Քաղաքական

10.10.2014 19:32


Գագիկ Ծառուկյան. «Հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ՝ ձեր կողքին»

Գագիկ Ծառուկյան. «Հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ՝ ձեր կողքին»

Ազատության հրապարակում ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած համապետական հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

–Հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ՝ ձեր կողքին,–հայտարարել է նա՝ հավելելով,–ուզում եմ, որ դուք իմանաք՝ երբեք ու երբեք չի եղել, որ հանրությանը, ժողովրդին հայտարարություն անեմ և իմ հայտարարությունից հետ կանգնեմ։ Այսօր ինչ որ ձեզ ասում եմ, իմացե՛ք, որ մինչև վերջ ես կատարելու եմ։

Գ. Ծառուկյանը հայտնել է, որ այսօր հատուկ ելույթ չի ունենալու, այլ ուշադրությամբ լսելու է իր գործընկերներին, իսկ ինքը ելույթ կունանա արդեն հաջորդ հանրահավաքին, և այն բոլոր հարցերին, որոնց ժողովուրդը սպասում է, անդրադառնալու է։

–Այսօր կարող եմ մի բան ասել, որ անպայման մեր երկիրը, մեր ժողովուրդը ունենալու են մեծ հաջողություն, և այդ հաջողության սկիզբը դրվում է այսօր այստեղ, այս պահին։ Սիրելի՛ ժողովուրդ, հաջողությունը հենց այնպես չի տրվում, հաջողությունը ճանապարհ է, պայքար է, դժվար ճանապարհ, և այսօր ուզում եմ ձեզ հարցնել՝ դուք պատրա՞ստ եք այդ պայքարին այսօր,–Գ. Ծառուկյանի հարցին Ազատության հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիները միաձայն պատասխանել են՝ այո՜։

–Ուրեմն, ես հայտարարում եմ, որ ես նո՛ւյնպես պատրաստ եմ ձեզ հետ ձեր կողքին լինելուն։ Միայն թե մենք պետք է լինենք միասնական՝ ազգովի, պետք է գործենք շատ խելամիտ, հաշվարկված քայլերով, որ կարողանանք հասնել փոփոխությունների, և այդ դեպքում հաջողությունն ավելի շուտ կգա, քան մենք սպասում էինք։ Ամենակարևորը՝ իմացե՛ք, որ ես ձեզ հետ եմ. մյուս հանրահավաքին ես իմ ելույթը, իմ խոսքը կասեմ, որին դուք սպասում եք։ Աստված ձեզ պահապան,–ամփոփել է ԲՀԿ առաջնորդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը