Լրահոս

14.09.2009 09:17


«Ժառանգության» նամակը' ՀՀ Ազգային անվտանգության խորհրդին

Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցության և համանուն խորհրդարանական խմբակցության անունից պաշտոնական գրություն են ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Դեռեւս ս.թ. սեպտեմբերի 3-ին «Ժառանգություն» կուսակցությունը հանդես էր եկել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների' 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությանն ու նախաստորագրված երկու արձանագրություններին նվիրված հայտարարությամբ: Ի թիվս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պետական-հասարակական-քաղաքական վերաբերմունքի ու տեսակետների վերհանմանն ուղղված եւ մեր կողմից նպատակահարմար համարվող 10 քայլերի, մենք նշել էինք այդ նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի հրավիրումը' դրան մասնակից դարձնելով նաեւ խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին և մասնագիտական շրջանակներին: Ի հաստատումն մեր այդ դիրքորոշման' «Ժառանգություն» կուսակցությունը և նույնանուն խորհրդարանական խմբակցությունը դիմում են Ձեզ' ՀՀ նախագահի եւ Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ միասին նախաձեռնել վերոնշյալ նիստը: Խնդիրը մամուլի ակումբներում, հեռուստառադիոեթերում կամ տպագիր մամուլում քննարկելուց զատ, կարեւոր է նախաստորագրված արձանագրությունների, առկա իրավիճակի ու դրա հետագա զարգացումների համալիր եւ համապարփակ վերլուծությունը պետական ինստիտուտներում»: «Ժառանգությունը» նաև տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորների եւ կուսակցության կողմից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին հղված նամակը պաշտոնական գրություն է, որը «ԱԺ կանոնակարգ օրենքի» 7-րդ հոդվածի բ) կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան: 

Այս խորագրի վերջին նյութերը