Հարցազրույց

14.09.2009 18:08


Վահրամ Սահակյան.

Վահրամ Սահակյան.

Հարցազրույց թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում ներկայումս ընթացող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

-Այն մարդիկ, ովքեր զբաղվում են և պետք է զբաղվեն այդ գործով, այդքան էլ պատրաստ չեն իրականացնել նմանօրինակ քաղաքական, դիվանագիտական հարաբերություններ։ Նրանք անպատրաստ են. դա՛ է առաջին տպավորությունը։ Լավ կլիներ, որ դա տպավորություն լիներ, բայց իրականությունն այդպես է։ Որքան էլ ցավալի է, մեր ժողովուրդը դիվանագիտական հարաբերություններում երբեք չի փայլել ու չի էլ փայլի, իսկ ինչ վերաբերում է կառավարությանը կամ թեկուզ ընդդիմությանը, բոլորին էլ հավասար կերպով կարելի է համարել անխոհեմ, չկայացած մարդիկ։ Բոլորն ունեն իրենց սեփական ամբիցիաները, ինչը հատուկ չէ քաղաքականությամբ և դիավանգիտությամբ զբաղվող մարդկանց։

-Անհրաժե՞շտ է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ։

-Պետք է այնպիսի հարաբերություններ հաստատել, որ ձեռնտու լինեն թե՛ հայերին, թե՛ հակառակ կողմին, որովհետև այսօր մենք պատրաստ չենք այնպես անել, որ 51%-ով ավելի լավ լինի մեզ համար, քան նրանց։ Մենք չենք կարող անել այն, ինչ որ Իսրայելն արեց. նրանք ունեն հավաքական ուժ։ Նրանք, եթե անգամ ունեն և ունեին ընդդիմություն, երբ հարցը կոնկրետ սահմաններին, պահանջներին և ազգայինին է վերաբերում, համախոհ են, և դա է ապացուցում 20 տարի առաջ տեղի ունեցած պատերազմը, որ բոլոր արաբական պետություններին նրանք հարված հասցրեցին՝ լինելով փոքրիկ պետություն։ Մենք դա չենք կարող անել. մենք ցաքուցրիվ ենք, մենք իրար ատում ենք, կիսված, պառակտված ենք, ինչպես միշտ։

-Ձեր կարծիքով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները կվավերացվե՞ն, և ե՞րբ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը։

-Ինձ թվում է՝ կհաստատվեն։ Իսկ սահմանների բացումը մեկ տարվա ընթացքում կամ գուցե ավելի շուտ կլինի։ Սակայն, եթե սահմանները բացվեն, ես դրա մեջ առանձնապես վատ բան չեմ տեսնում։ Այսպես թե այնպես, եթե հայերը ցանկանում են գնալ Թուրքիայում առևտուր անել, եղանակը գտել են։ Թող գնալ-գալ լինի. ի՞նչ կա այդտեղ։ Թուրքերի մասին չի կոնկրետ, բայց ինչքան շատ ուրիշ ժողովուրդներից մարդիկ գան այստեղ, թեկուզ տեղի ունենա ազգաձուլում, որը շատ վատ բան է համարվում, բայց ազգն այդպես թարմանում է։ Ես կարծում եմ, որ այսպես միօրինակ, միայնակ մենք հնանում ենք։ Մենք հին ժողովուրդ ենք, իսկ հին ժողովուրդը արյունը միշտ թարմացնելու կարիք ունի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը