Լրահոս

16.09.2009 09:18


Առաջին պաշտոնական այցը Մոսկվա

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրավերով, սեպտեմբերի 15-17-ը պաշտոնական այցով գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում:

Որպես ընտրված քաղաքապետ' սա Գագիկ Բեգլարյանի առաջին պաշտոնական այցն է:
Երևանի և Մոսկվայի քաղաքապետներ Գագիկ Բեգլարյանի և Յուրի Լուժկովի հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու կրթական, մշակութային, սոցիալական ապահովության, ներդրումային, քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման, մի քանի բնագավառներում երկկողմ կապերի զարգացման հարցերին:
Մոսկովյան այցի ընթացքում նախատեսված է նաև այցելություն Մոսկվայի հայկական եկեղեցի և Կրեմլի պալատ, բանակցություններ Մոսկվայի փոխքաղաքապետ Սերգեյ Բայդակովի հետ:
Երևանի քաղաքապետի մոսկովյան այցի առիթով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունենալու ընդունելություն, որին մասնակցելու են Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ' մտավորականներ, գործարարներ, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատված տնտեսական ու մշակութային կապերի դինամիկ զարգացման համատեքստում վերջին տարիներին առանձնակի տեղ են զբաղեցնում Մոսկվայի և Երևանի միջև հաստատված հարաբերությունները. գործընկերություն, որ հիմնված է փոխադարձ վստահության և ծրագրային համագործակցության վրա:
Մոսկվան և Երևանը նաև ակտիվ համագործակցում են Մայրաքաղաքների միջազգային ասամբլեայի և ԱՊՀ խոշոր քաղաքների շրջանակներում:
Մոսկովյան բանակցություններից հետո երկու մայրաքաղաքների քաղաքապետները մեկնելու են Ղազախստանի Ակտաու քաղաք, որտեղ մասնակցելու են Մայրաքաղաքների միջազգային ասամբլեայի համաժողովին:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ի երեկոյան վերադառնալու է Երևան:

Երևանի  քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը