Լրահոս

16.09.2009 18:06


Գյումրիում մեկնարկել է «Ագրո-Շիրակ Էքսպո 2009» ցուցահանդես-վաճառքը

Գյումրիում մեկնարկել է «Ագրո-Շիրակ Էքսպո 2009» ցուցահանդես-վաճառքը

Շիրակի մարզի 35 ձեռնարկություններ, անհատ արտադրողներ և ծառայություն մատուցողներ հերթական անգամ «Ագրո-Շիրակ Էքսպո 2009» ցուցահանդես-վաճառքի շրջանակներում  այսօր հավաքվել էին Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում՝ հետաքրքրվողներին ներկայացնելու իրենց արտադրանքն ու ունեցած հնարավորությունները:

«Ագրո-Շիրակ Էքսպո 2009» ցուցահանդես-վաճառքը Շիրակի մրցունակության կենտրոնի նախաձեռնած ամենամյա, թվով՝ 6-րդ միջոցառումն է Գյումրիում:

Միջոցառման կազմակերպիչը՝ «Շիրակի մրցունակության կենտրոնի» գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը նշել է. «Այս տարի ցուցահանդես-վաճառքն առանձնանում է նրանով, որ առաջին անգամ ներգրավվել են նաև ֆերմերային տնտեսությունները: Սա տրամաբանական է, քանզի Շիրակի մարզը գյուղատնտեսական մարզ է»:

Բացի մարզի արդյունաբերական, տեղեկատվական տեխնոլոգիաների և սպասարկման ոլորտի հնարավորությունները հանրությանը ներկայացնելուց՝ կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակիցները գործընկերային նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն կունենան։

Այդ նպատակով, ըստ Գայանե Ավագյանի, իրենք այս տարի ընդլայնել են «Շիրակ էսքպոյի» աշխարհագրությունը. «Այս տարի մենք որոշել ենք մասնակիներ հրավիրել Հայաստանի այլ մարզերից։ Այսօր ներկայացել են Լոռվա մարզից և Երևանից։ Այստեղ էին նաև Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված բիզնեսմենները եկան, նայեցին, ծանոթացան մեր հնարավորություներին, և հույս ունեմ, որ նրանց հետ ևս հետագայում հնարավոր կլինի փոխշահավետ համագործակցություն հաստատել»:

Իսկ ցուցահանդես-վաճառքի մասնակից Ամասիայի պանրի գործարանի իրացման բաժնի պետ  Հովհաննես Շաբոյանն ասել է. «Ես արդեն մի քանի տարի է՝ մասնակցում եմ։ Նախ՝ մեզ պետք չէ որևէ մեկի հետ հարաբերություններ հաստատել, հետո՝ այսքան ժամանակ նման առաջարկ չեմ էլ ստացել»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը