Մեկնաբանություն

24.09.2014 13:50


Մետամորֆոզների ենթարկվելու գինը

Մետամորֆոզների ենթարկվելու գինը

Շատ որոշակի շրջանակներ զարմանալի մետամորֆոզների են ենթարկվել:

Խոսքը շա՜տ «անկախ» քաղաքագիտական-փորձագիտական-սոցիոլոգիական ու բլոգեր-վերլուծաբանների շրջանակների մասին է:

Հունիսին, երբ ոչիշխանական ուժերի «քառյակը» հրապարակեց իշխանությանը հասցեագրված 12 պահանջները, այդ կետերին մանրամասն ծանոթանալուց հետո սրանք հայտարարեցին, թե պահանջագրին պետք է հետեւեն հանրահավաքները, քանի որ նշված խնդիրները հրատապ լուծում են պահանջում:

Հիմա, երբ «եռյակը» հայտարարել է հանրահավաքի օրվա մասին, նույն այդ շրջանակները իրար հերթ չտալով՝ նշում են, թե՝ «Ոչ մի ակնկալիք չունենք այդ հանրահավաքից»:

Ու սկսում են անհեթեթ ինչ-որ բաներ ասել՝ փորձելով «հիմնավորել» հանրահավաքից սպասելիքներ չունենալու հանգամանքը:

Ախր, ամռանը սրանք «յալվար էին ընկել» ու դիմելով ոչիշխանական ուժերին՝ ասում էին, թե՝ շուտ արեք, ժողովրդին հանեք փողոց եւ լուծեք էս իշխանության հարցը:

Իսկ հիմա «գրաֆոմանի» պոզայով ամեն օր նստում են այս ու այն եթերում, հարցազրույցներ են տալիս այս ու այն լրատվամիջոցին ու ժամերով խոսում են «թեժ» աշնանից իրենց ակնկալիքների բացակայության մասին:

Մի մասն էլ նոր հարցադրում է առաջ քաշել՝ իսկ հոկտեմբերի 10-ին այդ ուժերը իշխանափոխության պահանջ ներկայացնելո՞ւ են, թե՞ ոչ: Այսինքն, եթե նման պահանջ դրվելու է, ապա կմասնակցեն հանրահավաքին, եթե ոչ, ուրեմն չեն մասնակցի:

Սրանք կարծում են, թե հանրահավաքին մասնակցությունը ռեստորան գնալ է նշանակում, ու նախապես ուզում են «մենյուն» ճշտել:

Եվ սրանք այն մարդիկ են, որոնք ամեն օր բոլոր հարթակներում շատախոսում են երկրում տիրող ծանր վիճակի մասին, իշխանության անգործության ու անկարողության, կոռուպցիայի, աղքատության ու արտագաղթի օրավուր մեծացող ծավալների մասին:

Իսկ ահա, երբ «եռյակը» կոնկրետ քայլեր է անում գարշահոտ ճահիճը տատանելու ուղղությամբ, էս շրջանակները սեփական կեցվածքով ու հայտարարություններով ապացուցում են, որ իրենց լա՜վ էլ ձեռնտու է գարշահոտ ճահիճը:

Նույն կերպ էլ իրենց դրսեւորում են սահմանադրական փոփոխությունների հարցում:

Սրանք, որ գարնանը գրում-վերլուծում ու մեկնաբանում էին սահմանադրական գործընթացը ու դիմելով իշխանություններին՝ համարյա գոռալով ասում էին, թե՝ «Եղբա՛յր, ի՞նչ իմաստ ունի փոխել Սահմանադրությունը, գործող Սահմանադրությամբ առաջնորդվե՛ք, մի՛ խախտեք Սահմանադրությունը. դա արդեն մեծ բան է», այսօր ոչ մի ծպտուն չեն հանում ու շրջանցում են այդ թեման:

Բերաններն ամուր կողպել են այնպես, կարծես նման գործընթացի մասին ոչինչ չեն լսել ու չգիտեն: Ոչ մի մեկնաբանություն այդ թեմայով:

Ախր, ամիսներ առաջ սրանք ակտիվորեն քննարկում ու իշխանություններին «սխալ էին հանում»՝ հայտարարելով, թե ոչինչ պետք չէ անել, իսկ եթե նրանք ուզում են ինչ-որ բան անել, ապա ուղղակի «Պետք է կիրառեն գործող Սահմանադրության դրույթները, եւ այդ պարագայում երկիրը դուրս կգա այս վիճակից»:

Հիմա ձկան պես լռում են:

Պարզ է, նման մետամորֆոզները գին ունեն, հենց այնպես չեն սրանք ակտիվ կեցվածքից անցնում պասիվ կեցվածքի կամ հանրահավաքից ավելի քան երկու շաբաթ առաջ սկսում խոսել, գուշակել ու բամբասել դրա մասին:

Թեպետ, մյուս կողմից էլ՝ վատ չէ, երբ մինչեւ հանրահավաքը նման «հակահանրահավաքային» բզզոց է լսվում:

Նույն եռանդով կարող են շարունակել. դա միայն մեծացնում է հանրային հետաքրքրությունը հանրահավաքի, նրա օրակարգի նկատմամբ՝ ավելի բորբոքելով ժողովրդի բացասական վերաբերմունքը իշխանությանների դեմ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը