն արդարության, հարկ է նշել, որ դժվար թե անձամբ Նանա Շենգելիձեի նախաձեռնությունը լինեին 103 դպրոցում կատարված բոլոր իրադարձությունները: Իհրա´կե, ոչ: Բազում փաստեր հաստատում են, որ Մետրոմշենի հայալեզու դպրոցը Կրթության նախարարության քաղաքականության զոհ էր դարձել, իսկ Շենգելիձեն ընդամենը հավատարիմ զենք է եղել նրա ձեռքում: Ինչ ուզում է լինի, Նանա Շենգելիձեի «անձնուրաց աշխատանքի» շնորհիվ հայալեզու բաժինն ընկել է հոգևարքի մեջ, որից դուրս գալ հնարավոր է միայն դպրոցի տնօրինության և Համայնքի նեղ և նպատակասլաց համատեղ աշխատանքի արդյունքում: Անցյալ շաբաթվա կեսերին 103 դպրոցի նոր տնօրեն է ընտրվել Արչիլ Չխաիձեն:
Ինչ վերաբերում է 104 դպրոցի ընտրություններին, այստեղ իրադարձությունները զարգացան փոքր-ինչ այլ կերպ: Մինչդեռ, ևս այն սցենարով, ինչ ակնկալվում էր.
Սեպտեմբերի 4-ին դպրոցում կայացան տնօրենի պաշտոնի թեկնածուների նախընտրական ծրագրերի շնորհանդեսները, իսկ սեպտեմբերի 5-ին կայացան ընտրությունները, որի արդյունքում Հոգաբարձուների Խորհուրդը չընտրեց նախարարության ներկայացրած ոչ մի թեկնածուի:
Խմբագրությունը հետաքրքվել է Հոգաբարձուների Խորհրդի տվյալ որոշման պատճառների մասին և հնարավորություն է ստացել ծանոթանալ թեկնածուների նախընտրական ծրագրերին:
«Վերջին տարիների ընթացքում փակվել են մի քանի հայկական դպրոցներ: Հայկական հանրության մեջ այնպիսի կարծիք կա, որ դպրոցների փակումը արհեստականորեն է կատարվել և դրանում խառն է պետության և Կրթության նախարարության մատը: Մինչդեռ կա նաև սթափ մտածողների խումբ, որը իրատեսական է գնահատում ստեղծված իրավիճակը: Իսկ իրականությունն այսպիսին է. Թբիլիսիում, իսկապես, չկա հայկական կրթություն ստանալու պահանջարկ, իսկ եթե կա, ապա շատ աննշան: Հայկական կրթությունը համարվում է անհեռանկարային: Եվ դա հասկանալի է: Ցանկացած մարդ, ով ուզում է լինի` հայ, վրացի, թե մեկ այլ ազգի, առաջին հերթին նա հոգ է տանում իր երեխայի մասին: Ծնողները վախենում են, որ հետագայում երեխան կդժվարանա ընդունվել և սովորել վրացական բարձրագույն ուսումնական հաստատություն: Այդ իսկ պատճառով հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է վրացերեն սովորելու հարցը: Թիվ 104 դպրոցի կարևորագույն առաջնահերթություններից մեկը պետք է լինի վրաց լեզվի ուսուցումը», -ասված է թեկնածուներից մեկի նախընտրական ծրագրում:
«Թեկանծուներից որևէ մեկը չկարողացավ մեզ ներկայացնել ծրագիր, որը ուղղված կլիներ Թբիլիսի քաղաքի միակ լիարժեք հայալեզու դպրոցի զարգացմանն ու շահերին: Մի թեկնածուն հայտնել է Հոգաբարձուների Խորհուրդին, որ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի վրաց լեզվի ուսուցման ամրապնդումը, իսկ մեկ ուրիշը առաջարկեց շեշտադրությունը դնել ռուսերենի վրա: Մեր դպրոցում վրացերեն, այդպես էլ, ուսուցանում են խստացված կարգով: Դրա ապացույցն է, որ ամեն տարի մեր աշակերտները բարեհաջող կերպով ընդունվում են ԲՈՒՀ-եր, այն էլ անվճար տեղերում: Ինչ վերաբերում է ռուսերենին, չենք կարծում, որ այդ լեզվի ուսուցումը պետք է առաջնային լինի Վրաստանի հայալեզու պետական դպրոցում: Հենց այդ պատճառով էլ և տրամաբանորեն Հոգաբարձուների Խորհուրդը չի ընտրել թեկնածուներից որևէ մեկին: Մեզ պետք է տնօրեն, որը կկառուցի մեր դպրոցը: Կդարձնի այն ավելի գեղեցիկ և ուժեղ և ամենակարևորն է, որ կպահպանի նրա կարգավիճակը: Ներկայիս տնօրենը համապաստասխանում է այս պահանջներին: Մենք հույս ունենք, որ նախարարությունը նրան հնարավորություն կտա շարունակել իր սկսած գործը», -խմբագրության հետ զրույցում ասել է Հոգաբարձուների Խորհրդի անդամներից մեկը:
Դեռևս հայտնի չէ, թե ի՞նչ կորոշի նախարարությունը: Մինչդեռ կատարվածը հերթական անգամ հաստատում է, որ Թբիլիսիում հայալեզու կրթությանը վերջին ,գուցեև մահացու հարված հասցնել ցանկացողներ քիչ չեն:

Այս խորագրի վերջին նյութերը