Լրահոս

11.09.2009 18:06


Ըստ Վահան Շիրխանյանի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվող ցանկացած պայմանագիր պետք է հայելային սկզբունքով լինի

Ըստ Վահան Շիրխանյանի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվող ցանկացած պայմանագիր պետք է հայելային սկզբունքով լինի

-Եթե երկու երկրներ իրար հետ հարաբերություններ են ստեղծում, պայմանագիրը կնքվում է հայելային սկզբունքով՝ դու ինձ ես պայման դնում, ես՝ քեզ, և դրանք պետք է համարժեք լինեն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանը։

Նրա խոսքերով՝ եթե Թուրքիան նախաստորագրված արձանագրություններում պայման է դնում, որ ռուսական զորքերը դուրս գան, ապա մեր կողմից պայման պետք է լինի ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումը Թուրքիայի տարածքից։ Եթե Ղարաբաղից հայկական զորքերի դուրս գալու հարցն է դրվում, ապա մենք պետք է պահանջենք, որ Թուրքիան իր 40 000-անոց բանակը դուրս բերի Կիպրոսից։

-Բաց աչքերով է պետք նայել այս փաստաթղթերին։ Պետք չէ կուրանալ ոսկու փայլից, նավթի հոտից։ Ազգային մտածողություն ունեցող անհատների համախմբում է պետք։ Պետք է պարտադրել Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը, և դա նշանակում է Թուրքիայի քայքայում։ Բնականաբար, Թուրքիային քայքայելը ձեռնտու չէ Միացյալ Նահանգներին. չէ՞ որ Թուրքիան իրենց գործիքն է,-ասել է Վահան Շիրխանյանը։

Ըստ նրա՝ ամենացավալին այն է, որ ոչ հայանպաստ իրավիճակը գերտերությունները հենց հայերի ձեռքով են ստեղծում։

-Վաղը նրանք ասելու են՝ մենք ի՞նչ մեղք ունենք. ձեր իշխանությունը, պառլամենտը, ընդդիմությունն ու դիմությունը, բոլորը կողմ էին, դրա համար էլ այսպես եղավ։ Աստված տա՝ այդպես չլինի. ես հույս ունեմ,-նշել է ՊՆ նախկին փոխնախարարը։

 7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը