Լրահոս

07.10.2014 12:46


Հայաստանը կմասնակցի խորհրդային և ռուսական կրկեսի 95-ամյակին

Հայաստանը կմասնակցի խորհրդային և ռուսական կրկեսի 95-ամյակին

Մոսկվայում նշելու են խորհրդային և ռուսական կրկեսի հիմնադրման 95-րդ տարեդարձը: Տոնական միջոցառումներին, որպես Պատվավոր հյուր հրավիրված է և կմասնակցի նաև Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Հոբելյանական միջոցառումների ծրագրում նախատեսված է կրկեսային արվեստի զարգացման խնդիրներին նվիրված խորհրդաժողով, որի շրջանակներում Սոս Պետրոսյանը կներկայացնի հայկական կրկեսի մասին իր թեզը, որտեղ նա անդրադառնում է հայկական ժամանակակից կրկեսային արվեստին և գեղարվեստական արժեքներին:

Խորհրդաժողովի Պատվավոր հյուրերը՝ տարբեր երկրների կրկեսային գործիչները նմանապես կհանդիպեն նաև Միխայիլ Ռումյանցևի («Կարանդաշ«) անվան կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանի սաների և դասախոսական կազմի հետ: Այս ուսումնարանում է 60-ականների կեսերին ուսանել նաև Սոս Պետրոսյանը: Եվ կազմակերպվելիք «վարպետության դասերի» շրջանակում Սոս Պետրոսյանն սկսնակ արտիստներին կպատմի իր անցած ուղու և կուտակած փորձի մասին:

Հոբելյանական Գալա-ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին՝ Ցվետնոյ բուլվարի Նիկուլինի անվան Մոսկովյան կրկեսում: Հեքիաթաշուք շոուն, ինչպես խոստանում են կազմակերպիչները, իր յուրահատկությամբ կտպավորի ինչպես շարքային հանդիսատեսներին, այնպես էլ՝ մանեժի անվանի վարպետներին: Գալա-ներկայացումը ներառելու է ամենատարբեր կրկեսային ժանրերի ներկայացուցիչների. հանդիսատեսին կցուցադրվեն տաչանկայով նժույգների վազք, օդային մարմնամարզիկների, էկվիլիբրիստների, ձեռնածուների և այլ արտիստների ելույթներ:

Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայության ղեկավար Նարինե Կիրակոսյան

Այս խորագրի վերջին նյութերը