Հարցազրույց

26.09.2014 12:33


Վահե Հովհաննիսյան. «Մենք խնդիրնե՛ր ունենք լուծելու»

Վահե Հովհաննիսյան. «Մենք խնդիրնե՛ր ունենք լուծելու»

«Zham.am-ի» զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը
- Ինչպե՞ս եք գնահատում երեկ կայացած՝ սպասվածից ավելի մարդաշատ հանրահավաքը:
- Ակնհայտ է մի բան` կա նման հանրահավաքների անհրաժեշտություն: Աբովյանը ցույց տվեց, որ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հասարակությունը կարիք ունեն նման հանդիպումների: Սա հնարավորություն է տալու՝ ճշգրտելու օրակարգը և ոչ իշխանական ուժերի պահանջները տրանսֆորմացնելու համաժողովրդական պահանջների: Տվյալ պահին սա լուծվելիք կարևոր խնդիրներից մեկն է:
- Հարթակում կան տարբեր ուժեր, որոնք երբեմն տարակարծիք են, հնարավո՞ր է արդյոք ձևավորել միասնական օրակարգ:
- Հրապարակում նույնպես տարբեր մտածողության և տարբեր պատկերացումների տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում: Մենք բոլորս, սակայն, ապրում ենք մի երկրում, որտեղ իրականությունն է նույնը: ԲՀԿ-ն կարևորում է ոչ իշխանական ուժերի ներկայացրած կետերի իրականացումը և ցավում է, որ իշխանությունները չգնացին եղած բավարար ժամանակում բանակցությունների միջոցով հարցերը կետ առ կետ քննարկելու և լուծումներ գտնելու ճանապարհով: Մյուսը, իհարկե, երկրի կառավարման մոդելի փոփոխության գաղափարն է: Սա տվյալ պահին վատ մշակված, հակասություններով լեցուն, քաղաքական և հասարակական կոնսենսուս չապահոված մի նախագիծ է, որն ունի բոլոր հնարավորութունները` քաղաքական ավանտյուրայի վերափոխվելու:
- Դուք շատ հանդարտ եք խոսում, իսկ հանրահավաքի ժամանակ հնչած որոշ ձևակերպումներ, կարծես թե, այնքան էլ չեն տեղավորվում էթիկայի սահմաններում:
- Եթե հանրահավաքի կազմակերպիչներն իրավացիորեն հայտարարում են, որ սա մի նոր, աննախադեպ շարժում է, ապա շատ կարևոր է չկրկնել նախորդ շարժումների սխալները: Բացառությամբ մեկ տհաճ միջադեպի, կարծում եմ, այլ խնդիրներ չկային: Գիտեք, հարթակից մարդուն հայհոյելը, անձնական վիրավորանքներ տալը հերոսություն չէ: Վստահ եմ, որ հարթակում կանգնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները հենց այդպես էլ մտածում են, այդպես է մտածում հասարակության գիտակից հատվածը: Մենք խնդիր չենք դրել՝ վիրավորել, հայհոյել: Ո՞րն է դրա իմաստը: Մենք լուրջ խնդիրներ ենք դնում: Մենք խնդիրնե՛ր ունենք լուծելու: Պետության և ժողովրդի առաջ ծառացած շատ կոնկրետ խնդիրներ:
Մենք առաջիկայում ուղղակի պարտավոր ենք գնալ սառը հաշվարկած քաղաքական օրակարգի և քաղաքական ձևակերպումների ճանապարհով:

Այս խորագրի վերջին նյութերը